ԷկոԼուր
Ս. թ. մարտի 16-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին հարց հնչեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ներկայիս վիճակի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հիմա արդեն հանգուցալուծման հասած կլինի կամ գոնե առաջիկայում։ Բայց կորոնավիրուսն այդտեղ էլ իր նեգատիվ դեր կատարեց, որովհետև ELARD-ի փորձագետները պետք է գային շատ կարևոր հարցաքննության մասնակցելու համար, այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելու, սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել։ Հարցի լուծման ֆունդամենտալ բանաձևն այդ քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը»:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը: Փաստաթղթային փորձաքննության իրականացման համար լիբանանյան ընկերությանը ՀՀ կառավարության կողմից վճարվել է 450,944 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Եզրակացության հրապարակումից ամիսներ անց՝ 2019 թ. հոկտեմբերին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ELARD-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա պարզաբանումների համար:
Մայիս 18, 2020 at 16:35