

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի փակման նախագծի հասարակական լսումները հունիսի 21-ին կայացան` չնայած նրան, որ լսումների կազմակերպման պատասխանատուները տեղում չէին: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունն իր կայքում տեղադրել է հայտարարություն, որ հունիսի 21-ին`ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գորայք գյուղում տեղի կունենան Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի փակման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ: Նախագիծը ներկայացրել է «Գեոթիմ» ՓԲԸ-ն: Լսումներին մասնակցելու էին ժամանել Երեւանից եւ Ջերմուկից հասարակայնության ներկայացուցիչներ: Սակայն գյուղ հասնելով` մեզ հայտնեցին, որ ոչ գյուղապետ Առուստամ Առուստամյանը, ոչ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները չկան: «Երեկ` երեկոյան,ժամը 6-ին, 7-ին, ընկերության աշխատակից Արամ Պարունակյանը զանգահարեց մեզ եւ ասաց, որ լսումները հետաձգվում են: Իսկ մինչ այդ մեր սոցիալական հարցերով աշխատակիցը անձամբ էր թակում դռները եւ ասում, որ բոլորն անպայման գան անկախ տարիքից եւ սեռից: Բայց երբ մենք իմացանք, որ լսումները հետաձգվում են, ապա զանգահարեցինք եւ զգուշացրեցինք, որ լսումները չեն լինելու»,- պատմեց Գորայքի բնակչուհի Մարիետա Գրիգորյանը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը կարծում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նման բան նախատեսված չէ: «Լսումները պաշտոնապես հայտարարված են եւ այլ հայտարարություն նախարարության կողմից չի եղել: Իսկ եթե կա էական պատճառ, որ լսումները հետաձգվում են, ապա պետք է նախօրոք հայտնեն պաշտոնապես նախարարության կայքի միջոցով: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում` ընկերությունը հետաձգել է լսումները: «Lydian International»-ը («Գեոթիմ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր) ասում է, որ հետեւում է միջազգային չափանիշներին: Այդ ո՞ր չափանիշով է հետաձգվում օրենքով նշանակված միջոցառումը: Ընկերությունը հայտարարում է իրեն անգլիական ընկերություն, բայց մի՞թե Անգլիայում հնարավոր է նման կերպ վարվել: Իսկ Հայաստանում հնարավո՞ր է»,- ասում է Լեւոն Գալստյանը:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը կարծում է, որ լսումները կարելի է կայացած համարել. «Այդպես է կարծում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը: Երբ մենք նշում ենք, որ որեւէ լսման ընկերությունը չի ներկայացել, ապա նրանք ասում են` հետո ինչ, նշանակում է նման լսումներ են եղել: Օրենքով նախատեսված չէ ընկերության կամ նախագծողների պարտադիր ներկայությունը»:
Հասարակայնությունն, այնուամենայնիվ, անցկացրեց նախագծի հասարակական լսումները Գորայքի հավաքված բնակիչների հետ միասին: Ստորեւ ներկայացնում ենք քննարկումը եւ ստորագրման թերթիկը:
Ինգա Զարաֆյան` ԷկոԼուր.
-Իսկ դուք Ամուլսարի հանքավայրի փակման վերաբերյալ ի՞նչ հարցեր կցանկանայիք պարզել:
-Գորայքի բնակիչ.
- Մի ամիս առաջ մեր գյուղապետին ուղարկեցին Ամերիկա` ցույց տալու նմանատիպ հանքավայր: Նա եկավ եւ ասաց, որ որեւէ վնաս հանքը չի բերում: Որեւէ ռիսկ նա այնտեղ չի տեսել: Մենք հարցրեցինք, թե նման է նրան, ինչ տեսել է Կապանում: Գյուղապետը պատասխանեց` ոչ, դրանք ասես սար ու ձոր լինեն: Եթե ընկերությունը նույն կերպ աշխատի մեզ մոտ, ապա ռիսկեր չեն լինի:
Ինգա Զարաֆյան` ԷկոԼուր.
-իսկ ո՞ր ընկերության մասին է խոսքը: «Lydian International»-ի տեղեկատվության համաձայն` նրանք ԱՄՆ-ում նախագծեր չունեն:
Բնակիչ.
-Դե ես չգիտեմ: Գյուղապետն ասաց, որ մեզ մոտ նույնն է լինելու:
Ինգա Զարաֆյան` ԷկոԼուր.
-Նախագծով ձեզ մոտ 50 միլիոն տոննա լցակույտ է լինելու: Իսկ նախագծում ոչինչ չկա հանքաքարի կազմի մասին: Չե՞ք ուզում իմանալ, թե ինչ կազմ կա, կա՞ն արդյոք վնասակար նյութեր:
Գորայքի բնակչուհի.
-Մենք հարցրել ենք, բայց մեզ միշտ պատասխանել են, որ վնասակար նյութեր չկան: Իհարկե, մենք գիտենք, որ դրանք կան: Բայց չգիտենք, թե ինչ քանակով եւ ինչ նյութեր:
«Գեոթիմ»-ի աշխատակից.
-Մեզ 50 միլիոն լցակույտը չի հուզում: Մեզ ասացին, որ այդ 50 միլիոնը նորից տանելու են հանք եւ այնտեղ փակելու: Եթե կանոնները պահպանվեն, եւ մարդիկ բարեխիղճ աշխատեն, ապա ամեն ինչ կարգին կլինի: Իսկ ինչ վերաբերում է 50 միլիոնին, ապա մենք շատ արոտավայրեր ունենք, կարծում եմ, որ մեզ վնաս չի տա: Ընկերությունը մեզ էկրանի վրա նման հանք ցույց է տվել Նիդեռլանդներում` դպրոցի մոտ: Եւ այն լցված է ջրով:
Ինգա Զարաֆյան` ԷկոԼուր.
-Իսկ ի՞նչ հանքավայր էր, մետաղակա՞ն, ոչ մետաղակա՞ն, ոսկո՞ւ, քարածուխի՞:
Բնակիչ.
Չգիտեմ, երեւի ոսկու: Էկրանին երեւում էր, որ լցրել են ջրով, իսկ 2կմ այն կողմ դպրոց էր: Բայց թե ինչ հանքավայր էր, չգիտեմ: Կարող է` ոսկու էր, կարող է մոլիբդենի էր, կամ քարածուխի: Բայց եթե դպրոց է, ապա մարդկանց համար վնաս չկա:
Բնակիչ.
-Մենք գիտենք ռիսկերի մասին: Բայց կառավարությունը որոշել է: Ինչ է, մեր մասին չպետք է հոգ տանեն, իմանան, ինչ ռիսկեր կան, ինչ է պետք անել:
Բնակչուհի.
-Մենք լավ գիտենք ռիսկերի մասին: Բայց եթե մենք չաշխատենք, ապա մեկ ուրիշին կբերեն: Մեզ մոտ սոցիալական վիճակը լավացել է: Հիմա մարդիկ վերադառնում են: Իսկ առողջության մասին պետք է մտածել: Ամեն դեպքում հանք է: Մեզ մոտ ընկերությունն օգնում է առողջության ստուգում կազմակերպել: Մեր սոցիոլոգը տարածում է թերթիկներ: Նայեք, այնտեղ գրված է այն մասին, թե ինչ լավ գործեր է անում ընկերությունը: Բայց առողջությունը, միեւնույն է, ավելի կարեւոր է: Մենք վատ ջուր ունենք: Նույնիսկ ամաններն է ծակում: Գյուղում շատերն են հիվանդ: Բայց թե ինչ կա այդ ջրում, հայտնի չէ: Տեսչությունը գալիս է, տուգանում եւ վերջ:
Հունիսի 21-ին Գորայք գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի փակման նախագծի հասարակական լսումներին մասնակցած հասարակայնության ներկայացուցիչների անունից Բնապահպանության նախարարությանը խնդրում ենք Գորայք գյուղի հասարակական լսումները համարել կայացած եւ երկրորդ` մասնագիտական կարծիքի հասարակական լսումները նշանակել Երեւանում:
Հունիս 24, 2013 at 15:10





