

Oգոստոսի 4-ի գիշերը Ամուլսարի պահապանների երկրորդ պահակակետի վագոն տնակները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ցուցումով հանվել են և տեղադրվել են ընկերության տնակները։ Մինչդեռ 2019թ-ին ոստիկանությունը լրագրող Թեհմինե Ենոքյանին ուղղված իր 17.02.2020 թ. թիվ 25/88 պատասխան նամակում պաշտոնապես հաստատել է, որ Ամուլսարի պահապանների վագոն տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ:
Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը կոչ է արել մարդկանց հավաքվել Ամուլսարի ծրագրի տարածք տանող պահակակետի մոտ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության:
«Երբ որ մենք հարցնում են մարզի ոստիկանապետին, թե ինչ է կատարվում, ինքն ասում է. «Մեզ տեղեկացրել են, որ նման գործողություն է արվում, հարուցված քրեական գործ կա տարածքի հետ կապված, ընթացքի մեջ է: Մինչև այս պահը գոյություն ունեցող միակ փաստաթութն այն է, որ սա «Լիդիան»-ի կողմից վարձակալված տարածք է»: Այստեղ խնդիրներ շատ կան: Պահնորդական ընկերությունը, որը պետք է գույքի պահպանություն իրականացներ, իր վրա վերցրել է ոստիկանական գործառույթ ու քաղաքացիների վագոն տնակները հանել են իրենց հայեցողությամբ, դրել են մյուս ճամփեզրին: Հիմա բոլորս պետք է հավաքվենք այստեղ ու այս հարցին լուծում տանք»,- ասաց Շիրակ Բունիաթյանն իր տեսաուղերձում:
Օգոստոս 04, 2020 at 09:38