ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ Ամուլսարի վերաբերյալ հարցուպատասխանի տեսանյութը՝ նշելով. «Ամուլսարի հարցում մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից»:
Պատգամավորը հարց է ուղղել՝ ինչո՞ւ է վարչապետը Ամուլսարի հարցում «պատասխանատվություն ստանձնում նախկին հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած բոլոր հարցերում հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։
Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին և եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, բնապահպանական մոտեցում, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը»։
Սեպտեմբեր 12, 2019 at 13:54