

«Գեոթիմ» ՓԲԸ
«Գեոթիմ» ՓԲԸ-ն տեղեկացել է, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպությունը մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում կանցկացնի «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» անվանումը կրող քննարկումը: Մասնակիցների թվում նշված է նաեւ «Գեոթիմ» ընկերության անանուն ներկայացուցիչը: Զարմանալի է, որ քննարկման մնացած բոլոր մասնակիցների անուն-ազգանունները նշված են:
Մեր «անանուն» լինելու փաստը բացատրվում է նրանով, որ «Գեոթիմ» ՓԲԸ պաշտոնապես չի հրավիրվել մասնակցելու այդ քննարկմանը: Մարտի 9-ի (որն, ի դեպ, աշխատանքային օր չէր) ընկերության աշխատակիցներից մեկին է զանգահարել նախաձեռնողների ներկայացուցիչը` բանավոր առաջարկելով մասնակցել քննարկմանը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ նման «հրավերը» չի կարելի պատշաճ անվանել: Առավել հետաքրքրականն այն է, որ մեր աշխատակցին զանգահարելուց ժամեր առաջ քննարկման կազմակերպիչներն արդեն իսկ ԶԼՄ-ներին ուղարկել էին այն լուսաբանելու առաջարկն ու օրակարգը, որտեղ նշվում էր, թե ժամը 14:00-ին հանդես է գալու «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչը:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն այսօրվա քննարկմանը չի մասնակցելու, քանի որ չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձևակերպված հրավեր: Բացի այդ, մեր ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն երբեք չի խուսափել հանրային քննարկումներից: Մեր ընկերությունը կանոնավոր քննարկումներ է անցկացնում Ամուլսարի հանքավայրին հարակից երեք համայնքներում` Գորայք, Սարավան ու Գնդեվազ: Վերջին նման քննարկումը կայացել է երեկ, մարտի 12-ին:
Մենք բազմիցս նշել ենք, որ տեղական ու արտասահմանյան փորձագետների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ի գործունեությունը չի կարող որեւէ բնապահպանական կամ այլ վնաս հասցնել Ջերմուկին: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հասանելի են մեր կայքում, եւ մենք պատրաստ ենք քննարկել դրանք հանրության հետ: Սակայն համոզված ենք, որ ցանկացած քննարկում պետք է հետապնդի ճշմարտությունը բացահայտելու ու միմյանց լսելու նպատակներ: Հիմքեր ունենք պնդելու, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպության կողմից նախաձեռնած «քննարկման» նպատակները բոլորովին այլ են:
Վերջում հիշեցնենք, որ Գեոթիմ ընկերությունը առաջարկել է Ջերմուկի իշխանություններին աջակցություն ցուցաբերել տուրիստական ենթակառուցվածքների զարգացման գործում: Մասնավորապես, դեռ ս.թ. հունվարին Ջերմուկի քաղաքապետին գրավոր առաջարկել ենք դահուկային վազքուղու կազմակերպման նպատակով հրավիրել արտասահմանցի լավագույն մասնագետների: Ջերմուկի քաղաքապետն, ով այսօրվա քննարկման մասնակիցներից է, մինչ այս պահը այդ առաջարկին որեւէ կերպ չի արձագանքել:
Ջերմուկում քննարկում են Ամուլսարի հարցը` առանց «Գեոթիմի»
News.am
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքն ստացած «Գեոթիմ» ընկերությունը չի մասնակցում այսօր` մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում անցկացվող «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» անվանումը կրող քննարկմանը: Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն այսօրվա քննարկմանը չի մասնակցելու, քանի որ չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձեւակերպված հրավեր: Բացի այդ, մեր ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քննարկումները կազմակերպել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպությունը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Մտավախություններ կան, որ հանքավայրի շահագործումը կվտանգի Ջերմուկ առողջարանային քաղաքի ապագան: «Գեոթիմ» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ որեւէ բնապահպանական վտանգ չի առաջանա:
Մարտ 13, 2012 at 14:25
