Եթե Ամուլսարի ոսկու հանքավայրը վնասի Ջերմուկին, ապա չի շահագործվի. Ջերմուկի քաղաքապետ

Եթե Ամուլսարի ոսկու հանքավայրը վնասի Ջերմուկին, ապա չի շահագործվի. Ջերմուկի քաղաքապետ

News.am

Եթե Ջերմուկից ուղիղ շառավղով 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը վնասի Ջերմուկի` որպես առողջարանային քաղաքի գոյությանը, ապա այն չի կարող շահագործվել: NEWS.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:  «Հրավիրել ենք անկախ փորձագետներ, քննարկումները գնում են, նաեւ հրավիրել եմ բնապահպաններին` «Էկոլուրին», որ մեզ հետ միասին աշխատեն եւ օժանդակեն, ու եթե այդպիսի խնդիր առաջանա` արգելք հանդիսանանք»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ` բնապահպանական փորձաքննությունը վստահվել է բրիտանական հեղինակավոր կազմակերպությանը, որը 300 տարվա պատմություն ունի եւ բարձր է գնահատում սեփական իմիջն ու հեղինակությունը:Իսկ մինչ այդ տեղացի փորձագետները քաղաքապետին ներկայացրել են, որ ոչ մի լուրջ բնապահպանական խնդիր ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված չի առաջանա: «Ուրանի մասնագետների հետ ենք խոսել, որոնք ֆիքսել են, թե Հայաստանում որտեղ ուրան կա, իսկ Ամուլսարը դրանց մեջ չէ: Իսկ եթե փոշու խնդիրն է, մեզ ապացուցում են, որ փոշին 1 կմ հեռավորությունից չի անցնում: Պայթեցման խնդիրներ կան, բոլոր խնդիրները քննարկել ենք, հանրապետության նախագահին էլ խնդրել ենք, որ բնապահպանների ու մասնագետների հետ հետամուտ լինեն»,- ասաց Ջերմուկի քաղաքապետը:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը տրվել է կանադական Lydian International ընկերությանը, որի շահերը Հայաստանում ներկայացնում "Գեոթիմ"ընկերությունը: Ըստ վերջին հետախուզական տվյալների` Ամուլսարում առկա է 40 տոննա կամ 1.4 մլն ունցիա ոսկու պաշար: Հանքը նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Lydian International-ի բաժնետոմսերը գնանշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է:

Սեպտեմբեր 20, 2011 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր