ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, հանքավայրի տարածքում հայտնաբերվել են կարմիրգրքյան բազմաթիվ տեսակներ: Այս եզրակացությունը Բնության համաշխահային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանինն է, որը նշված է նրա` «Հայաստանի Հանրապետությունում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը ծրագրի ՇՄԱԳ-ում և դրա հավելվածներում ներկայացվող կենսաբազմազանության, նրա պահպանման և կենսաբազմազանության փոխհատուցման վերաբերյալ» մասնագիտական կարծիքում: Այս կարծիքը մեկն է ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առընթեր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խմբի փորձագետների 8 առանձին կարծիքներից, որոնք ուղարկվել են ՀՀ կառավարություն:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն կ.գ.թ. Կարեն Մանվելյանի մասնագիտական կարծիքում մասնավորապես նշված է.
«…Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս և հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Հանքավայրը գտնվում է կենսաբազմազանության կարևոր տարածքներից մեկում, որը ուրվագծվել է Հայաստանի Հանրապետության առաջատար բուսաբանների և կենդանաբանների կողմից:
Հիմք ընդունելով վերոնշվածը, ի հայտ է գալիս, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի տարածքը կենաբազմազանության առումով ունի մեծ նշանակություն և հանքի շահագործման դեպքում նախատեսված միջոցառումները պետք է մաքսիմալ նվազեցնեն բուսական և կենդանական տեսակների և նրանց ապրելավայրերի կորուստը:
… կարելի է եզրահանգել, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից բավականին մանրակրկիտ ուսումնասիրվել է տարածքի կենսաբազմազանությունը, առաջարկվել են միջոցառումներ տարածքում աճող Մատնունի ծիրանավոր և բնակվող Գորշ արջի պահպանման համար, ինչպես նաև տարածքի կենսաբազմազանության կորստի փոխհատուցման ծրագիր: Չնայած դրան մեր կողմից հայտնաբերվել են ու վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ կապված կենսաբազմազանության ուսումնասիրության, պահպանության և փոխհատուցման հետ, որոնք ներկայացնում եմ ստորև:
Կենսաբազմազանության ուսումնասիրություն
…ՇՄԱԳ-ի 220 էջում նշվում է, որ 2012 թ.-ին Ամուլսարի գագաթային գոտու ժայռերում գրանցվել է ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) նոր ենթապոպուլյացիա ու չի ասվում, թե ում կողմից է այն հայտաբերվել: Իսկ իրականում այդ ենթապոպուլյացիան առաջին անգամ հայտանբերվել է բույսերի կարգաբաններ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ Պավել Համբարյանի և Անուշ Ներսեսյանի կողմից՝ հայտնի բուսաբան, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի ղեկավարությամբ, երբ 2012 թ.-ին WWF-ը կազմակերպեց արշավ դեպի Ամուլսար և հարակից տարածք՝ դաշտային ուսումնասիրություններ իրականեցնելու նպատակով: Այդ արշավին նաև մասնակցում էին WWF-ի աշխատակիցներ՝ սողունների և կաթնասունների մասնագետ Ալեքսանդր Մալխասյանը և թռչնաբան Վասիլ Անանյանը, որոնք տարածքում իրականցված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերեցին ՀՀ կարմիր գրքում գրանցված սողունների երեք տեսակ, թռչունների 15 տեսակ և կաթնասունների երկու տեսակ: Պետք է նշեմ, որ մինչ այդ փաստը՝ ընկերությունը հերքում էր ՀՀ կարմիր գրքում գրանցված որևէ տեսակի առկայությունը Ամուլսարի տարածքում: Կարմիր գրքի տեսակների հայտնաբերվելուց հետո, WWF-ը կազմակերպեց մամլո ասուլիս Էկոլուր ՀԿ ակումբում և հրատարակեց ստացված արդյունքները: Այդ ասուլիսի նկարահանումը առկա է հետևյալ կայքում՝ http://ecolur.org/hy/news/mining/redlisted-species-in-amulsar-territory-revealed/4886/
Նույն ՇՄԱԳ-ի 220 էջում նշվում է, որ «ՀՀ Բույսերի Կարմիր գրքի և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հերբարիումի (ERE) տվյալներով՝ Գնդեվազ գյուղի շրջակայքում պետք է հանդիպեին Acantholimon caryophyllaceum և Cicer anatolicum բուսատեսակները, որոնց հավաքները իրականացվել են շատ վաղուց և, բնականաբար, հստակ կոորդինատները բացակայում են, սակայն հատուկ դաշտային դիտարկումներով այս տեսակները չեն գտնվել»:
Այս երկու բույսերի տեսակների մասին նշվում է նաև ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության՝ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ կարծիքում, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «արժանահավատ չէ այն փաստը, որ ուսումնասիրությունների ժամանակ Գնդեվազ համայնքի տարածքում և նրա շրջակայքում չեն հայտնաբերվել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված՝ Cicer anatolicum Alef. և Acantholimon caryophyllaceum Boiss. տեսակները: Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ վերոնշյալ տեսակները հայտանբերելու ուղղությամբ»:
Այս ամենը նշվում է այն իսկ պատճառով, որ վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այցի ժամանակ բուսաբան Անուշ Ներսեսյանի կողմից հայտնաբերվեց ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված ամենայն հավանակությամբ Ոզնաթուփ մեխակի (VU) /Acantholimon caryophyllaceum/, իսկ կենդանաբաններ Վասիլ Անանյանի և Ալեքսանդր Մալխասյանի կողմից հայտնաբերվեց ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված Ապոլոն թիթեռը (Parnassius apollo kashtshenkoi Sheljuzhko, VU):
Ինչպես և 2014 թ-ին, այս անգամ էլ Լիդիանի որոշ աշխատակիցների կողմից սկսվեցին ժխտումներ այդ տեսակների առկայության վերաբերյալ և դրա հետ մեկտեղ, հնչեցին վիրավորանքներ այցը կատարած մասնագետների հասցեին (տես նյութերը այստեղ՝ https://www.facebook.com/Yerkirmedia/videos/2206342042946963/; https://www.facebook.com/lydianarmenia/posts/530995240678056?__tn__=K-R):
Այս ամենը խոսում է այն մասին, որ ընկերությունը չի ընդունում այլ մասնագիտական կարծիք, որը պատիվ չի բերում միջազգային ստանդարտներով աշխատող կազմակերպությանը, որի ինստիտուցիոնալ բաժնետերերի շարքում են IFC-ն և ՎԶԵԲ-ը:
Ոզնաթուփի տեսակի վերջնական ճշգրտման համար անհրաժեշտ է լրացուցիչ այցելություն Ամուլսարի տարածք և եթե ընկերությունը չի առարկի, կարելի է կազմակերպել բուսաբանների և ընկերության մասնագետների հետ համատեղ արշավ, տեսակը վերջնական որոշելու նպատակով:
… կենսաբազմազանության ուսումնասիրություններում ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ:
Երկկենցաղներից՝ սխտորագորտը (Pelobates syriacus VU), սողուններից` Անդրկովկասյան սահնօձը (Zamenis hohenackeri) և անողնաշար կենդնաիներից ապոլոն թիթեռը (Parnassius apollo kashtshenkoi):
Անբավարար են ուսումնասիրվել Արփա գետի ձախ ափին գտնվող բեզոարյան այծի (Capra aegagrus, VU) ապրելավայրերը, և հանքի շահագործման հնարավոր ազդեցությունները այդ տեսակի ապրելավայրերի և թվաքանակի վրա: Ինչ վերաբերվում է Հայկական մուֆլոնին, ապա այդ տեսակը այնքան զգայուն է, որ բնական է նրա բացակայությունը այդ տարածքում մարդկանց և բազմաթիվ տեխնիկայի առկայության ժամանակ: Սակայն մեր կողմից իրականացված մուֆլոնի ապրելավայրերի մոդելավորումը ցույց է տալիս, որ Ամուլսարը և հարակից տարածքները կարող են լինել այդ տեսակի ապրելավայր ինչպես նաև միգրացիոն ուղի Զանգեզուրի լեռնաշղթայից դեպի Ղարաբաղի լեռնաշղթա (հավելված 2), որը հաստատվում է մի շարք դաշտային ուսումնասիրություններով:
…Բավականին մանրակրկիտ մշակվել են Մատնունի ծիրանավոր և Գորշ արջի պահպաման կառավարման պլանները, հատուկ ծրագիր է ներկայացվել Մատնունի ծիրանավորի տեղահանման, ex situ պահպանման և վերաբնակեցման վերաբերյալ…
…Չնայած մանրակրկիտ մշակված կենսաբազմազանության կառավարման պլանին, մի քանի դիտարկումներ են հայտնաբերվել կենսաբազմազնության պահպանման առումով:
ՇՄԱԳ-ի 247 էջում ներկայացված «Տարածքների շահագործման ժամանակ արդյունավետ բնապահպանական միջոցառումներից են սողունների հազվագյուտ տեսակների հավաքն ու վերաբնակեցումը անվտանգ տեղամասեր, ինչը իրականացվում է սողունների ակտիվության շրջանում (հիմնականում վաղ գարնանը)» և Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) կոդ BIO6-ում ներկայացված գործողությունը՝ «Փոքր կաթնասունների, սողունների և երկկենցաղների հեռացում աշխատանքային տարածքներից։
Աշխատանքային գոտիների սահմաններում թակարդն ընկած ցանկացած առանձնյակ կհեռացվի համապատասխան որակավորում ունեցող էկոլոգի կողմից», առաջացնում է մի շարք հարցեր.
• Արդյո՞ք այդ կենդանիների տեղաhանման և վերաբնակեցման աշխատանքները կատարված են, քանի որ արդեն իրականացվել են բավականին լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ, որի հետևանքով այդ կենդանիների միանշանակ կորուստ կարձանագրվեր;
• Եթե սողունների, այդ թվում վտանգված տեսակների տեղափոխությունը իրականացվել է, ապա կա՞ համապատասխան կառավարության որոշում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխման և այլ վայրում վերաբնակեցման վերաբերյալ;
• Բոլոր զննված փաստաթղթերում չի հայտնաբերվել որևէ մշակված նախագիծ փոքր կաթնասունների, սողունների և երկկենցաղների տեղափոխման և վերաբնակեցման վերաբերյալ, առկա՞ է նման նախագիծ և եթե առկա է, ապա ինչու՞ չի ներկայացվել ՇՄԱԳ-ում և հավելվածներում;
• Եթե տեղափոխումը այսպես թե այնպես իրականացվել է, ապա որտե՞ղ են վերաբնակեցվել այդ կենդանիները, ո՞վ և ե՞րբ է իրականացրել տեղահանումը, և արդյո՞ք առկա են համապատասխան արձանագրություններ, նկարներ և այլ փաստաթղթեր:
Այս հարցերը առաջացել են այն իսկ պատճառով, որ հողային և շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում վերոնշված կենդանիների մեծ զանգվածի կորուստներ կլինեն, այդ թվում տարածքում հանդիպող ՀՀ կարմիր գրքում գրանցված օձերի /Հայկական իժ Vipera (Montivipera raddei, VU), անդրկովկասյան սահնօձ (Zamenis hohenackeri, VU), հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis, VU), կովկասյան կատվաօձ (Telescopus fallax, VU)/: …
Կենսաբազմազանության փոխհատուցում
…Փաստաթղթում նշվում է. «Կենսաբազմազանության փոխհատուցման միջոցառումների նպատակն է` չունենալ հողի վրայի կենսաբազմազանության ոչ մի կորուստ…
…Ակնհայտ է, որ բաց հանքի շահագործման դեպքում հնարավոր չէ ապահովել “ոչ մի կորուստ“, քանի որ ծրագրի տարածքում բնական կենսամիջավայրի մեծ հատված վերացվելու է: Միևնույն ժամանակ ցանկացած փոխհատուցման միջոցառում, այդ թվում “Ջերմուկ“ ազգային պարկի ստեղծումը, կամ որևէ այլ դեգրադացված տարածքների վերականգնումը երբևէ չեն ստեղծի այն բնական կենսամիջավայրերը՝ իրենց բնորոշ կենսաբազմազանությամբ և տեսակների միջև բարդ կապերով, որոնք ծրագրի իրականացման արդյունքում կկրեն մշտական և անշրջելի ազդեցություններ:
…Ազգային պարկի ստեղծումը և նշված պահպանության լրացուցիչ գործողությունները ակնհայտորեն անբավարար են տարածքի կենսաբազմազանությանը հասցվելիք վնասի և կորուստի փոխհատուցման համար:
…Ազգային պարկի ստեղծումը ինքնին ողջունելի նախաձեռնություն է, սակայն այն չի կարող փոխհատուցել Ամուլսարի ծրագրի տարածքի կենսաբազմազանության կորուստը:
Ազգային պարկի ստեղծման և գործունեության համար նախատեսվող գումարների բաշխվածությունը վերանայման կարիք ունի, բացակայում են ազգային պարկի պահպանման/բուֆերային գոտու համայնքային ծրագրերը: …
Իրավական հարցեր
Ամուլսարի ոսկու հանքի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ: Բաց հանքի և դրա կից կառույցների շահագործումը հանգեցնելու է այդ տեսակների ապրելավայրերի կորուստին կամ առնվազն վատթարացմանը և անխուսափելիորեն կրճատվելու է դրանց թվաքանակը:
Այդ հանգամանքը հակասում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» /Բեռնի/ և «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիաների հետևյալ հոդվածների դրույթներին…
Եզրակացություն
1. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանությանը ուսումնասիրությունները կատարված են բավականին լավ, սակայն կան որոշ բացթողումներ, հանձինս չեն ուսումնասիրվել տարածքում հանդիպող սնկերը, լրացուցիչ ուսումնասիրություններ են պահանջվում ՀՀ բույսերի և կենդնանիների կարմիր գրքերում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ /Ոզնատուփ մեխակի (VU), սխտորագորտ (VU), Անդրկովկասյան սահնօձ (VU), բեզոարյան այծ (VU) և անողնաշար կենդնանիներից ապոլոն թիթեռ (VU)/:
2. Գնահատվել են առանձին տեսակները, նրանց իրավիճակը, տարածվածությունը, ապրելավայրերը, սակայն չի գնահատվել հանքավայրի ազդեցությունը ընդհանուր կենսացենոզի վրա, ինչպես նաև ցիանիդի և ծանր մետաղներով հագեցած փոշու ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի վրա:
3. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը հիմնականում վերաբերվում է բույսի մեկ տեսակի՝ Մատնունի ծիրանավոր և կենդանու մեկ տեսակի՝ Գորշ արջ: Մնացած ՀՀ կարմիր գրքերում գրանցված տեսակների համար պահպանության միջոցառումները հիմնականում սահմանափակվում են Ջերմուկ ազգային պարկի ստեղծումով:
4. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ռազմավարությունը հիմնականում սահմանափակվում է Ջերմուկ ազգային պարկի ստեղծումով:
5. ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17 և 18-րդ հոդվածներին, Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքի 16 և 17-րդ հոդվածներին, քանզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ տեսակներ՝ գրանցված ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գրքերում»:
Ամբողջական մասնագիտական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հոկտեմբեր 29, 2018 at 18:12