«Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-երը դուրս մնացին Ամուլսարի գործով դատական գործընթացից

«Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-երը դուրս մնացին Ամուլսարի գործով դատական գործընթացից

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ Ամուլսարի հանքավայրի գործով հայվցոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից օգոստոսի 30-ին:

Դատավոր Կարեն Զարիկյանը հայտարարեց. «Այս պահին դատարանը գտնում է, որ երկու ՀԿ-երը իրավունք չունեն հայց հարուցելու դատարան տվյալ գործով, և ակնհայտ է, որ դա չի պահանջում նյութական իրավունքի քննություն, որպեսզի այդ հարցը պարզվի: Նույնը չեմ ասելու ֆիզիկական անձանց մասով, որովհետև նրանց դատարան դիմելու իրավունքը դատարանի համոզմամբ փոխկապակցված է նյութական իրավունքի հետ, և նյութական իրավունքի հարցերի քննության արդյունքում է դատարանը որոշելու, թե կոնկրետ իրավիճակում հայցվոր քաղաքացիների իրավունքները խախտվել են, թե՝ ոչ: Հետևաբար, ֆիզիկական անձանց մասով դատարանը շարունակելու է գործի քննությունը, և ըստ էության քննությունը»:

«Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-երը և Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ դատարան հայց են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի` 2014 թ-ի Ամուլսարի փոփոխված նախագծին տրված ՇՄԱԳ եզրակացության չեղարկման պահանջով:

Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ շարունակելու են պնդել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը կրկին փորձաքննության ենթարկելու իրենց միջնորդությունը:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու են դատարանի որոշումը: «Դատարանը կիրառեց ՀԿ-երի մասին նոր օրենքի դրույթները, որոնք զգալիորեն սահմանափակում են ՀԿ-երի իրավունքները: Մեր կառավարությունը ուներ միջազգային պարտավորություն ընդյալնել ՀԿ-երի դատարան դիմելու իրավունքը, բայց ստեղծեց մի այնպիսի օրենք, որ ընդլայնելու փոխարեն զգալիորեն սահմանափակեց: Տվյալ դեպքում սահմանափակումը նա է, որ մի շարք նախապայմաններ են դրել ՀԿ-ների առջև. լսումների բոլոր փուլերին չի մասնակցել, շահառուների հետ կապված հարցեր, այնպիսի սահմանափակումներ, որոնք նախորդ օրենքի ժամանակ չկային: Այստեղից նամակներ են ուղարկում, որ մենք ընդլայնել ենք իրավունքները, մեր պարտավորությունը կատարել ենք, իսկ իրականում հակառակն է», - դատարանի որոշումը մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այս որոշման հիմնական նպատակն այն էր, որ ՀԿ-երի բոլոր հնարավորությունները փակեն նաև այլ գործերով ապօրինությունների հարցում դատական գործընթացներ նախաձեռնելու առումով: Մեր ՀԿ-ն այս պահին ևս երկու գործընթացի մեջ է. մեկը վերաբերում է Լիճքի հանքավայրի շահագործմանը, մյուսը՝ Քաջարանի հանքավայրի ընդլայնմանը: Ես կարծում եմ, որ սա քաղաքական հրահանգ է և քաղաքական որոշում», - նշեց «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով՝ ՀԿ-ն կարող է դատարան հայց ներկայացնել, եթե՝

- հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից

- հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին:

Ամուլսարի գործով հաջորդ դատական նիստը ֆիզիկական անձանց մասով նշանակված է ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ին:

 

Օգոստոս 30, 2017 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր