

Կրկին փակ է դեպի Ջերմուկ տանող մայրուղին։ Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ հավաքված Ջերմուկի բնակիչներն ու բնապահապաններն արդեն երրորդ օրն է՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ապամոնտաժել «Լիդիան Արմենիա»-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության վագոն-տնակները։
Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ իր ունեցած նախնական տեղեկությամբ «Լիդիան Արմենիա»-ն վագոն-տնակ տեղադրելու իրավունք չի ունեցել։ «Տեղեկացրել ենք «Լիդիան Արմենիա»-ին, նրանք պնդել են, թե ունեն օրինական փաստաթղթեր վագոն-տնակներ տեղադրելու համար։ Եթե վաղը հստակ դառնա, որ օրինական հիմք չկա վագոն տեղադրելու, իրենք կապամոնտաժեն այդ վագոն տնակները։
․․․Իրենք սխալվեն են տեղադրման կետով։ Վաղն առավոտյան կգան համապատասխան մասնագետներ, կորոշեն, թե որտեղ պետք է տեղադրվեն, իրենց միջոցներով տնակը կտեղափոխվի համապատասխան վայրը» ,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև մայրաքաղաքում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև այդ ակցիայի մասնակիցներին, որոնց թվում էին իրավապաշտպաններ Արա Ղարագյոզյանը և Նինա Կարապետյանցը, ովքեր որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Օպերայի հարակից տարածքից էլ բերման էր ենթարկվել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ով նույնպես քիչ առաջ դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ Ֆեյսբուքում գրել է. «Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»։
Մանրամասները՝ Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերում
Օգոստոս 06, 2020 at 22:06