ԷկոԼուր
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին infocom.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ infocom.am-ը հրապարակել էր լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:
Այս հանգամանքը հասարակության մոտ առաջացրել էր կասկածներ՝ արդյո՞ք Յուրա Իվանյանը օբյեկտիվորեն է քննում Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը:
Իր հերթին Քննչական կոմիտեն հրապարակել էր պարզաբանում, որում հաստատել է Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, սակայն հերքել Ամուլսարի գործի քննության վերաբերյալ կասկածները:
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու իրավական հիմքերը հրապարակել էր iravaban.net-ը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը փաստարկված չէ, դրա մեջ նշված պնդումները պետք է հրապարակվեին առնվազն կարգապահական հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունից հետո։
Սեպտեմբեր 02, 2019 at 15:27