

ԷկոԼուր
2011թ.Ամուլսարի ոսկու հանքավայրում 30.000մ հորատման աշխատանքների համար «Գեոթիմ» ընկերությունը հրավիրել է լրացուցիչ 4 միջազգային ընկերություն: Այս մասին տեղեկացնում է «Գեոթիմ»-ի պաշտոնական կայքը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը հայտնաբերվել է 2006թ.: Այն Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի սահմանում գտնվող տարածքում է: Հանքավայրի շահագործման արտոնագիրը միջիազգային «Lydian International» ընկերությանն է, որի հայաստանյան ներկայացուցիչը «Գեոթիմ» ընկերությունն է:
«Գեոթիմ» ընկերությունն արդեն իսկ ստացել է Ամուլսարի հանքավայրի Տիգրանես տեղամասի շահագործման արտոնագիրը, սակայն դեռ հանքը չի շահագործում: «ԷկոԼուր»-ի հետ հանդիպման ժամանակ «Գեոթիմ»-ը ներկայացրեց Ամուլսարի 3500 փորձանմուշների վերլուծության արդյունքները` ապացուցելու, որ ուրանի պարունակությունը հանքավայրում մինիմալ է, չի գերազանցում 0,0002%-ը: Ուսումնասիրություններն անցկացվել են ALS Chemex կանադական ընկերությունում, որը հետազոտել է 30-ից ավելի տարրերի պարունակությունը` այդ թվում տոքսիկ տարրերի, ծանր մետաղների եւ ռադիոակտիվ տարրերի:
Սերտիֆիկացված պատասխաններից մեկում, որտեղ ստուգվել է 41 նմուշ, կարելի է հանդիպել Մենդելեեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերին: Բացի ոսկուց հանքավայրում առկա են` Ag-արծաթ, As-մկնդեղ, Ba-բարիում, Be-բերիլլիում, Bi-բիսմուտ, Ca- Կալցիում, Cd-կադմիում, Co-կոբալտ, Cr-քրոմ, Cu-պղինձ, Fe–երկաթ, Ga-գալլիում, Mn- մանգան, Mo-մոլիբդեն, Na-նատրիում, Ni-նիկել, P-ֆոսֆոր, Pb-կապար, Sb–անտիմոն, Sc-սկանդիում, Sr-ստրոնտիում, Th-թորիում, Ti-տիտանիում, Tl-տալլիում, U-ուրան, V- վանադիում, W-վոլֆրամ, Zn-ցինկ, Hg-սնդիկ եւ այլն (տես փորձանմուշների սերտիֆիկատի կրկնօրինակը):
Նշենք, որ «Գեոթիմ» ընկերությանը տրամադրված է ոսկու արդյունահանման արտոնագիր, եւ ընկերությունը պնդում է, որ հանքավայրը պարունակում է միայն ոսկու պաշարներ: Հասարակական լսումների ընթացքում, որը 2009թ. նոյեմբերի 5-ին Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր «Գեոթիմ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, Ս. Թարվերդյանի հարցին, թե այլ մետաղների պարունակությունն ինչպիսին է, «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը պատասխանեց. «Միայն ոսկի է: Մենք անալիզները պատվիրում ենք 29 մետաղի համար: Սակայն արդյունաբերական նշանակություն ունի միայն ոսկին»:
Նշենք, որ Տիգրանես տեղամասի շահագործման համար ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը ներկայացված «Գեոթիմ» ընկերության փաստաթղթերում նշված չեն այն ռիսկերը, որոնք կապված են վերոնշյալ բոլոր ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի շրջակա միջավայր թափանցելու հետ:
Հուլիս 27, 2011 at 13:17




