Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը եւ Գեոթիմի պատասխանը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը եւ Գեոթիմի պատասխանը

ԷկոԼուր-Առավոտ

Առավոտ օրաթերթում 2012թ. փետրվարի 21-ին հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի`«Հանցավոր ռեժիմ, խոպանչու հոգեբանություն, ավազակապետեր…» անվանմամբ հայտարարությունը, որում ասվում է. « Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար:
Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել և դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում:

Ստեղծված իրավիճակում էկոլոգիական հիմնախնդիրները առաջացրել են հրատապ և հիմնովին փոփոխությունների անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, որոնցից ստացվող գերշահույթները, սակայն, մտնում են իշխանության բուրգի գագաթին կանգնած մի քանի ավազակապետերի գրպանը: Ունենալով խոպանչու հոգեբանություն` վարչախումբը ուղղակիորեն հարձակվել է հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա` հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր: Հանքավայրերին հարակից տարածքներում բնակչության օրգանիզմը թունավորված է ծանր մետաղներով ինչի հետևանքով մարդիկ կորցնում են իրենց առողջությունը` դրա դիմաց չստանալով արդարացի փոխհատուցում: Անոմալ ծնունդները դարձել են սովորական երևույթ, վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը:

Երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հանքավայրի շահագործման հետևանքով ամբողջովին ոչնչացվելու է Թեղուտի անկրկնելի էկոհամակարգը` պետության տնտեսական հաշվեկշռից հանելով զարգացման հսկայական պոտենցիալ ունեցող մի ամբողջ տարածաշրջան: Սոցիալական խնդիրների լուծման պատրվակով` բացահայտ թալանի է ենթարկվելու սերունդներին պատկանող հարստությունը` բնությանը պատճառելով անհամաչափ վնաս: Տեղի բնակչության սոցիալական խնդիրները կարող են լուծվել տարածքի բնառեսուրսներին համարժեք տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ` առանց շրջակա միջավայրին անհամաչափ վնաս պատճառելու:
Նույնչափ անթույլատրելի են նաև Ամուլսարի, Հրազդանի և այլ տարածքների ու հանքավայրերի այդօրինակ շահագործումը:
Հասարակության կարիքներին անհաղորդ իշխանությունները իրենց հատուկ գավառականությամբ շարունակում են քաղաքային այգիների և պուրակների «սրճարանացումը», հանրային կանաչ գոտիների հաշվին անճաշակ շինությունների կառուցումը, ինչի հետևանքով անճանաչելիորեն աղավաղվել է Երևանի ճարտարապետական տեսքը: Օրենսդրական անհեթեթ փոփոխություններ կատարելու, գործադիր իշխանության մարմինների կողմից անօրինական որոշումներ ընդունելու միջոցով ամեն կերպ «օրինականացվում» է հանրայի կանաչ տարածքները մասնավոր բիզնես պրոյեկտի վերածելու գործելաոճը:

Հայ ազգային կոնգրեսը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով: Գործող վարչախումբը շահագրգռված չէ արժանապատիվ ու բարեկեցիկ հասարակություն ձևավորման հարցում: Հակառակը, նրանց պետք է ունենալ նվաստացված, ճորտացված, աղքատ բնակչություն, որը կարող է մտածել միայն արվա հացը վաստակելու համար և իրենց համար «ավելորդ» խնդիրներ չի ստեղծի նաև բնապահպանական հարցերում, չի պայքարի անտառների կամ պուրակների ոչնչացման, շրջակա միջավայրի ավերման դեմ: Ուստի, հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելը նաև Հայաստանի բնության և էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունն է»:

Փետրվարի 22-ին «Առավոտ»-ում հրապարակվեց Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել նախապատրաստվող «Գեոթիմ» ընկերության պատասխան հայտարարությունը, որում ասված է. «Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը, չբերելով եւ ոչ մի հիմնավորում, «անթույլատրելի» է անվանել Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական եւ արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am:

Եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները կշարունակեն մեր ծրագիրը «անթույլատրելի» համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան եւ համահունչ: Լինելով թափանցիկ, սոցիալական եւ բնապահպանական առումով պատասխանատու հանրային ընկերություն, որը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, ունենալով միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, Գեոթիմը իր գործունեության առաջին օրվանից բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտներին համապատասխանության սկզբունքը որդեգրել է որպես գործունեության ուղեցույց:

2006թ. առ այսօր մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է $ 30 մլն, եւս $ 52 մլն ներդրվելու է այս տարի: Գեոթիմը ոչ միայն կայուն աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր, այլեւ փոխել է այդ մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովն այս ամենը եւս համարում է «անթույլատրելի»:

Գեոթիմը միշտ պատրաստ է մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի: Ուստի, օգտվելով այս առիթից, բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից ու մեր ընկերության գործունեությունը նախընտրական շահարկումների առարկա դարձնելու գայթակղությունից»:

Փետրվար 23, 2012 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր