

ԷկոԼուր
2020թ․ մայիսի 6-ին Ամուլսարի տարածքից դուրս է բերվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վարձակալված գույքի մի մասը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները փակ պահող երիտասարդներից Շիրակ Բունիաթյանը։
ԷկոԼուրի հետ զրույցում նա ասաց․ «Հավանաբար մնաց միայն «Լիդիան Արմենիա»-ի գույքը։ Մոտ մեկ տասնյակ տեխնիկա է մնացել։ Դա չենք թողնի, որ դուրս բերեն։ Վերջնական որոշումից հետո պիտի վերականգնեն իրենց կողմից արված ավերածությունները»։
Շիրակ Բունիաթյանը Ամուլսարի տարածքից տեխնիկայի դուրսբերումը չի կապում ծրագրի հնարավոր վաճառքի մասին շրջանառվող լուրերի հետ։ Սակայն ինքն ու իր համախոհները վստահ են, որ նոր սեփականատիրոջ հայնտնվելը իրենց գործողությունների ընթացքը չի փոխելու։
«Կարծում եմ՝ եթե ծրագիրը իրականացնող կազմակապերպություն փոխվի, դա ենթադրում է նոր ՇՄԱԳ, նոր հանրային լսումներ։ Բայց մենք մեր հույսը չենք դրել այդպիսի բաների վրա։ Մենք ասել ենք, որ մեզ համար էական չէ, թե ով կփորձի Ամուլսարում հանք շահագործել, մեր պայքարը նույն կերպ կլինի՝ տվյալ իրավիճակին համապատասխան։ Եթե «Լիդիանն» այս պահին որդեգրել է պասիվ ձևը, մենք նույնպես պասիվ ենք։ Եթե նոր
կազմակերպությունում կգնան արկածախնդրության և կփորձեն ակտիվ դրսևորումներով
հանդես գալ, կստանան համարժեք պատասխան բնակչության կողմից»,- ասաց նա։
Դեռևս նախորդ տարի՝ 2019 թ․ Ամուլսարի տարածքից դուրս էր բերվել կապալառու կազմակերպությունների ողջ տեխնիկան։
Հիշեցնենք, որ արդեն գրեթե 2 տարի է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչները փակ են պահում դեպի Ամուլսարի հանքավայր տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը գործունեություն ծավալել Ամուլսարի ծրագրի տարածքում։
Լուսանկարը՝ Շիրակ Բունիաթյանի
Մայիս 07, 2020 at 15:09