Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի 19 բնակիչ դատի է տվել ՀՀ բնապահպանության նախարարին

Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի 19 բնակիչ դատի է տվել ՀՀ բնապահպանության նախարարին

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի 19 բնակիչ դատի է տվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Հացվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել նրան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց հայցվորների ներկայացուցիչ փաստաբան Նազելի Վարդանյանը, դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը, առաջին դատական նիստը նշանակված է 2019թ-ի փետրվարի 4-ին:

Հայցադիմումում ներկայացվել են Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր գործոններ, որոնք պետք է հիմք հանդիսանային այս ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը ուժը կորցնելու համար:

Որպես նոր գործոն հայցադիմումուն նշված են. «…Միջազգային չորս փորձագետներ փաստել են, որ Ամուլսարի ոսկու հանքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը կատարվել է թերի, չի գնահատվել թթվային դրենաժի առկայությունը և չեն նախատեսվել միջոցառումներ այն կանխելու համար:… փորձագետների եզրակացությունները նոր հանգամանք են, որի առկայության պայմաններում Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացությունը և նախարարի կողմից դրա հաստատումը չի կարող գործել և այն պետք է ուժը կորցրած ճանաչվի:

Նոր գործոններ են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի /ՀԱՊԽ/ Համապատասխանության հետաքննության 2017թ. հունիսի 19-ի զեկուցագրում նշված հանգամանքները: Մասնավորապես, նշված է, որ ՀԱՊԽ գտնում է, որ ՄՖԿ-ն երաշխիքներ չունի, որ.

• կարող են մեղմվել «ազդեցությունները, որոնք կարող են ազդել Ջերմուկի բրենդի վրա, որպես տուրիստական կենտրոնի — ինչպես օրինակ պայթյունների աղմուկը, տեսողական խանգարումները, և ավելի ընդհանուր ընկալումները, որոնք բխում են քաղաքին նախագծի մոտիկության հանգամանքից»:…

Բացի այդ,նշված է. «ՄՖԿ-ն դիտարկել է, որ 2013թ. հաճախորդի երկրախուզական գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել` ծայրահեղ վտանգված, Potentilla porphyrantha - մատնունի ծիրանավոր, բուսատեսակի պոպուլյացիայի 1-ին կարգի կրիտիկական բնակության միջավայրի համար»:

Հաջորդ նոր գործոնները ներկայացված են Վայրի բնության հիմնադրամի 2017 մայիսի 12-ի «Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ՇՄԱԳ-ում և դրա հավելվածներում ներկայացվող կենսաբազմազանության և կենսաբազմազանության փոխհատուցման վերաբերյալ» մասնագիտական կարծիքում: Մասնավորապես, նշված է. «Ամուլսարի ոսկու հանքի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ: Բացահանքի և դրան կից կառույցների շահագործումը հանգեցնելու է այդ տեսակների ապրելավայրերի կորուստի կամ առնվազն վատթարացմանը և անխուսափելիորեն կրճատելու է դրանց թվաքանակը», ինչը ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, «Կենսաբազմազանության մասին» և «Ֆլորայի ու ֆաունայի մասին» կոնվենցիաների կոպիտ խախտում է»:

Նազելի Վարդանյանը նշեց, որ այդ գործոնները չեն գնահատվել և կարող են բնակչության, այդ թվում և իր վստահորդների առողջությանը և շրջակա միջավայրին զգալի և անդառնալի վնաս պատճառել: Դրա համար նախքան դատարան դիմելը նա նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի նշված նախագծի վերաբերյալ 29.04.2016թ. տրված փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով: «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի 09.07.2018թ. հ. 5/32/51339 գրությամբ, որը ստացել եմ 13.07.2018թ., հայտնել են, որ իմ դիմումին հնարավոր կլինի պատասխանել 30-օրյա ժամկետում, այսինքն մինչև 04.08.2018թ.: Սակայն, ՀՀ բնապահպանության նախարարը դիմումին մինչև օրս չի պատասխանել»,- ասաց Նազելի Վարդանյանը:

19:08 Նոյեմբեր 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news