

ԷկոԼուր
Անսպասելի էր ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչների դիմումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ (CAO)՝ կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի ֆինանսավորման դադարեցման և գյուղի տարածքում ցիանային ֆաբրիկայի կառուցման հետ: Դիմումի տակ ստորագրել են գյուղի ավելի քան 200 բնակիչներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ CAO-ին նման պահանջով դիմել էին 9 կազմակերպություններ և ակտիվիստներ: ԷկոԼուրի աշխատանքային խումբը եղավ Գնդեվազում և հանդիպեց որոշ բնակիչների հետ: Հրապարակում ենք գնդեվազցիների կարծիքը:
«Մենք նախկինում էլ ենք արտահայտվել Ամուլսարի նախագծի ռիսկերի մասին քննարկումների ժամանակ, որովհետև լավ գիտենք, ինչպիսի հանքավայրեր կան այստեղ, ինչ են արդյունահանել և ինչ ռիսկեր կան: Մեր սարերում՝ Ամուլսարում, և ոսկի կա, և արծաթ, և կապար, և ուրան...Ով աշխատել է հանքերում, նա գիտի...Ահա փակ հանք, քանի տարի հանում էին և կապար, և ոսկի, տանում էին Մասիսի ֆաբրիկա և այնտեղ մշակում: Ով աշխատել է՝ նա գիտի, թե որքան վատ են իրենց զգում, ամբողջ առողջությունը կորցնում ես: Ամուլսարում էլ են աշխատել: Դեռ հանքավայրը չեն բացել, բայց հետախուզական աշխատանքների ժամանակ են աշխատել...Օրինակ, ես մի տարի աշխատել եմ Ամուլսարի հետախուզական աշխատանքներում, «Գեոթիմ» ընկերությունում: Նրանք բացել են հազարավոր հորատանցքեր, հորատելեն, և նրանք, ովքեր աշխատել են այդ հորատանցքերում, օրինակ ես, շատ վատ էին իրենց զգում: Իմ ճնշումն էր բարձրանում, գլուխս էր պտտվում...Մենք սկսեցինք անհանգստանալ: Առողջության հետ կապված ոչ մի ուսումնասիրություն ընկերությունը չանցկացրեց: Բայց մենք միամիտ մարդիկ չենք...
Մենք խոսել ենք ռիսկերի մասին «Գեոթիմ»-ի քննարկումների ժամանակ: Բայց ոչ մի անգամ, երբ եղել է բացասական կարծիք Ամուլսարի նախագծի վերաբերյալ, այդ կարծիքը չի արձանագրվել, և մենք դադարեցինք գնալ քննարկումներին...
...Մեզ անհանգստացնում է այն, որ նրանք ոչինչ չեն ասում ռիսկերի մասին, և երբ մենք հարցեր էինք տալիս, մեզ պատասխանում էին՝ ամեն ինչ լավ է, ոչ մի ռիսկ չկա...Տարան մեր գյուղապետին Ամերիկա և ցույց տվեցին ինչ-որ ձեռնարկություններ: Նա վերադարձավ, պատմեց, թե ինչ լավ էր այնտեղ: Դա Ամերիկան էր, և դա ուրիշ ընկերություն էր: Մի գուցե այնտեղ լավ է, մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք...
Բնակիչները, ովքեր համաձայնել են ցիանային ֆաբրիկայի կառուցմանը, մոլորության մեջ են: Ֆաբրիկան պետք է կառուցվի այն տարածքում, որտեղ ծիրանի այգիներն են: Մեր ծիրանենիները մեր ուղղակի եկամուտն են: Երբ Արարատում վերջանում է ծիրանը, մեզ մոտ նոր է սկսում հասնել, և մենք հայտնվում են վաճառքի լավ շրջանում: Վաճառում ենք շահավետ գնով...Տեսեք, ողջ Հայաստանում ծիրանենիները ցրտահարվել են, և բոլորը եկել են մեզ մոտ, մենք կարող ենք դրանք վաճառել 1000 դրամով: Այգիների հետ կապված ամենամեծ առավելությունն այս տարածքում այն է, որ մի քանի տարի առաջ այստեղ ջուր են ացկացրել: Դուք պատկերացնում եք ՝ ինչ է նշանակում, երբ մենք չենք մտածում մեր այգիների ոռոգման մասին: Այդ գլխացավանքը չունենք: Ամեն ինչ ոռոգվում է, երբ պետք է, առանց խնդիրների: Իսկ հիմա նոր խնդիր՝ ցիանային ֆաբրիկա: Այգիներից ոչինչ չի մնա, եթե մնա էլ, ոչ ոք միրգը չի գնի: Արդեն հիմա, երբ ոմանք լսում են, որ միրգը Գնդեվազից է, ասում են՝ դա այնտեղ է, որտեղ ցիանային ֆաբրիկա կա: Եվ մենք չենք կարողանում նրանց համոզել, որ ֆաբրիկան դեռ կառուցված չէ, որ մեր մրգերը մաքուր են...
Իմ տարածքում ծիրանենիներ չկան, ես եկամուտ եմ ստանում երեքնուկից, դա լավ կեր է և լավ վաճառվում է: Ընկերությունը եկավ, փորեց իմ տարածքում փոս և ինչ-որ խողովակ անցկացրեց: Թե ինչի համար անցկացրեց, չգիտեմ, ինձ չբացատրեցին...Ես չեմ պատրաստվում իմ տարածքը տալ ընկերությանը: Նրանք մտածում են, որ կարող են համոզել, բայց ինձ չեն համոզի: Հիմա այստեղ կառուցում են Հայաստանի ամենամեծ ֆերման՝ 1000 գլուխ կենդանի...Ես նրանց երեքնուկ եմ վաճառելու և կարող եմ ընդլայնվել, չեմ տա հողս ընկերությանը...
Գյուղում որոշ մարդիկ վստահ են, որ այգիների համար ամենաքիչը ստանալու են 50 000 կամ 100 000 դոլլար, կգնեն բնակարաններ Երևանում, կապեն այնտեղ կամ վարձով կտան: Չգիտեմ՝ իրենք ինչպես են հաշվում այդ փոխհատուցման մեծ չափը, բայց ընկերությունը նրանց հակառակում չի համոզում, միայն թե ստանա նրանց համաձայնությունը և ստորագրությունները: Նրանք էլ ստորագրում են փաստաթղթերը...
Եթե անգամ նրանք կողմ են նախագծին, մեզ համար դա նշանակություն չունի, քանի որ մենք չենք պատրաստվում հեռանալ գյուղից և մեզ համար միևնույն չէ, որ ինչ-որ մեկը ուզում է հարստանալ մեր առողջության և բարեկեցության հաշվին...»,- ասացին մեզ Գնդեվազ գյուղի բնակիչները:
«Գեթոիմ» ընկերությունն արդեն մի քանի անգամ տեղափոխում է ցիանային ֆաբրիկայի կառուցման տարածքը: Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրված տարածքներն արգելված համարվեցին, քանի որ ընկնում էին Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում: Այժմ տարածքը տեղափոխված է Գնդեվազ: Բայց նախկինում հնազանդ բնակիչները որոշեցին դիմադրություն ցույց տալ ընկերությանը և պաշտպանել իրենց իրավունքները: Տեսնենք՝ ինչպես կարձագանքի CAO-ն գնդեվազցիների բողոքին՝ կապված Ամուլսարի նախագծի հետ: 9 կազմակերպությունների և ակտիվիստների բողոքը ընդունված է և այժմ պատրաստվում է ստուգումների հաշվետվությունը:
Հետևեք Ամուլսարի նախագծի վերաբերյալ իրադարձությունների զարգացմանը ԷկոԼուրի հետ:
Լուսանկարները` Թեհմինե Ենոքյանի
Օգոստոս 04, 2014 at 15:30




