ԷկոԼուր
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը մտահոգված է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի ռիսկերով՝ մասնավորապես կապված Ջերմուկ առողջարանի հետ:
«Ես մտահոգված եմ Ջերմուկ առողջարանային քաղաքի ճակատագրով, Ջերմուկի հանքային ջրերի ճակատագրով: Դա ազգային հարստություն է, մեկ օրվա, 10 տարվա համար չէ: Դա ոչ այս սերնդինն է, ոչ հաջորդ, ոչ էլ նախորդ սերունդներինն է եղել: Դա մեր ազգինն է, Աստծո տված շռայլությունն է մեզ, և մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ ամեն ինչին: Ես մտավախություն ունեմ, որ Ջերմուկի հանքային ջրի որակը կարող է վատանալ, իսկ եթե ջրի որակը վատացավ, այդտեղ էլ մարդ չի գա: Ես՝ ինքս, վստահաբար կարող եմ ասել՝ այդ հանքը շահագործեցին թե չէ, ես Ջերմուկ չեմ գնա, ես այդ ջուրը չեմ խմի: Ինձ թվում է, որ ինձ նման կմտածեն էլի շատ-շատ մարդիկ», - ԷկոԼուրին տված հարզացրույցում ասաց դերասան Կարեն Խաչատրյանը:
Ամուլսարի ոսկու ծրագրի մասին Կարեն Խաչատրյանը տեղեկացել է այս ամռանը՝ Ջերմուկում հանգստանալու ժամանակ: Ծրագրի վերաբերյալ առաջին մտավախությունները դերասանը լսել է Ջերմուկի բնակիչներից և հանգստյան տան աշխատակիցներից: «Ես հանգստանում էի Ջերմուկ №1 առողջարանում: Ինձ ասացին, որ այդ առողջարանը պետք է փակվի և վարձակալության հանձնվի, դառնա հանրակացարանի նման մի բան, կարծեմ, բանվորների համար: Մարդիկ անհանգստացած էին, որովհետև կորցնելու էին իրենց աշխատանքը, - պատմեց Կարեն Խաչատրյանը և նշեց, - Սրանով հարված է հասցվում տուրիստական բիզնեսին: Մարդիկ արտասահմանից գալիս, հասնում են Ջերմուկ, որ այդ առողջարար ջրից խմեն: Ջերմուկում ես տեսա նորակառույց շինություններ՝ հյուրանոցներ, ավելի ճոխ հանգստյան տներ: Այդտեղ փողեր են դրված, բայց վաղը, մյուս օրը էլ մարդ չի գա Ջերմուկ: Շահագրգիռ մարդիկ պետք է սա հասկանան:
…Երբ նայում ես տենդենցներին, տեսնում ես, որ ապագայում պատերազմները լինելու են բնական ռեսուրսների համար, և այդ ռեսուրսների մեջ առաջին տեղում ջուրն է: Ջուրը նավթից թանկ է, և այսօր այդ հարստությունը, որը նավթից թանկ է, մենք ապականում ենք», - ընդգծեց դերասանը:
Լուսանկարը վերցված է Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:
Սեպտեմբեր 16, 2016 at 14:22