Օգոստոսի 4-ին Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը Ամուլսարի պահապանների մի քանի ներկայացուցիչների հետ ակցիա իրականացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թ. Քննչական կոմիտեում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019 թ. «ELARD» լիբանանյան խորհրդատվական ընկերության կողմից իրականացվել է Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն: Արդյունքում «ELARD»-ի մասնագետները հայտարարեցին, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը թերի է և այդ տեսքով անընդունելի, որ անհրաժեշտ է իրականացնել ծրագրի նոր գնահատում:
ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է որոշում ընդուներ, թե արդյոք Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչել, թե՝ ոչ: Շրջակա միջավայրի նախարարն առաջարկեց, որպեսզի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում իրականացնի, որպեսզի, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, տեսչական մարմնի ստուգման արդյունքներով կայացվի վերջնական որոշում: Սակայն հայտնի է, որ տեսչական մարմինը մինչ օրս ստուգում չի կատարել «Լիդիան Արմենիա» ընկերությունում:
Օգոստոս 04, 2020 at 17:26