

ԷկոԼուր
Շահագրգիռ կողմերն ուսումնասիրում են «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր»-ը, որի մեջ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) առաջարկով ներառված է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման հարցը։
ԷկոԼուրի հետ զրույցում WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը թվարկեց, թե «Ջերմուկ» ազգային պարկի պոտենցիալ տարածքում Կարմիր գրքում գրանցված ինչ տեսակներ կան: «Քարայծ, բեզոարյան այծ, ընձառյուծ, կան թռչունների հետաքրքիր և վտանգված տեսակներ, օրինակ՝ գիշանգղը, կասպիական ուրալը: Կան օձերի տեսակներ՝ հայկական իժը, որը նույնպես Կարմիր գրքում է գրանցված, անդրկովկասյան սահնոցը և մի շարք այլ տեսակներ: Տարածքը բավականին հարուստ է վայրի տանձենիներով, կան նաև այդ տարածքում Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակներ: Ընդհանուր կան Կարմիր գրքում գրանցված մոտ 50 կենդանատեսակներ և 40-50 բուսատեսակներ»,- ասաց Կարեն Մանվելյանը՝ նշելով, որ ևս 22 վտանգված տեսակներ կան Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Այն հարցին, թե «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման դեպքում հնարավոր է արդյոք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքը ընդգրկվի ազգային պարկի մեջ, Կարեն Մանվելյանը պատասխանեց․ «Քանի որ Ամուլսարի հանքավայրի տարածքը վարձակալված է «Lydian International» ընկերության կողմից, գրեթե անհնար է, որ այն ընդգրկվի «Ջերմուկ» ազգային պարկի մեջ: Կա միայն մեկ տարբերակ, եթե պետությունը կիրառի «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը»:
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովման համար սեփականության նկատմամբ կարող է բացառիկ շահ ճանաչվել։
Այն հարցին, թե ինչ կլինի, եթե հանքավայրի տարածքը չընդգրկվի «Ջերմուկ» ազգային պարկի մեջ եւ հանքը շահագործվի, Կարեն Մանվելյանը պատասխանեց․ «Փոքր տեսակները կվերանան, գորշ արջը կհեռանա, քարայծը կհեռանա, օձերը կմնան խոշոր տեխնիկայի տակ, գիշատիչ թռչունները նույնպես կհեռանան, Կարմիր գրքում գրանցված Potentilla porphyrantha բուսատեսակը նույնպես կվերանա»,- ասաց Կարեն Մանվելյանը՝ նշելով, որ եթե նույնիսկ Ամուլսարի հանքավայրը գտնվի ազգային պարկի բուֆերային գոտում, ապա այդ դեպքում էլ չի կարելի բաց հանք շահագործել, իսկ վտանգված տեսակներին հնարավոր չէ տեղափոխել այդ տարածքից։ «Ասենք, բույսը տարան, արջին էլ հո չե՞ն տանելու: Փոքր կենդանիները՝ օձերը, մկները և այլն, կմնան ծանր տեխնիկայի տակ»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Նշենք, որ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքի օգտագործումն արգելվում է եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
Մայիս 27, 2014 at 11:49
