Սոցիալական ցանցերում տարածվում է հակասական տեղեկատվություն «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների, պահնորդների և Ամուլսարի ծրագրի դեմ և հանդես եկող բնակիչների միջև բախումների վերաբերյալ:Կոնֆլիկտին միջամտել է ոստիկանությունը, ձերբակալել միայն Ամուլսարի ծրագրի դեմ հանդես եկող երեք բնակչի՝ մեղադրելով նրանց խուլիգանության մեջ:
Սա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի կողմնակիցների և ընդդիմախոսների առաջին բախումը չէ, որն իր մեջ պարունակում է սուր սոցիալական ռիսկեր անկանխատեսելի հետևանքներով: Պատճառն այն է, որ Ամուլսարի խնդիրը, որը հստակ իրավական լուծում ունի, սակայն արհեստականորեն ձգձգվում է, որոշման համար պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունը փաստացի հրաժարվում է տալ այդ որոշումը:
Արդյունքում խնդիրը լուծում են իրավապահ մարմինները: Տեղի բնակիչների և հասարակության պահանջն է անվավեր ճանաչել 2016 թ. տրված Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը: Նախարարությանը և կառավարությանը տրամադրված են բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, այդ թվում `«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ այլ օրենքների և միջազգային կոնվենցիաների խախտումների մասին: Բայց այս ժամանակահատվածում պաշտոնավարած նախարարները՝ Արամայիս Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Էրիկ Գրիգորյանը, անտեսեցին Ամուլսարի ծրագրի ռիսկերն ու խնդիրները ներկայացնող մասնագիտական կարծիքը:
Նախարարներից ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել հասարակության և կառավարության կողմից բարձրացված որևէ հարցի պատասխանի համար, ինչն էլ հանգեցրել է մարդկային ու ֆինանսական մեծաթիվ ռեսուրսների կորուստների, ընդ որում` ոչ միայն հասարակության, այլև` պետության համար:
Հիշեցնենք, որ միայն «ELARD»-ի կողմից անկախ փորձաքննության իրականացման համար ծախսվել է 450 հազար ԱՄՆ դոլար, Եվրամիության միջոցներով Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից Ամուլսարի տարածքում իրականացվել է կենսաբազմազանության վիճակի վերաբերյալ մոնիթորինգ և պատրաստվել է հաշվետվություն: Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներ են ծախսվել Ամուլսարի ծրագրի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ տեղի բնակիչների և հասարակության կողմից ներկայացված երկու բողոքների ուսումնասիրման համար, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ամուլսարի ծրագրի գնահատման համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքային խմբում հրավիրված մասնագետներն իրականացրել են երկամսյա փորձագիտական աշխատանք՝ օգտագործելով անձնական ռեսուրսներ:
Մենք պահանջում ենք Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանից վճռական գործողություններ ձեռնարկել և իրավիճակը դիտարկել ՀՀ բնապահպանական օրենսդրության շրջանակներում, մասնավորապես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում և անվավեր ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված 28.04.2016թվականի ԲՖ 35 փորձաքննական եզրակացությունը:
Սեպտեմբեր 24, 2020 at 18:34