Ամուլսարի նախագիծը օրինականացնելու փորձը տապալվեց (Լուսանկարներ)

Ամուլսարի նախագիծը օրինականացնելու փորձը տապալվեց (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ամուլսարի նախագիծը օրինականացնելու փորձը տապալվեց: Ոչ միջազգային ստանդարտներով, ոչ ազգային օրենսդրությամբ, նախատեսված չէ շահագրգիռ հասարակության քշելով չթողնել մասնակցել Ամուլսարի ծրագրի քննարկմանը:

Հոկտեմբերի 30-ին Ամուսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիան ուղեկցվեց բախումներով ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Ակցիան ուղղված էր Հայաթ Պլեյս հյուրանոցում «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակի կազմակերպած Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկման դեմ, որի ընթացքում քննարկվելու էր Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային արտադրության նախագիծը:

Հայաթ Պլեյս հյուրանոցի դիմաց հավաքված քաղաքացիների պահանջը մեկն էր՝ ներս մտնել քննարկումների դահլիճ և հայտնել մասնակիցներին իրենց դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

Սակայն, ինչպես տեղում պարզ դարձավ, մուտքը փակ էր ինչպես ակցիայի մասնակիցների, այդպես էլ լրագրողների համար: Սկսվեցին բախումներ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, երբ վերջիններս փորձում էին ներս մտնել: Հետ հրելով մասնակիցներին՝ ոստիկանները «մաքրում» էին հյուրանոցի մուտքը: «Արտասահմանցիներ կան, ինչ կարծիք կկազմեն ձեր մասին, դուրս եկեք, հյուրեր կան ներսում», - ասաց հյուրանոցի վրդովված աշխատակիցը:

«Մենք իրավունք ունենք մասնակցել հանրային քննարկմանը և արտահայտել մեր կարծիքը ներսում», - պնդում էին ակցիայի մասնակիցները:

Հյուրանոցից դուրս եկավ «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» համակարգող Տիգրան Օգանեզովը և հայտարարեց. «Նախապես պայմանավորվածություն կա, որ քննարկումները այս փուլում անցկացվելու են առանց լրատվամիջոցների, այսինքն, առանց տեսախցիկների, որպեսզի զրույցը լինի անկաշկանդ»: Տիգրան Օգանեզովը նշեց, որ բողոքի ակցիային նորմալ է վերաբերվում՝ մարդիկ եկել, իրենց բողոքն են արտահայտում:

Լրագրողների հետ զրուցելուց հետո Տիգրան Օգանեզովը կրկին վերադարձավ հյուրանոց, իսկ հավաքված քաղաքացիները փորձեցին նորից ներս մտնել: Այս անգամ ոստիկանությունն ավելի կոպիտ արձագանքեց՝ հետ շպրտելով մասնակիցներին:

«ՀՀ քաղաքացիները ուղերձ ունեն հղելու քննարկման մասնակիցներին, ոչ թե «Լիդիան»-ին կամ «Գեոթիմ»-ին: Մենք խնդրում ենք, որպեսզի ակցիայի մասնակիցներին թողնեն ներս, իրենց ուղերձը հղեն, այդքանը: Էլ ինչի՞ համար է այդ քննարկումը, եթե Հայաստանի քաղաքացին չպետք է կարողանա իր ուղերձը փոխանցել», - ոստիկաններին դիմեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Ոստիկանությունն անդրդելի էր: 

«Ի՞նչ իրավական հիմքով չեք թողնում, որ մարդիկ մտնեն հյուրանոց», - հարցրեցին մասնակիցները: Չբերելով որևէ իրավական հիմք՝ ոստիկանությունը մինչև վերջ արգելեց ակցիայի մասնակիցերին անգամ աստիճաններին կանգնել:

Փոխարենը ներսից հրահանգ ստացվեց, որ քննարկմանը կարող են մասնակցել լրագրողները, սակայն առանց տեսախցիկների: Նաև ներս մտնելու առաջարկ արվեց բնապահպան Լևոն Գալստյանին, սակայն վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ ինքը քննարկմանը մասնակցելուն հրաժարվել է ի սկզբանե: «Մեր ներս մտնելու նպատակն էր ոչ թե քննարկմանը մասնակցելը, այլ քննարկման մասնակիցներին մեր հայտարարությունը ներկայացնել և մեր կոչերով խոչնդոտել «Լիդիան»-ի հերթական փիար ակցիան», - նշեց Լևոն Գալստյանը:

«Իրենք սա չեն մարսելու, մինչև Եվրադատարան գնալու եմ, պետք լինի Գնդեվազից 200 քաղաքացի դատի կտա այս ընկերությանը, ինչպես նաև այս կառավարությանը», - հայտարարեց Գնդեվազ համայքնի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Հոկտեմբեր 31, 2014 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր