Ոսկու տենդ. Ջերմուկը հանքային ջուր է, ոչ` հանքավայր

Ոսկու տենդ. Ջերմուկը հանքային ջուր է, ոչ` հանքավայր

Asekose.am

Հասարակական շրջանակներում բավականաչափ ակտիվացել են քննարկումները` պայմանավորված Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորությունների և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի հետ:

Այս առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր  շարժում է սկսվել, որ նպատակ ունի ներկայացնել Ջերմուկում առկա բոլոր  խնդիրներն ու ահազանգերը, օգնել ճշտ արժեքներ դաստիարակել երիտասարդության և հասարկության մեջ, ի  հայտ բերել Ջերմուկում ակտիվիստների, պահպանել Ջերմուկի բնությունը:

Նախաձեռնության մասնակիցները նշում են, որ  «Ջերմուկը միայն ջերմուկցունը չէ: Բնության գեղեցկությունն այստեղ յուրաքանչյուրի մեջ արթնացնում է իր նախաստեղծ էության ոգին, պատկերացում է տալիս Աստվածաշնչում հիշատակված դրախտի գեղեցկության ու անկրկնելիության մասին: Իսկական հրաշք է մեկ սարալանջից բխող տաք և սառը աղբյուրների գոյությունը, բազալտե լեռնազանգվածի մեջ առաջացած քարե պղպջակներն ու այդ բնական անձավները բնակեցրած նեանթերդալցին, «զոքանչի ատամներն» ու ամոթալի անուն ունեցող հայտնի աղբյուրը,  «Ջրահարսի վարսերն» ու նրա «ամուսնական մատանին», «Սիրո դրախտն» ու այն բոլոր լեգենդները, որոնք կապված են աշխարհի այս գողտրիկ անկյան հետ:

Եվ մեզնից յուրաքանչյուրը կամա-ակամա Ջերմուկն համարում է իրենը` նույնիսկ մեկ անգամ լինելով այստեղ: Հազարավոր մարդիկ պետք է վերագտնեն իրենց կորցրած առողջությունն ու հանգստությունը Ջերմուկի միջոցով, Ջերմուկի օգնությամբ, քանի դեռ համոզված ենք, որ ՋԵՐՄՈՒԿԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ…»

Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա’ երկու մարզերի’ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ: Բնապահպանները նախ մտահոգված են ոսկու հանքավայրի շահագործան պատճառով այս ամենի վերացման վտանգով:

Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է’ 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

Բնապահպանները նշում են, որ ոսկու հանքավայրի շահագործումը վտանգավոր է Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար, որը Ամուլսարի գագաթից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է գտնվում:

Բնապահպանները նաև  հիշեցնում են, որ Ջերմուկը միջազգային առողջարան է: Ջրավազանը, որտեղ ձևավորվում են բուժիչ ջրերը, հիդրոլոգիական արգելավայրի կարգավիճակ ունի և մտնում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանցի մեջ: Այստեղ ներդրումներ են կատարվում’ ուղղված տուրիզմի, առողջարանային-հանքաջրաբուժական հաստատությունների ցանցի  զարգացմանը:

Հանքավայրը շահագործելու համար «Գեոթիմ» ընկերությունից պաշտոնապես հայտարարել են, որ օգտագործելու են տարրալուծող հեղուկ՝ ցիանիդ, որը վնասակար է առողջության համար: Բացի այդ, շահագործման ընթացքում պայթեցման աշխատանքներից հետո՝  մի քանի րոպե անց, փոշին նստելու է շրջակա տարածքներում, որը ևս վտանգավոր է:

Նոյեմբեր 29, 2011 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր