Հասարակական կազմակերպությունների եւ «Գեոթիմ» ընկերության կարծիքները բախվեցին

Հասարակական կազմակերպությունների  եւ «Գեոթիմ» ընկերության կարծիքները բախվեցին

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցում հասարակական կազմակերպությունների եւ հանքը շահագործել նախապատրաստվող «Գեոթիմ» ընկերության կարծիքները բախվեցին:

Հոկտեմբերի 17-ին Արեւորդի փառատոնի շրջանակներում «ԷկոԼուր» -ի նկարահանած  «Ամուլսար` ոսկու տենդ»  ֆիլմի  շնորհանդեսից հետո ծավալվեց բուռն քննարկում: «Գեոթիմ» ՓԲԸ-ի բնապահպանական եւ սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանն ամբողջությամբ հերքեց ֆիլմի փորձագետ, ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի ներկայացրած փորձագիտական գնահատականը: «Կարող եմ հաստատ ասել, որ այն, ինչ ասում է ձեր կողմից բերած հարգարժան փորձագետը, ոչ մի ձեւով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Արմեն Ստեփանյանը: Նա, հերքելով Ամուլսարում ուրանի առկայությունը, նշեց, որ հետազոտությունների համար արտոնագրով ընկերությանը տրամադրված  6000 հա տարածքում  անցկացված ուսումնասիրությունների արդյունքում փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել: «Ինչ-որ գրության հիման վրա Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից այցելեցին մեր հանքավայր, վերցրեցին նմուշներ եւ կատարել են չափումներ: Չափումների մասին թվերը մենք կոնկրետ չգիտենք, բայց գիտենք, որ բոլոր նմուշները չափված, բոլոր խստագույն նորմերից ավելի ցածր են»,- ասաց Ա. Ստեփանյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը համաձայնվեց «Գեոթիմ»-ի ներկայացուցչի հետ, սակայն նրա խոսքերով` ուրանը կարող է «Գեոթիմ»-ին հատկացված տարածքի հարեւանությամբ լինել, ինչի մասին եւ խոսում է ֆիլմի փորձագետ Հրաչյա Ավագյանը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բաց հանքի շահագործման դեպքում  պայթեցումները չեն դիպչի ուրանային երեւակումներին: Ըստ Ինգա Զարաֆյանի` անհրաժեշտ է, որ մեր պետական պատասխանատու մարմիններն ամբողջական ուսումնասիրություն կատարեն տարածքում, որպեսզի գծագրեն երեւակումների հստակ սահմանները` ռադիոակտիվ անվտանգությունն ապահովելու համար:

Մյուս հարցը, որ շատ է անհանգստացնում հասարակությանը, հանքավայրի` Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվելն է: «Երբ նոր սկսել էինք անկախանալ, մեր պետական այրերն ասում էին` միայն ջերմուկով կարելի է պետություն պահել, այսօր մեր ժողովրդի հույսն ու հավատը, մեր պետությունը ջերմուկով պահելը` դա էլ չկորցնենք: Այսօր ես տեսնում եմ, որ դա կորելու է, առաջին հերթին որ  այնտեղ պայթեցումներ են լինելու,- ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը,- գոնե այստեղ հանգիստ թողեք, թող Ջերմուկը կարողանա գոյատեւել եւ մենք կարողանանք հպարտանալ, որ աշխարհում երկու տեղ կա նման ջուր` Չեխիայի Կարլովի Վարիում եւ Ջերմուկում: Կորցնելով դա` ոչ միայն Հայաստանն է կորցնում այս ջուրը, այլ կկորցնի երկրագունդը: Շատ մարդկանց առողջության հաշվին մենք պետք է հարստանանք կամ չհարստանանք, իսկ հարստանում են մի քանի հոգի այդ կամպանիայի մասշտաբով»:

«Գեոթիմ» ընկերությունը բազմիցս նշել է, որ պայթեցումների ժամանակ փոշին մի քանի րոպեում կնստի եւ Ջերմուկ չի հասնի,  մինչդեռ  «Հայ կանայք հանուն առողջության եւ հանուն առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ, հիգիենիստ Քնարիկ Գրիգորյանը պնդեց, որ հանքավայրի մանր փոշին տեղաշարժվում է մինչեւ 30 կմ եւ իր հետ տանում է ծանր մետաղներ: Ըստ նրա` ֆիլմում թվարկված ապարները` հատկապես կապարը, ազդում է մի շարք համակարգերի վրա` նյարդային, արյունատար, էրիտրոցիտներն են նվազում: «Մենք կունենանք բարձր մահացություն տվյալ տարածքում, մտավոր զարգացման վրա կազդի, թերզարգացում կարող է առաջացնել: Մարդիկ գալիս են հանգստանալու այդ չքնաղ քաղաք, եթե տեսնեն կողքը հանքարդյունաբերական գործունեություն, այլեւս չեն գա»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Ամուլսարի հանքավայրի ազդեցության գոտու մեջ մտնող Գնդեվազ գյուղի բնակչուհի Թեհմինե Ենոքյանն էլ  օրինակ բերեց Սոտքի ոսկու հանքավայրի հարեւանությամբ` Սոտք գյուղում ծնված երկգլխանի հորթը եւ հարցրեց, թե ով է պատասխան տալու, եթե իր գյուղում մարդիկ առողջական խնդիրներ ունենան, երկգլխանի հորթեր եւ երեխաներ ծնվեն: «Պարզապես մարդկանց ուղեղը լվանում ենք եւ ասում, որ գիտեք ինչ կա, մենք աշխատատեղով ենք ապահովում եւ նույն 3-ով ավարտած երիտասարդներն այո են ասում հանքարդյունաբերությանը, այո աշխատատեղերին, իսկ դրանով իրենք չեն պատկերացնում, որ որոշ ժամանակ անց իրենց երեխաները  կարող է եւ երախա էլ չունենան, կամ երեխան ծնվի երկգլխանի: Սրա պատասխանը կարո՞ղ է մեկը տալ,- հարցրեց Թեհմինե Ենոքյանը::

Նշենք, որ ներկայումս կառավարության կողմից դրական փորձաքննություն է ստացել Ամուլսարի միայն Տիգրանես տեղամասի բաց եղանակով շահագործման նախագիծը: Ընկերությունը ուսումնասիրություններ, հետազոտություններ է անցկացնում ամբողջական հանքի շահագործման համար, դեռեւս որեւէ ստույգ լուծում կամ ծրագրեր չի ներկայացրել` շրջակա միջավայրի վրա  հանքի բացասական ազդեցությունը մեղմելու, մարդկանց առողջությունը չվնասելու համար, սակայն վստահաբար ասում է, որ ջուրն ու հողը չի աղտոտվի, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կլինի մինիմալ, մարդկանց առողջությունը չի տուժի:  «Ինչ միջոցառումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց կարող եմ ձեզ հստակ հավաստիացնել, որ կլինեն միջոցառումներ, որոնք մինիմումի կհասցնեն ազդեցությունը»,- իր ելույթում ասաց Գեոթիմի ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը:

«Արդեն այդ ծրագրով պետք է նախատեսված լիներ բոլոր կանխարգելիչ միջոցառումները` եւ ռիսկի գնահատում, եւ ինչպես պետք է վերացնել բացասական հետեւանքները: Այսօր դուք այդ հարցին չպատասխանեցիք: Իսկ դա ձեր ծրագրում պետք է առաջին բաժնում ներկայացված լիներ: Ես շատ լավ գիտակցում եմ, որ մենք որդեգրել ենք արատավոր մի պրակտիկա, որ սկզբից լիցենզիան տալիս են հետախուզական նպատակներով: Իսկ հետախուզությունն արդեն վերածվում է հանքարդյունահանության, եւ սկսում են մեր ուղեղները լվանալ տարբեր պաճառաբանություններով»,- հակադարձեց Նազելի Վարդանյանը:

Թռչնասերների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ կոչ արեց S.O.S Հայաստան հայտարարել: «Դուք ասում եք, մենք մեղմացնելու ենք,  հետեւանքները վերացնելու ենք: Եկեք նայենք այդ օրինակները` այդ որտեղ է ինչ մեղմացել, որտեղ է ինչ փոխվել: Եկեք գնանք, Քաջարանը նայենք: Տեսեք` ինչ է մեղմացել: Թեղուտը տեսեք, էլ չենք խոսում Սոտքի մասին, թե ինչ է կատարվում, իսկ դուք ասում եք մեղմացնենք: Այս գործընթացը պետք է կանգնեցնել կառավարական մակարդակով»,- ասաց Ադամյանը: Գեոթիմի ներկայացուցիչը հակադարձեց. «Մենք պատասխանատվություն չենք կարող կրել այլ հանքավայրերի համար: Ես իմ հանքավայրի վերաբերյալ կարող եմ կարծիք հայտնել, որ բոլոր լավագույն միջոցառումները գիտական հիմնավորումներով կկիրառվեն համապատասխան տարածքներում»:

Հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը իր ելույթում հայտարարեց. «Հանքավայրը ձերը չի, հանքավայրը ժողովրդինն է: Պետությանն էլ չի, ժողովրդինն է, դուք վարձակալ եք: Սրան այս ձեւի պետք է մոտենալ: Դուք կարո՞ղ եք մի հանքավայրի անուն տալ, որ գրագետ է շահագործվում: Չկա: Ձեր պոչամբարի մասին, ես լավ նայել եմ, դուք էլ մոտեցումը ճիշտ չեք անում, դուք այսօրվանից չեք մտածում պոչամբարների ապահովման հարցի մասին: Եվ վերջապես մի հարց էլ, Ջերմուկի վրա ձեր պայթեցումների սեյմիկ ազդեցությունը ո՞վ է որոշել: Դուք գիտե՞ք, որ Ջերմուկ հանքավայրը շատ նուրբ բնույթի է, եթե մի ցնցում լինի, նա ճանապարհը կոխի, ջրերի ելքերը լրիվ կփոխվեն: Այնտեղ հետո մինչեւ  ջերմուկը մենք ունենք տաք ջրեր, որոնք ավելի մոտ են, նրանք շարքից դուրս կգան: Ջերմուկ-ջերմուկ եք ասում, ջերմուկը միակը չէ, ջերմուկը 6-7 հանքավայրերի միացություն է: Սեյսմիկ ազդեցությունը որոշվա՞ծ է, ոչ: Ցնցումների մասին, որ պայթեցում եղավ, ով է որոշում, ոչ ոք, այ այս հարցն էլ պետք է որոշվի»:   

Այս խնդրի քննարկումը շարունակվեց նոյեմբերի 28-ին` Ջերմուկում, որը կազմակերպել էր «Գեոթիմ» ընկերությունը: Այդ քննարկման մասին` հաջորդիվ:

Դեկտեմբեր 07, 2011 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր