

ԷկոԼուր
ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի 749-N որոշմամբ՝ 3000մ հեռավորությամբ Արփա-Սևան թունելը գտնվում է Սևան ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում: Համաձայն «Սևանա լիճի» մասին ՀՀ օրենքի (10-րդ հոդված)՝ անմիջական ազդեցության գոտում արգելված է կառուցել վերամշակման ձեռնարկություններ: Խնդիր է առաջանում. արդյո՞ք Ամուլսարի հանքաքարի վերամշակման համար նախատեսված ցիանային գործարանի կառուցման տարածքը մտնում է այս գոտու մեջ, թե ոչ: Եթե մտնում է, ապա ընկերությունը ստիպված կլինի փոխել տարածքը, ընդ որում, արդեն երկրորդ անգամ: Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքաքարի ակտիվները պատկանում են Lydian International Ltd. ընկերությանը, որի անունից Հայաստանում գործում է «Գեոթիմ» ՓԲԸ-ն:
Մեր ունեցած՝ դեռևս չճշտված տվայլների համաձայն, Սևանա լճի ավազանի թույլատրված և չթույլատրված սահմանները որոշելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ: Իսկ մինչ այդ, հղում անելով http://www.proactiveinvestors.co.uk/companies/news/59397/lydian-boss-coughlin-heap-leach-plant-will-not-affect-lake-59397.html կայքին՝ նշենք, որ կառավարության այդ որոշումը հանգեցրեց ընկերության բաժնետոմսերի գնի 30% նվազմանը: Եվ անմիջապես այս ընթացքում Lydian-ի գլխավոր տնօրեն Թիմ Կոֆլին հրապարակայնորեն հայտարարեց, որ նախագիծը չի ազդի Սևանա լճի վրա, և որ ՀՀ կառավարությունը, ինչպես նաև տեղական իշխանության մարմինները, շարունակում են աջակցել նախագծին: «Մենք աշխատանք ունենք՝ կարճ ժամանակահատվածում լուծել ձևաչափի հետ կապված հարցերը, շարունակել և ավարտին հասցնել մեր նոր տեխնիկա-տնտեսական հիմնավորումը»,- ասել է գլխավոր տնօրենը՝ հավաստիացնելով, որ բաժնետոմսերը սկսել են վերականգնվել:
Հաջորդիվ եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Կետրին Ջեյն Ռիչի հաղորդագրությունը: Դեսպանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ամուլսարի նախագծին: «Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսեց Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին և խնդրեց նախարարին այս հարցում աջակցել ներդրումային ընկերությանը»,- ասված է ՀՀ բնապահպանության նախարարության մամլո հաղորդագրությունում: Հաշվի առնելով այն, որ բնապահպանության նախարարության առաքելության մեջ մտնում է ոչ թե ներդրումային ընկերություններին աջակցելը, այլ բնության պաշտպանությունը, հաղորդագրությունը ավելի քան ակնհայտ է:
Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարներին, որի մասին ասաց Lydian-ի տնօրենը, ապա կարող է պարզվել, որ հեռանկարը այդքան էլ կարճաժամկետ չէ: Քանի որ բնապահպանության նախարարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ 2012թ.-ի հուլիսի 31-ին տվել է դրական եզրակացություն, հետևաբար 2013թ.-ի օգոստոսի 9-ի դրությամբ այն ժամկետանց է: Ընկերությունը դեռ չի իրականացրել եզրակացության մեջ նշված պահանջները. օրինակ` ցիանային գործարանի կառուցման դեպքում «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի պահպանման պահանջը: Արդյո՞ք դա նշանակում է, որ կառավարությունը ուղարկել է իր հաղորդագրությունը 749-N որոշման միջոցով:
Օգոստոս 09, 2013 at 15:13
