Պետք է լուծում գտնել Ամուլսարի ծրագրի համար. Նիկոլ Փաշինյան

Պետք է լուծում գտնել Ամուլսարի ծրագրի համար. Նիկոլ Փաշինյան

Փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ներդրումային ծրագրերի մասին խոսելիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին և հանքարդյունաբերության ոլորտին: Նա նշել է, որ պետք է կայացնել որոշումներ, որպեսզի ներդրումային որոշակի ծրագրերն  առավել կառավարելի ու ընդունելի դառնան հանրության համար: Վարչապետը, մասնավորապես, ասել է, որ այդ որոշումները վերաբերում են նաև Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: «Պետք է այս թեման քննարկվի՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ», – նշել է նա։

«Կարևոր է արձանագրել, որ ուզենք, թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության և տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում», – հավելել է վարչապետը։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսից Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները փակել էին Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները՝ թույլ չտալով ծրագրի աշխատանքների իրականացմանը: Այնուհետև ծրագրի առնչությամբ  քրեական գործ հարուցվեց:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը: Փաստաթղթային փորձաքննության իրականացման համար լիբանանյան ընկերությանը ՀՀ կառավարության կողմից վճարվել է 450,944 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Այդ եզրակացության հրապարակումից հետո առաջ քաշվեց Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հարցը, ինչը ևս առկախվեց: Մինչ օրս Ամուլսարի ծրագրի ճակատագիրն անորոշ է:



Փետրվար 05, 2021 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր