«Լիդիան Արմենա» ընկերության պահնորդների տնակները տեղափոխվեցին

«Լիդիան Արմենա» ընկերության պահնորդների տնակները տեղափոխվեցին

ԷկոԼուր

Ամուլսարի պահպանության համար պայքարող Ջերմուկի բնակիչները եռօրյա բողոքի ադյունքում այսօր հաղթանակ գրանցեցին: Կատարվեց նրանց պահանջներից մեկը՝ Ամուլսար տանող ճամփեզրից Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով հանվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների կողմից տեղադրված տնակները և տեղափոխվեցին մի քանի մետր հետ՝ Ամուլսարի ծրագրի տարածք:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ իր վագոն-տնակների տեղադիրքն օրինական էր, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի՝ առանց ընկերության համաձայնության:

Մինչդեռ 2019թ. ՀՀ ոստիկանության՝ Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանին ուղղված 17.02.2020 թ. թիվ 25/88 պատասխան նամակում պաշտոնապես նշված է, որ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները չեն գտնվել ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում: Հիշեցնենք, որ վագոն-տնակների թեման օրակարգային դարձավ այն բանից հետո, երբ օգոստոսի 4-ի գիշերը «Լիդիան Արմենիա»-ի վարձած պահնորդները տեղափոխեցին Ամուլսարի պահապանների վագոն-տնակները՝ դրանց տեղում դնելով իրենցը:

Ջերմուկի բնակիչների մյուս պահանջները դեռ մնում են անկատար: Դրանցից մեկը պահնորդական ծառայության հեռանալն է Ամուլսարի տարածքից, իսկ գլխավոր պահանջը շարունակում է մնալ ՀՀ կառավարության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելը:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թ. Քննչական կոմիտեում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019 թ. «ELARD» լիբանանյան խորհրդատվական ընկերության կողմից իրականացվել է Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն, որի համար պետական բյուջեից վճարվել է 450 հազոր դոլլար: Արդյունքում «ELARD»-ի մասնագետները հայտարարեցին, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը թերի է և այդ տեսքով անընդունելի, որ անհրաժեշտ է իրականացնել ծրագրի նոր գնահատում:

ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է որոշում ընդուներ, թե արդյոք Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչել, թե՝ ոչ: Շրջակա միջավայրի նախարարն առաջարկեց, որպեսզի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում իրականացնի, որպեսզի, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, տեսչական մարմնի ստուգման արդյունքներով կայացվի վերջնական որոշում: Սակայն հայտնի է, որ տեսչական մարմինը մինչ օրս ստուգում չի կատարել «Լիդիան Արմենիա» ընկերությունում:

Լուսանկարը՝ Ազատություն ռ/կ-ի

Օգոստոս 07, 2020 at 21:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր