Սկսվում է ՀՀ վարչապետին ներկայացված Ամուլսարի ծրագրի աշխատանքային խմբի փորձագիտական գնահատականների հրապարակումը

Սկսվում է ՀՀ վարչապետին ներկայացված Ամուլսարի ծրագրի աշխատանքային խմբի փորձագիտական գնահատականների հրապարակումը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առընթեր աշխատանքային խումբը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ ներկայացրել է տարբեր փորձագետների 8 առանձին եզրակացություններ: ԷկոLուրը սկսում է հրապարակել տվյալ եզրակացությունների վերաբերյալ նյութերի շարք: Այս նյութում ներկայացված է Ամուլսարի ծրագրի իրականացման արդյունքում խախտված կամ խախտման ենթակա օրենսդրական դրույթների մասին: Եզրակացությունը ներկայացրել է աշխատանքային խմբի անդամ,«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը:

Եզրակացության մեջ առանձին դիտարկվել են Սևանա լճի և ջրերի վերաբերյալ, Ջերմուկ առողջարանի վերաբերյալ, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհների, պատմամշակութային արժեքների վերաբերյալ օրենսդրության խախտումները, «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթների խախտումները, ծրագրի իրավական կարգավորումները և ազդեցությունը Գնդեվազ, Գորայք, Կեչուտ, Սարավան գյուղերի վրա: Եզրակացությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Առանձին ներկայացված են մարդու իրավունքների խախտումները և միջազգային կոնվենցիաների խախտումները:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ եզրակացությունից:

Եզրակացություն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ

1. Ջրային և Սևանա լճի մասին օրենսդրության խախտումները
…Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.

… Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «1. Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են`
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

Նույն Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն. «1. Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սևանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել`
ա) ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
բ) սննդային շղթաներով փոխանցվող և բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
գ) Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր և ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
դ) Սևանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր.
ե) թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ»:

…Պատահական չէ, որ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը 2012թ. Ամուլսարի ծրագրին տվել է բացասական եզրակացություն:

…Չնայած նրան, որ նշված հանգամանքներից ոչ մեկը չեն վերացել, նույն հանձնաժողովը 29.02.2016թ. անհիմն և անօրինական տվել է դրական եզրակացություն:

…Խախտվել են նաև ՀՀ Ջրային օրենսգրքի մի շարք պահանջներ: ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության:

… Բացի այդ, ՀՀ Ջրային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն. «Ջրհավաք ավազաններում արգելվում է՝
2) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը»: Այն, որ ջրերը աղտոտվելու են անձրեվների, ձնհալի ազդեցության տակ բաց ապարների լվացման արդյունքում, հաստատում է նաև Ընկերությունը:

Ընկերությունը փորձաքննությանը` միտումնավոր կամ անփորձության պատճառով, ներկայացրել է թերի, կեղծ, ոչ արժանահավատ տվյալներ, մոլորության մեջ գցելով փորձաքննության մարմնին, ստացել է դրական եզրակացություն: Հետագայում, տարբեր մասնագետների և անկախ փորձագետների ուսումնասիրություններից և եզրակացություններից ի հայտ են եկել այնպիսի նոր գործոններ և հանգամանքներ, որոնք Ընկերությունը թաքցրել է կամ սխալ է ներկայացրել, ինչը էական ազդեցություն է ունեցել փորձաքննության արդյունքի վրա և բացասական ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Մասնավորապես,
Ընկերության կողմից ներկայացրած փաստաթղթերում բացակայում են իրականացվող գործունեության արդյունքում առաջացող թթվային դրենաժի իրական քանակը, վտանգավորությունը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վնասազերծման արդյունավետ մեխանիզմները: Համապատասխանաբար, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փորձաքննություն իրականացնելիս չի գնահատել թթվային դրենաժի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչը կարող էր էական նշանակություն ունենալ եզրակացության բովանդակության և որոշումների կայացման արդյունքների վրա: Փորձաքննություն իրականացնող մարմինը փորձում է ներկայացնել, որ փորձաքննությանը ներկայացվել է ապարների Թթվային դրենաժի կառավարման պլանը և այն նոր ի հայտ եկած հանգամանք չէ: Սակայն, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ փաստաթուղթը դեռ 2017թ. անգլերեն լեզվով է եղել և հայերեն թարգմանված չէր, հետևաբար, այն չէր կարող անգլերեն լեզվով ներկայացված լինել փորձաքննությանը և այն գնահատվել:

…24.07.2017թ.`դոկտոր Անդրեա Գերսոնի /«Բլու Մինիրալս Քնսալթընսի» Ավստրալիա/, դոկտոր Անն Մաեսթի /Բուկա Ինվայրնմեթալ Բոուլդեր Քո» ԱՄՆ և դոկտոր Անդրե Սոբոլևսկու /«Քլիեր Քոսթ Քոնսալթինգ, Ինք.» Կանադա/ կողմից կազմվել է Ամփոփագիր: Գնահատումը կատարվել է Ընկերության կողմից պատրաստված և ՀՀ բնապահպանության նախարարություն` փորձաքննության համար ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Միջազգային փորձագետները փաստել են. «Հայաստանում Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին:» Իսկ Ընկերությունը ներկայացրել էր, որ ազդեցությունը աննշան է լինելու:
… Փորձաքննության ընթացքում չի գնահատվել «մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակը», մասնավորապես, «որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել, նիտրատ, սելեն, արծաթ, յուղ և ճարպ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ»:

… Փորձագետներ` Անն Մաեսթը և Անդրե Սոբոլևսկին 2018թ. հունիսի 18-23 գտնվել են Հայաստանում`հանդիպել են ՀՀ կառավարության պաշտոնյաների, Ընկերության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել Ամուլսար, ինչից հետո փորձագետների մտավախությունները թթվային դրենաժի վտանգների վերաբերյալ, ոչ միայն չեն վերացել, այլ ավելի խորացել են: Փորձագետները` իրենց ասուլիսի /http://hetq.am/arm/news/90610/bronozyani-khorhrdatuneri-haytararutyuny.html/ ժամանակ նշել են. «Մենք շարունակում ենք պնդել մեր համոզմունքը, որ Ամուլսարի նախագիծը ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ: Թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը»:

… ՀՀ Կառավարության 18.07.2013թ. N 746-Ն որոշմամբ հաստատված «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի» 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն. «Սպանդարյան ջրամբարի բնապահպանական վիճակը ներկայումս զերծ է բացասական ազդեցություններից, այնուհանդերձ հետագայում ևս աղտոտման վտանգը կանխելու միտումով ջրամբարի՝ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել են Սպանդարյան ջրամբարի ջրհավաքի սահմանները (մինչև ջրամբարի վերջը), ինչպես նաև Որոտան-Սևան թունելի առանցքից 3000-ական մետր հորիզոնական չափով շերտագիծը՝ որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու մաս…

… Սակայն, նշված որոշման այդ դրույթը խախտվել է Ընկերության կողմից, քանի որ հանքախորշների զգալի մասը ներառված է 3000մ շերտագծի /բուֆերային գոտու/ մեջ, ինչը լուրջ աղտոտման վտանգ է Սևանա լճի համար:

2. Ջերմուկ առողջարանի մասին օրենսդրության խախտումները

Նախկին փորձաքննությունների ժամանակ Ջերմուկը չի հանդիսացել ազդակիր համայնք, լինելով եզակի հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով հայտնի առողջարանային և ջրաբուժական քաղաք, զբոսաշրջության կենտրոն և ջրաբանական պետական արգելավայր: Մինչև 2016 թվականը բազմաթիվ քննարկումների ժամանակ Ընկերության ներկայացուցիչները հիմնավորում էին, որ Ջերմուկ քաղաքը գտնվում է հանքավայրից հեռու և որևէ ազդեցության չի ենթարկվելու: Այժմ բոլոր փաստաթղթերում նշված է Ջերմուկ քաղաքը, և այն համարվել է ազդակիր, չնայած որևէ լուրջ ուսումնասիրություն չի արվել Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների, օդի և ջրերի մաքրության վրա հանքավայրի ազդեցության վերաբերյալ: Այս պարագայում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք է և նախկին փորձաքննությունների ժամանակ չի ճանաչվել այդպիսին և հանրային քննարկումներ այնտեղ չեն իրականացվել, հետևաբար, բոլոր փորձաքննական եզրակացությունները անօրինական են, քանի որ դրանք կատարվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի Կոնվենցիայի պահանջների խախտումով: Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանության գոտիներում արգելվում է պայթեցումներ կատարել, ծավալել շրջակա միջավայրը աղտոտող ցանկացած տնտեսական գործունեություն:

… Ստորգետնյա ջրային ավազանը նույնպես բացասական ազդեցություն կկրի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների և Սևանա լճի ջրհավաք ավազանի վրա:

…2016 թվականին, դարձնելով Ջերմուկ քաղաքը ազդակիր համայնք, այնպես է արվել, որպեսզի բաց հանրային քննարկումներ տեղի չունենան, համոզված լինելով, որ Ջերմուկի բնակիչները դեմ են հանքավայրի գործարկմանը, քանի որ նրանց ապրուստի միակ աղբյուրն է տարվա մեջ 2-3 ամիս իրենց բնակարանները հանգստացողներին վարձակալությամբ հանձնելը, դեղաբույսերի վաճառքը և բնակչությունը հիմնականում աշխատում է առողջարաններում և հանքային ջրի գործարաններում, իսկ հանքի առկայության դեպքում Ջերմուկ հանգստանալու և բուժվելու մեկնողների թիվը կտրուկ կնվազի, ինչը անմիջապես կազդի 5000 բնակիչ ունեցող քաղաքի բնակիչների կենսամակարդակի վրա: Արդեն երկու առողջարան փակվել է /տրվել են վարձակալությամբ Ընկերությանը/ և 100-ից ավել Ջերմուկի բնակիչներ դարձել են գործազուրկ: Հանգստացողների համար պակասել են մահճակալների թիվը, հետևաբար, ավելի քիչ հանգստացող կայցելի Ձերմուկ, համապատախանաբար կնվազեն սպասարկող և մատակարար ընկերությունների ու ֆերմերների եկամուտները:

… Հանքի գործարկումը Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին, որոնք պետք է հաշվի առնվեր ՀՀ բնապահպանության փորձագետների կողմից և տրվեր փորձագիտական բացասական եզրակացություն: Այսպես, ՀՀ Հողային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «2. Բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների տարածքներում բնակչության հիվանդությունների կանխարգելման ու բուժման կազմակերպման համար բարենպաստ սանիտարական և բնապահպան պահանջներն ապահովելու նպատակով օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիներ:» Ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն. «Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
1) պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ. /առկա են Ջերմուկի հանքային ջրերը, իմ խմբագրությունը/
2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում. /գտնվում է Ջերմուկ ջրաբանական արգելավայրի տարածում, ինչը բնական հատուկ պահպանվող տարածք է, իմ խմբագրությունը/
3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող վայրերի հարևանությամբ.
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման և ձմեռման վայր.
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:

…Այսպիսով, հանքարդյունահանումը Ամուլսարի ոսկու հանքում և «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումն ու տուրիզմի զարգացումը անհամատեղելի ծրագրեր են:

3. Գնդեվազ, Կեչուտ, Գորհայք և Սարավան համայնքների վրա ազդեցությունը և իրավական կարգավորումները

… Ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ` 2016թ. հատված ծիրանի այգիների տարածքում…

… Միայն Գնդեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղ մթերքի արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետևաբար, բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից: Փաստորեն, միայն Գնդեվազում շուրջ1370 /274x5=1370/ մարդ կզրկվի իր ապրուստի միջոցից, կմնա առանց աշխատանք:

…Համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի և գարշահոտության ազդեցություն: Իրականում այդ ազդեցությունը արդեն առկա է:
…Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումներ: Աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում պարզվեց, որ Ընկերությունը չունի արտանետումների թույլտվություն և չի կատարում համապատասխան վճարումներ, ինչը պետք է արվեր շինարարական աշխատանքներ սկսելուց հետո 7-րդ օրից սկսած:

Անհրաժեշտ է նշել, որ դեռ շինարարության փուլում ընկերությունը 3 անգամ վնասել է Գնդեվազ գյուղի խմելու ջրի խողովակը, գարնանային վարարումների ժամանակ արդեն իսկ մերկացրած լեռնալանջերից եղել է ուժեղ էրոզիա և ցեխաջրերը լցվել են գնդեվազցիների արոտավայրեր ու հողահանդակներ։ Բացի այդ կույտային տարրալվացման հարթակի տարածքից արտահոսած ցեխաջրերը լցվել են Արփա գետը՝ աղտոտելով այն և վնասելով գործող ձկնաբուծարանին։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի /ՀԱՊԽ/ Համապատասխանության հետաքննության 19.06.2017թ. զեկուցագրում նշված հանգամանքները: Մասնավորապես, նշված է, որ ՀԱՊԽ գտնում է, որ ՄՖԿ-ն երաշխիքներ չունի, որ. «նախագծի ազդեցությունները Գնդեվազի համայնքի վրա ենթարկվել են ինտեգրված գնահատման, որը դիտարկել է «բոլոր կապակցված Բ&Ս ռիսկերը և ազդեցությունները», ինչպես պահանջվում է Կատարողական Չափանիշ 1-ով:» Այդպիսի գնահատում չի կատարվել նաև Կեչուտ, Գորհայք և Սարավան համայնքների համար:

4. Ընդերքի մասին օրենսդրության խախտումները

…Ընկերությունը օգտագործելու է ոսկու կորզման ցիանիդային եղանակ, տարեկան 1000 տոննա /10 տարում` 10000 տոննա/ ցիանիդ է ներկրվելու Հայաստան, սակայն չեն ներկայացվել ցիանիդի ձեռք բերման, տեղափոխման, պահեստավորման հետ կապված ռիսկերից խուսափելու պլանը: ՇՄԱԳ-ում չկա տարալվացման հարթակում գոլորշացման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտման և այն կանխելու միջոցառումների մասին գնահատումներ:

5. Բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտումները

…Նախկինում բոլոր քննարկումների ընթացքում «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին հասարակության և մասնագետների այն փաստարկները, որ հանքավայրի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Սակայն, 2016թ. ներկայացրած ՇՄԱԳ-ում և ԲՍԱԳ-ում հստակ նշված է. «Կարճաժամկետ հեռանկարում, Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մ ա տ ն ո ւ ն ի ծ ի ր ա ն ա վ որ բուսատեսակի կորստին», որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում…

… Ո՞վ պետք է պատասխան տա և ինչպե՞ս պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե նշված բույսը չհարմարվի ջերմոցային պայմաններին և ոչնչանա:

Այս գործողությամբ խախտվել է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, համաձայն որի . «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

6. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության խախտումները

… Ընկերությունը ընդունում է, որ «Ծրագիրը կհանգեցնի բնական բուսականության կորստի, այդ թվում՝ ինչպես Մատնունի ծիրանավորի, այնպես էլ Կովկասյան գորշ արջի կենսամիջավայրերի կորստի, որոնք միջազգային ստանդարտների համաձայն համարվում են կրիտիկակական կենսամիջավայրեր: Հանքարդյունահանման հետ կապված աղմուկի և փոշու նստվածքագոյացման և կենդանիների տեղաշարժի խոչընդոտման արդյունքում նաև կենսամիջավայրերի որակի վատթարացում տեղի կունենա:» Բացի այդ ընկերությունը հաստատում է այն փաստը, որ «ակնհայտ է, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական և լիակատար վերակագնումը հնարավոր չէ»:

…Ջրային օրենսգրքի 104-րդ հադվածի համաձայն. «Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման և ձմեռման վայր.
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանող հորատանցքերի և ջրհորների կառուցումը:»

7. Պատմամշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրության խախտումները

…ԲՍԱԳ-ում նշված է. «ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են 81 հավանական հնագիտական տարածքներ, որոնք ամենայն հավանականությամբ, Ծրագրի գործողություններից ազդեցություն կկրեն, չնայած դրանցից ոչ մեկը, ըստ հայաստանյան և միջազգային փորձագետների, մեծ կարևորություն չի ներկայացնում»:


…Ընկերության մասնագետների հայտարարությամբ, այդ տարածքներում ԳԱԱ Հնագիտության ազգային և ազգագրության ինստիտուտի կողմից պեղումներ են արվել և շատ արժեքավոր իրեր են գտել, սակայն տարածքը չի վերցվել պետական պահպանության տակ և այն ոչնչացվելու վտանգի տակ է:

8. Քաղաքաշինության մասին օրենսդրության խախտումները
…«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն. «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`
բ) Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.
9. դ) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում»:

9. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փո ցֆրձաքննության մասին» և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների խախտումներ

• «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

…Ամուլսարի ծրագրի սանիտարահիգիենիկ փորձաքննություն չի անցկացվել:

10. Մարդու իրավունքների խախտումներ

Խախտվել են մարդու բնական` առողջ շրջակա միջավայրում ապրելու և հիմնարար` սեփականության, տեղեկատվության, որոշումների ընդունմանը մասնակցության, արդարադատության մատչելիության և այլ իրավունքները: Եզրակացության ծավալի սահմանափակության պատճառով նշվում են դրանցից մի քանիսը:
• ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

• «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «Քաղաքացիներն ունեն` 1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.»
• «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի ձոձոխված 11-րդ Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք»:

11. Միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի խախտումները
• Օրհուսի Կոնվենցիա
Օրհուսի կոնվենցիայով սահմանված է երեք հիմնարար իրավունք`
- տեղեկատվության մատչելիության,
- բնապահպանական որոշումներին հասարակության մասնակցության
- արդարադատության մատչելոիւթյան:
Տվյալ դեպքում այդ երեք իրավունքներն էլ կոպտորեն խախտվել են:
• Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա
• «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» /Բեռն/
• «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիա /Էսպո/
• «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա
• Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիա
• «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիա»
• Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա
• «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի Կոնվենցիա

12. Կոռուպցիայի տարրեր պարունակող հանգամանքներ և հարցեր

Ամփոփելով, սույն վերլուծությունը, ակամա առաջացել են հետևյալ հարցերը և մտավախությունները, որոնց պատասխանները ստանալու դեպքում միայն պարզ կլինի իրական պատկերը.

• Ինչպե՞ս են տարբեր փորձագետներ տարիներ շարունակ տվել փորձագիտական դրական եզրակացություններ վերը նշված օրենսդրական արգելքների առկայության պարագայում և ինչպե՞ս են այդ անհիմն ու անօրինական եզրակացությունները հաստատվել տարբեր նախարարների կողմից: Ո՞վ է տվել իրենց այդ հանձնարարությունը:

• Ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը 29.02.2016թ. տվել դրական եզրակացություն: Անհրաժեշտ է պարզել ինչու՞ հանձնաժողովը չի անդրադարձել իր` 2012թ. որոշմանը, ովքե՞ր են հանձնաժողովի անդամներից մասնակցել նիստին, ի՞նչ կարծիքներ են եղել:

• Ինչպե՞ս է հանքարդյունահության ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող Ընկերությունը թուլտվություններ ստացել:

• Ինչու՞ Ընկերությունը փորձաքննության է ներկայացրել թերի, կեղծ, ոչ արժանահավատ տվյալներ:

• Ինչու՞ Ընկերությունը, ունենալով 2009թ. փորձագիտական դրական եզրակացություն և հանքարդյունահանման թույլտվություն չի սկսել հանքավայրի շինարարական աշխատանքները և տարբեր պայմանագրերով ժամկետները փոփոխվել են, հարմարեցնելով Ընկերության նախապատվություններին: Հնարավո՞ր է արդյոք, որ Ընկերությունը իրականում մտադրություն չունի հանքարդյունահանմամբ զբաղվի:

• Ինչու՞ Ընկերությունը, չսկսելով շինարարական աշխատանքները, մի քանի անգամ փոփոխություն է արել նախագծում` ավելացնելով տարածքներ և պաշարներ և ստացել է համապատասխան թույլտվություններ: Արդյունքում, պետությունը կրել է վնասներ, քանի որ սահմանված ժամկետում հանքարդյունահանություն չի սկսվել և պետական բյուջե հարկեր չեն վճարվել:

• Ինչու՞ Ջերմուկ ու Կեչուտ համայնքները չեն ճանաչվել ազդակիր համայնքներ:

• Ինչու՞ Ջերմուկ ու Կեչուտ համայնքներում հանրային լսումներ չեն անցկացվել և ինչպե՞ս է այդ պարագայում 2016թ. տրվել փորձաքննական դրական եզրակացություն:

• Ինչու՞ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մյուս համայնքները, որոնք օգտվում եմ այդ ջրհավաք ավազանի ջրերից չեն ճանաչվել ազդակիր համայնքներ, երբ 2016թ. պարզ է եղել, որ առկա է թթվային դրենաժի և ջրերի աղտոտման ռիսկ:

• Ինչու՞ է ՀՀ Կառավարությունը 31.06.14թ. հ.781-Ն որոշմամբ հաստատել «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգը /այսուհետ` Կարգ/, որի դրույթները ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների դրույթներին /տես` սույն Եզրակացության 5-րդ կետը/: Ըստ էության, հատուկ նախատեսված է եղել այս Ամուլսարի տարածքում գտնվող Մատնունի ծիրանավոր բույսի տեղափոխման համար, քանի որ 2014թ. ի վեր բացի այս դեպքից, այլ թույլտվություն տրված չի եղել և ժամանակագրական առումով համընկնում է այդ տարածքում Մատնունի ծիրանավորի հայտնաբերման հետ:

• Ինչու՞ պաշարներ հաստատելիս չեն նշվել ուղեկցող նյութերը և թաքցվել են ուրանի, թորիումի, կապարի, ցինկի, երկաթի, ալյումիտի, յարոզիտի, մկնդեղի և այլ տարրերի առկայությունը հանքաքարում, այն դեպքում, որ երկրաբանական ֆոնդում առկա են Գրոմովի Էսպեդիցիայի 1954թ. տվյալները և Ա.Քոչարյանի 1969թ. դոկտորական աշխատությունները:

• Ի՞նչ հիմքով է Ջերմուկի երկրորդային քվարցիտների հանքավայրը 2006թ-ին ուսումնասիրման լիցենզիայի սահմաններում տրամադրվել «Գեոթիմ» Ընկերությանը և նրանցում ոսկու պաշարներ հաստատելիս արդյո՞ք երկրորդային քվարցիտները դադարում են օգտակար հանածո լինելուց:

• Ինչու՞ Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը` իր 01.09.14թ. հ.22-8/100 գրության մեջ, նշելով, որ տարածքում առկա են էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված բույսեր, 14.10.2014 22-8/121 գրությամբ ընդունում է Ընկերության պարզաբանումները և չի նշում, որ այդ տարածքում արգելվում է որևէ տեսակի գործունեության իրականացումը, այդ թվում հանքարդյունահանությունը:

• Ինչու՞ նախարարություններն ու գերատեսչությունները չեն ներկայացրել առարկություններ և առաջարկներ /ըստ ոլորտների/:

• Ինչու՞ պատմամշակութային օբյեկտները չեն վերցվել պետական հսկողության ու պաշտպանության տակ և չի արգելվել տնտեսական գործունեությունը այդ տարածքներում:

• Ինչու՞ ՀՀ կառավարության 10.03.15 N 244-Ն որոշմամբ փոփոխություն է մտցվել ՀՀ Կառավարության 21.01.10թ. N 51-Ն որոշման մեջ և ավելացվել է բացահանքային ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունը, մինչև 100%: Ի՞նչ կապ ունի այդ փոփոխությունը Ընկերության ճանապարհների կառուցման հետ /խոսքը գնում է Ընկերության կողմից 100մլն դոլար տնտեսելու մասին/:

• Ինչու՞ Քաղաքաշինության պետական տեսչությունը ստուգումներ չի կատարել Ընկերությունում:

• Ինչու՞ չեն կատարվել տնտեսագիտական վերլուծություններ` տնտեսական և բնապահպանական կորուստների և օգուտների /կարճաժամկետ և երկարաժամկետ/, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի, աղքատության աճի և այլ սոցիալական, բնապահպանական ու տնտեսական ռիսկերի վերաբերյալ: Ի վերջո, երկրի համար ներդրումներ ունենալը պետք է ինքնանպատակ չլինի, այլ դրանք պետք է լինեն անվտանգ` էկոլոգիական, ազգային և սննդային անվտանգության, մարդկանց առողջության տեսանկյունով և պետության համար շահավետ:

• Ինչու՞ չի անցկացվել պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն /տես` սույն Եզրակացության 9-րդ կետ/: Անհրաժեշտ է անցկացնել պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն:

• Ի՞նչ նպատակով և ու՞մ են տրվել Ծրագրի սոցիալական բաղադրիչով գումարները, որքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել /արդյոք տրվել են միայն ազդակիր համայնքներին, արդյո՞ք չեն տրվել այդ գումարները փոխկապակցված անձանց կամ որոշումներ ընդունող անձանց, կամ պետության կողմից ֆինանսավորող ծրագրերի համար և այլն/:

• Արդյո՞ք հողերի գնման գործընթացում չեն կիրառվել կոռուպցիոն մեխանիզմներ։

• Արդո՞ք արդար է ձեռք բերվել Գնդեվազի բնակիչներից հողերը և հավասար պայմաններով են փոխհատուցել:

• Արդո՞ք ծրագրի տարածքում գտնվող բոլոր հողերի կատեգորիաները փոխվել են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

• Ինչու՞ է ՀՀ Կառավարության 20.04.2017թ. N 417-Ա «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշմամբ արտոնություններ տրվել այն ապրանքների համար, որոնք Ընկերության գործունեության /հանքարդյունահանում/ հետ կապ չունեն: Մասնավորապես. հ.1 Հավելվածում նշված են` իտալական դռներ /2685 հատ/, պատուհաններ /1500 հատ/, դռների և պատուհանների համար ֆուրնիտուրա /500հատ+2,448 հատ Չեխական/, ջահեր և այլ էլեկտրական լուսավորման սարքավորումներ` կախովի կամ պատի /12500 հատ, սալիկներ՝ գիպսից, առաստաղի /9500հատ/, լվացարանակոնքեր, լվացարաններ, լոգարաններ, բիդեներ, զուգարանակոնքեր /293 հատ/, ընդամենը`27 677 784 604 ՀՀ դրամ արժողությամբ:

• Արդո՞ք Ընկերությունը կանոնավոր վճարում է հարկերը և այլ պետական վճարումները:
• Արդո՞ք Ընկերությունը ունի բոլոր անհրաժեշտ թուլտվությունները գործունեություն իրականացնելու համար /օր. ջրի, կեղտաջրերի հեռացման, արտանետումների և այլն/

Եզրակացություն

Հաշվի առնելով, վերը նշված փաստերը և հանգամանքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումները, որոնք զգալի և անդառնալի վնաս կարող են հասցնել բնակչության առողջության, շրջակա միջավայրին և ազգային անվտանգությանը` գտնում եմ, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը անթույլատրելի է: Օրենքի խախտմամբ տրված բոլոր թույլտվությունները և փորձաքննական եզրակացությունները պետք է ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվեն:

Աշխատանքային խմբի անդամ,
Էկոլոգ-իրավաբան` Նազելի Վարդանյան

26.08.2016թ.

Հոկտեմբեր 17, 2018 at 19:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր