

ԷկոԼուր
Միջազգային ֆինանսակական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` (EBRD), PR քարոզարշավի են անցել` ի աջակցություն Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման և ցիանային եղանակով ոսկու կորզման նախագծի:
IFC-ն և EBRD-ն «Lydian International» ընկերության հիմնական ներդրողներն են, որը ի դեմս Հայաստանում իր ներկայացուցիչ «Գեոթիմ» ընկերության մտադիր է իրականացնել Ամուլսարի նախագիծը:
Ներկայումս Ամուլսարի նախագիծը անցնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով բնապահպանական փորձաքննության և հասարակական լսումների գործընթաց:
Օգոստոսի 25-ին` Գնդեվազ համայնքում, տեղի ունեցած առաջին իսկ լսումների ժամանակ գյուղի բնակիչները կազմակերպեցին բողոքի ակցիա և բարձրաձայնեցին ծրագրի ռիսկերը: Դրանից ոչ շատ վաղ IFC-ի Օմբուդսմենի գրասենյակը բողոք ստացավ` կապված Ամուլսարի ծրագրի հետ, որը ստորագրել էին ավելի քան 200 բնակիչներ:
Դեռ ավարտված չէ Ամուլսարի նախագծի վերաբերյալ IFC-ի և EBRD-ի գրասենյակ ուղարկված երկու այլ բողոքների դիտարկումը, որոնք ստորագրել են «կանաչ» հասարակական նախաձեռնությունները և բնապահպանական կազմակերպությունները:
Բոլոր երեք բողոքներում, ինչպես նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ ուղարկված նամակում նշված են երկրի ռազմավարական շահերի` ջրային ռեսուրսների, Սևանա լճի, կենսաբազմազանության և Կարմիր գրքում գրանցված տեսակների, բնակչության առողջության, միջուկային անվտանգության վերաբերյալ ռիսկերը:
Ի աջակցություն Ամուլսարի նախագծի հրապարակայնորեն հանդես են եկել «Գեոթիմ» ընկերության աշխատակիցները, ծրագրի ազդեցության տակ գտնվող երեք համայնքների գյուղապետերը: Կան հակասական հայտարարություններ, մասնավորապես, Ջերմուկի քաղաքապետից, ով 2012 թ. հայտնեց բացասական կարծիք, իսկ 2014 թ. կարծիքը դարձավ դրական առանց որևէ հիմնավորման: Եվ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը 2012թին տվեց բացասական եզրակացություն, իսկ 2014 թ.` դրական:
Ամուլսարի նախագծին ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հասարակայնությունը բաց նամակով դիմեց նախարարին և մեղադրեց նրան կողմնակալության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի անկախ գործընթացի ճնշման մեջ: Էկոնոմիկայի նախարարությունը պատասխան նամակում նշեց, որ նախարարի վստահությունը տվյալ ներդրումային ծրագրի նախագծի վերաբերյալ պայմանավորված է այն հանգամանքով, որ շահագործող ընկերության բաժնետերերից են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որոնք չափազանց խիստ պայմաններ են դնում բնապահպանության խնդիրների լուծման տեսանկյունից և բազմիցս հավաստիացրել են այդ մասին:
Այս ֆոնի վրա Հայաստան ժամանած IFC-ի և EBRD-ի ներկայացուցիչները արել են հետևյալ բովանդակությամբ հրապարակային հայտարարությունները:
IFC-ում ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Կարստեն Ֆյուելստեր. «IFC-ն Հայաստանում աջակցում է տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին: Այս ջանքերի շրջանակներում մենք նաև աջակցում ենք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը: Թույլտվություն ստանալուց հետո Ամուլսարի ծրագիրը, որը IFC-ի միակն ներդրումն է Հայաստանում այս ոլորտում, կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել, ներառյալ՝ երկրի եկամուտների աճը և համայնքներում աշխատատեղերի ստեղծումը: IFC-ն իր հաճախորդ ընկերությունների և իր կողմից ֆինանասավորվող ծրագրերի, այդ թվում և Ամուլսարի ծրագրի դեպքում կիրառում է ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշները: Դա ապահովելու միջոցներից մեկը անցյալ շաբաթվա նման կանոնավոր մշտադիտարկման այցերն են: Մենք կշարունակենք հետևել, որ ծրագիրը համապատասխանի IFC-ի չափանիշներին իրականացման ողջ ընթացքում»:
EBRD-ում բնապահպանության գծով ավագ մասնագետ Սեմ Ուոկեր. «EBRD-ն նպատակ ունի աջակցելու տնտեսական զարգացմանը այն երկրներում, որտեղ ներդրումներ է իրականացնում: Այս առումով, Ամուլսարի ծրագիրը տարածաշրջանի և երկրի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի: Մենք հետևում ենք, որ մեր ծրագրերը համապատասխանեն բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին: Նմանօրինակ այցերը շատ կարևոր դեր են կատարում այդ նպատակին հասնելու համար: Լիադիանի և Գեոթիմի կողմից իրականացված շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական աշխատանքները խրախուսելի ենք համարում: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը կլինի հաջորդ կարևոր քայլը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ծրագրի զարգացման համար: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին (բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատական) ծանոթանալու հնարավորությանը, մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը դրա համապատասխանությունը որոշելու համար, ինչպես նաև լայնածավալ հանրային խորհրդակցությունների արդյունքներին, որոնք ընկերությունը նախատեսում իրականացնել ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո»:
Հոկտեմբեր 24, 2014 at 16:06
