

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբը օգոստոսի 4-ի ուշ երեկոյան այցելել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ:
Բացի դրանից, ըստ ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության կասկածանքով:
Բացի դրանից, ըստ ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության կասկածանքով:
Բաժնում գտնվելու ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել այդ պահին բաժնում գտնվող անձանց, այդ թվում՝ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներ Վահագն Վարագյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերող փաստաթղթերը:
Արման Թաթոյանն իր էջում տեղեկացրել է, որ ՄԻՊ ներկայացուցիչները կայցելեն նաև Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Պաշտպանը նաև նշել է, որ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:
«Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- գրել է Արման Թաթոյանը։
Օգոստոս 05, 2020 at 10:50