Ամուլսարի ծրագրի վտանգների և գնդեվազցիներին խոստացած միլիոնների մասին

Ամուլսարի ծրագրի վտանգների և գնդեվազցիներին խոստացած միլիոնների մասին

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծով ուրվագծվում է Սևանի հարցը նախագծից դուրս բերելու անմիջական միտումը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

«Սևանի մասին ընդհանրապես ոչինչ նշված չէ: Նշված է Որոտանի ջրհավաք ավազանը, նշված է Արփայի ջրհավաք ավազանը, Դարբիի ավազանը, բայց ոչ Սևանի: Երբ այդ ուսումնասիրությունն իրականացրած կազմակերպության ներկայացուցչին հարցրեցինք՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Սևանի վրա չի լինելու ազդեցություն, վերջնական պատասխանը եղավ, որ ոչ, Սևանի վրա ազդեցություն չի լինելու: Ընդ որում, իրենց պատասխանն այնպիսին էր, որ որոշակիորեն փոփոխվել է հարթակի և լցակույտերի տեղադիրքը, բայց խնդիրը միայն հարթակն ու լցակույտերը չեն, այլ ամբողջ նախագիծը՝ սկսած բացահանքի շահագործման փուլից, վերջացրած լցակույտերով և տարրալվացման հարթակով», - նշեց Ա. Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սա ենթակա է իրենց մասնագետների կողմից լրացուցիչ վերագնահատման և հիմնավորման, որ իրականում Սևանի վրա ազդեցություն կա, և այդ տարածքը Սևանա լճի ջրհավաք ավազանն է:  

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ իրավաբանը բարձրացրեց ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հարցը:  «Երբ հարց հնչեցվեց, որ այնտեղ գրանցվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, պատասխանը եղավ այն, որ մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիս ամսին, կառավարությունն ընդունել է ինչ-որ որոշում, որը թույլ է տալիս այդ բուսատեսակները տեղափոխել: Եթե կա այդպիսի որոշում, ապա ինձ համար բացարձակ ակնհայտ է, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն հեշտացնել հանքարդյունաբերության ոլորտը օրենսդրական արգելքներից շրջանցելու ուղղությամբ, այլ կոնկրետ այս նախագծի ուղղությամբ, որ կոնկրետ այս նախագծի շրջանակներում առկա խնդիրները աստիճանաբար վերացվեն: Իսկ կենդանական աշխարհի մասին ոչինչ չասվեց», - ասաց  Արթուր Գրիգորյանը:

Իրավաբանի բարձրացրած երրորդ հարցը վերաբերում էր հենց Գնդեվազ համայնքին. «Համայնքի բնակիչները մեզ ասել են, որ այստեղ հսկայական փողեր են պատրաստվում տրամադրել՝ գնելով համայնքի բնակիչների հողերն ու այգիները: 5 տարեկանից բարձ մեկ ծառը արժե 300 000 դրամից ավել: Մարդիկ կան հազարից ավելի ծառեր ունեն…այսինքն այդ մարդիկ մոտավորապես մեկ միլիոն դոլար փո՞ղ են ստանալու»:

Ի պատասխան տվյալ հարցադրմանը, «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց. «Անցյալ ուրբաթ ես անձամբ հանդիպել եմ Գնդեվազի մոտ 20 բնակչի հետ, ովքեր այդ տարածքում հողեր ունեն: Այո, իհարկե, մեր ընկերությունն արել է ուսումնասիրություններ այն տարածքում, որը մենք նախատեսում ենք որպես կույտային տարրալվացման հրապարակ: Այսինքն, մասնագետները եկել, ուսումնասիրել են, հաշվել են ծառերը, տարիքը, բերքատվությունը, քաշը, գինը շուկայական և այլն: Արել են ուսումնասիրություններ անկախ երեք խումբ, որոնք վերջնական գնացուցակ են տվել, առանձնացրել են բերքը որպես փոխհատուցում ծառի հետ առանձին, հողը՝ առանձին: Թվերը համապատասխանում են: Այս նույն գնացուցակը ես կուղարկեմ կառավարություն, որ իրենք, իրենց հերթին, եթե ուզենան, նայեն, համապատասխանեցնեն, արդյո՞ք մեր տված գինը որևիցե տեղ չի համապատասխանում ճիշտ ձևի կամ գներին և այլն: Հունիսին ընկերությունը քննարկել է այս իրավիճակը գնդեվազցիների հետ, և մենք խոսք ենք տվել, որ մենք հպարտ ենք լինելու այն առաջարկի համար, որը ներկայացրել ենք այսօր գնդեվազցիներին: Ես, իրոք, հպարտ եմ, որ մենք այդ գինը առաջարկել ենք, և մենք չենք ուզում, որ որևիցե կերպ որևիցե ընկերություն կամ անձ խառնվի մեր և գնդեվազցիների արանքում այդ հողի ձեռքբերման ընթացքում»:

«Ես չկարողացա հասկանալ՝ ինչ կապ ունի այստեղ կառավարությունը: Ես չեմ հավատում, որ այս ընկերությունը, կամ որևէ հանքարդյունաբերական ընկերություն պատրաստ է գյուղացուն վճարել մեկ միլիոն դոլար իր այգու և իր հողի դիմաց: Նման բան Հայաստանում չի եղել: Եթե իսկապես լինի այդպիսի գործարք, ապա դա այն աստիճանի աբսուրդային է, որ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ այդ աղքատ հանքաքար ունեցող հանքավայրը շահագործելու համար այս ընկերությունը պատրաստ է կատարել այսպիսի ծախսեր», - նշեց Արթուր Գրիգորյանը:

Գնդեվազ համայնքում ամենամեծ այգիներ ունեցող անձը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն է, ով սկզբնական շրջանում դեմ էր Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, սակայն այսօր քաղաքապետը բավական լավատեսորեն է տրամադրված: 

«Ես երեք ֆակտոր կասեմ և որպես Ջերկուկ քաղաքի բնակիչ, և համայնքի ղեկավար, և որպես Գնդեվազ համայնքում ամենամեծ այգիներ ունեցող: Ես առաջիններից մեկն եմ եղել, որ բարձրացել եմ սարը, դեմ եմ եղել այդ նախագծին մինչև ուսումնասիրելը և մինչև հասկանալը՝ ինչ է կատարվում: Այն ժամանակ բոլոր գնդեվազցիներով միահամուռ ինձ դեմ էին: Նախագիծը տեղափոխվեց Գնդեվազ, կեսը դժգոհ է, կեսը գոհ…խնդիրը դրանում չէ: Մենք մի վատ բնավորություն ունենք. դեռ չաշխատած՝ ասում ենք վատն է, բայց մենք հնարավորություն ունենք աշխատանքի ընթացքում էլ դադարեցնել: Ես բազմիցս ասել եմ. ես կլինեմ առաջինը, եթե մի աննշան այս նախագիծը խանգարի իմ համայնքին, ես նորից բարձրանալու եմ սարը, դառնալու եմ գործարանին դեմ», - հանրային լսումների ժամանակ ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:



Սեպտեմբեր 01, 2014 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր