Փորձագետները շարունակում են ներկայացնել Ամուլսարի ծրագրի բացթողումները

Փորձագետները շարունակում են ներկայացնել Ամուլսարի ծրագրի բացթողումները

ԷկոԼուր

Անկախ փորձագետները շարունակում են հերքել Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) եւ Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) համապատասխանությունը եվրոպական եւ միջազգային ստանդարտներին: Չնայած դրան, Ամուլսարի ծրագրի շահագրգիռ կողմերը` «Lydian International» ընկերությունն ու նրա գլխավոր բաժնետերեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD)-ն եւ Միջազգային  ֆինանսական կորպորացիան (IFC)  պնդում են, որ այդ համապատասխանությունն ապահովված է ՇՄԱԳ-ի եւ ԲՍԱԳ-ի փաստաթղթերում:

Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի բնագավառում միջազգային փորձագետ, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը հայտնաբերել է Ամուլսարի ծրագրի փաստաթղթերում առկա էական բացթողումներ, որոնք կարող են ազդել Ամուլսարի ամբողջ ծրագրի իրականացման հետեւանքների վրա:

Հանքավայրի փոշու ազդեցությունը: «Հայաստանում մենք ունենք մոտ նույն բարձրությունների վրա գտնվող այլ ոսկու հանքավայր, որից փոշին տարբեր ձեւերով տարածվում է մինչեւ 30 կմ եւ ոչ թե ընկերության փաստաթղթերում ներկայացված 1 կամ 0.5 կմ: Այսինքն, մոդելում փոշու ցրման բոլոր ճանապարհները չեն գնահատվել, եւ մոդելը թերի է: Դրա դիմաց միջոցառումներն էլ, բնականաբար, թերի են նշված: … Չկա  մշակաբույսերի որակի եւ բերքատվության վրա ազդեցության գնահատումը:…Այնտեղ գյուղատնտեսական հսկա գոտի կա, հասկանալի չէ, թե ինչ տեղի կունենա այդ մշակաբույսերի հետ: Ես ունեմ կրկին նույն բարձրության վրա գտնվող նույնատիպ այլ հանքավայրերի շրջակայքի ուսումնասիրություն, երբ հանքավայրից եւ պոչամբարից տարածվող փոշին մշակովի այգիների բերքն ուղղակի աղտոտել է այն աստիճան, որ դա պիտանի չէ արդեն: Նաեւ արձանագրվել է բերքատվության անկում: …Ես կարծում եմ, որ դա ամենակարեւոր հարցն է, որովհետեւ չպետք է այնպես լինի, որ տասնյակ կիլոմետր շառավղով գյուղատնտեսությունը վերանա այդ տարածքից: …

Գնահատված չէ արոտավայրերի եւ վայրի բույսերի վրա ազդեցությունը, այսինքն` էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունը չկա:… Մարդու կողմից օգտագործվող սննդի կամ դեղաբույսի տեսքով բույսերի, հատապտուղների վրա ազդեցության գնահատումը նույնպես չկա: Եւ իրենք սա ընդունել են: …»:

Ջերմուկ հանքային ջրերի վրա ազդեցություն: «Ամուլսարի հանքավայրը գտնվում է Ջերմուկի հանքային ջրերին շատ մոտ: Ընկերությունը շատ թանկարժեք հետազոտություններ է պատվիրել, եւ, ըստ այդ հետազոտությունների արդյունքների, եզրակացության են հանգել, որ Ջերմուկի հանքային ջրի որակի վրա հանքավայրի շահագործումն ազդեցություն չունի:  Սակայն  մեր երկրի բնակչության, պետության համար խիստ կարեւոր Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրն այնքան մեծ նշանակություն ունի, որ միայն մեկ հետազոտության արդյունքներով բավարարվել չի կարելի: ... Բացի այդ, այդ հետազոտությունները պետք է շարունակվեն հանքավայրի շահագործման ողջ ընթացքում, նույնիսկ շահագործումից հետո: …Ես, որպես մասնագետ, կասկածներ ունեմ, որ հանքային այդ մարմինն ազդեցություն ունի Ջերմուկի ջրի բաղադրության վրա, որովհետեւ Ջերմուկի ջրի հետազոտությունները տարվա տարբեր սեզոններին ցույց են տալիս բաղադրության մի փոքր փոփոխություն, եւ որոշ սեզոնների մկնդեղի կոնցենտրացիան տատանվում է: Եւ դա հիմք է տալիս պնդելու, որ անպայման այդ հետազոտությունները նորից արվեն, որովհետեւ եթե Ամուլսարի ոսկին որեւէ վերջավոր քանակ է եւ որոշակի արժեք ունի, ապա կարծում եմ, որ Ջերմուկի հանքավայրը գին չունի»:

Արփա եւ Որոտան գետերի ակունքային հատվածների ֆոնային վիճակը թերի է գնահատված: «Ամուլսարի հանքավայրին շատ մոտ եւ հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվում են Հայաստանի 2 գետավազանների ակունքային հատվածները` Որոտանի եւ Արփայի: Ակունքային հատվածների ֆոնային վիճակը թերի է գնահատված` ելնելով թե Եվրոպական ջրի շրջանակային դիրեկտիվի մեթոդոլոգիայի տեսանկյունից, եւ թե ամերիկյան մեթոդոլոգիայի: Ես ուղղակի 2 ինդիկատորային ցուցանիշ ասեմ, ակունքային հատվածների հատակային նստվածքների բիոմոնիտորինգի տվյալները թերի են, որովհետեւ օրինակ, ամենաինդիկատորային ցուցանիշները` մակրոանողնաշարավորների տվյալները, ընդհանրապես չկան, իսկ ջրի շրջանակային դիրեկտիվում ջրերի բիոմոնիտորինգի առաջին ցուցանիշը հենց դա է: Երկրորդը` հատակային նստվածքների քիմիական բաղադրությունը գոնե այդ պահին հայտնի չէր այն դեպքում, երբ որ ընկերությունը պարտավոր էր դա գնահատել, մինչեւ արտադրական գործունեություն   սկսելը ներկայացնել հանրությանը որպես ռեֆերենտ ֆոնային վիճակ, որպեսզի մենք կարողանայինք հետեւել, թե հետագայում ինչպիսի փոփոխություններ է դիտվում»:

Նոյեմբեր 24, 2015 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր