Ցիանային ֆաբրիկայի կառուցման քննարկումը Գորայքից տեղափոխվեց Գնդեվազ

Ցիանային ֆաբրիկայի կառուցման քննարկումը Գորայքից տեղափոխվեց Գնդեվազ

ԷկոԼուր

«Գեոթիմ» ընկերությունը հանդիպում կազմակերպեց Գնդեվազ գյուղի բնակիչների հետ, որի ընթացքում խոսվեց ոսկու կորզման ցիանային արտադրության մասին: Բացի ընկերության ներկայացուցիչներից եւ բնակիչներից քննարկմանը մասնակցում էր Վայոց ձորի մարզպետ  Էդգար Ղազարյանը: ԷկոԼուրի բլոգեր, Գնդեվազ գյուղի բնակչուհի Մարիաննա Արշակյանը գրում է. ««Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը խոսեց դատարկ ապարների տեղամասի մասին, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի մոտ գտնվող Գնդեվազ գյուղի արոտավայրերի վարձակալության մասին: Գյուղացիների հիմնական մտահոգությունը կապված էր գյուղի ջրերի աղտոտման հետ: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք կատարել են բոլոր հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական ուսումնասիրությունները, և ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա ջրերի վրա: Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակեն աշխատել նույն ձևով: Գյուղացիները նաև խոսեցին տարածքի սեյսմիկ ռիսկերի մասին: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում են սեյսմիկ անվտանգության հարցերը եւ եթե երկրաշարժ լինի, ապա կույտային տարրալվացման հարթակն ու լցակույտերի տեղամասը կկարողանան դիմակայել երկրաշարժին: «Գեոթիմ»-ի Բնապահպանական և սոցիալական մենեջեր Արմեն Ստեփանյանը խոսեց թափոնների մասին, թե որտեղ են հավաքվելու:

Արմեն Ստեփանյանը նշեց, որ բոլոր շենքերը կկառուցվեն նախագծի պահանջներին համապատասխան, և կույտային տարրալվացման  հարթակի և թափոնների տեղամասի դեպքում հարթակի պաշտպանիչ  շերտեր կտեղադրվեն շինարարության որակի պահպանման պահանջներին համապատասխան»:

Հիշեցնենք, որ ցիանային արտադրությունը պետք է տեղադրվեր Գորայք գյուղի տարածքում` Արփա եւ Որոտան ջրահավաք ավազանի շրջանում, որոնք Սեւանա լճի ջրահավաք ավազանի մաս են կազմում: Բայց այն բանից հետո, երբ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը էական ռիսկերի համար բացասական եզրակացություն տվեց Ամուլսարի նախագծին, ցիանային ֆաբրիկայի հին նախագիծը հետ կանչվեց: Գորայք գյուղում ընկերությունը նույնիսկ «Ինչ է պետք իմանալ ցիանիդի մասին» անվանմամբ բրոշյուրներ էր բաժանել: Նրանցում մասնավորապես գրված էր. «Ցիանիդները բարձր տոքսիկություն ունեն: Չնայած դրան, ինչպես էլեկտրականության, պայթուցիկ նյութերի, դյուրավառ նյութերի դեպքում դրանք վտանգավոր են միայն սխալ օգտագործման ժամանակ»:

Հուլիս 15, 2013 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր