«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր հոդվածը Ամուլսարի ծրագրի մասին

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր հոդվածը Ամուլսարի ծրագրի մասին

ԷկոԼուր

Սույն թվականի. հունվարի 8-ին «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցն իր կայքում հրապարակել է նոր հոդված և ֆիլմ Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի մասին: Սա Ամուլսարի ծրագրի մշտադիտարկման արդյունք է, ինչը վեց տարի իրականացնում է «CEE Bankwatch Network»-ը «ԷկոԼուր» ՀԿ-ի հետ համատեղ: Վերջին մշտադիտարկումն իրականացվել է 2018թ. հոկտեմբեր ամսին, որի արդյունքները հրապարակվել են «Ամուլսարի հանքավայրի սոցիալական ազդեցությունները Հայաստանում»  և «Կենսաբազմազանության փոխհատուցումը և այլ խնդիրները ՀՀ-ում Ամուլսարի ոսկու նախագծի ԲՍԱԳ-ում» հաշվետվություններում:

Հոդվածում մասնավորապես նշված է. «Ամուլսարի հանքը գտնվում է իր բնական գեղեցկությամբ, տաք աղբյուրներով և առողջարաններով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքի մոտակայքում, որը տեղակայված է մայրաքաղաքից երկու ժամ հարավ-արևելք: Տեղացիները երկար ժամանակ է, ինչ պայքարում են ոսկու հանքը շահագործող կազմակերպության դեմ, որի ծավալած գործունեության հետևանքով արդեն իսկ արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտվածություն: Կազմակերպությունը նախատեսում է կիրառել ոսկու կորզման կույտային տարրալվացման տեխնոլոգիաներ, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի «փոքր Շվեյցարիայի» զբոսաշրջության համար և կարող է վնասակար լինել Հայաստանի ջրային ռեսուրսների համար, ինչպիսիք են՝ Արփա գետը և Սևանա լիճը:

2015թ. և 2016թթ. Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հանրային քննարկումներին չեն մասնակցել Ջերմուկ քաղաքի բնակիչները: Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAO/IFC) եզրակացության` Ամուլսարի ծրագրում պատշաճ կարգով գնահատված չէ Ամուլսարի հանքի ազդեցությունը ջերմուկ հանքային ջրի և Ջերմուկ առողջարանի զբոսաշրջային բրենդի վրա»:

Հոդվածի մեջ ներկայացված են, որ նոր ուսումնասիրությունները լույս են սփռում Ամուլսարի ծրագրում առկա խնդիրների վրա:

«Իրավիճակի վերաբերյալ համապարփակ և ամբողջական պատկերացում ստանալը մեր 2018թ. հոկտեմբերին տարածաշրջան այցելության հիմնական նպատակն էր: Այցելությունը բավականին ներկայացուցչական էր` «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ն, Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության կենսաբաններ, CEE Bankwatch Network»-ի, «ԷկոԼուր» ՀԿ-ի անդամներ:

Այցելություններ կատարվեցին Ջերմուկ առողջարան, մոտակա Կեչուտ և Գնդեվազ գյուղեր և անցկացվեց իր տեսակի մեջ եզակի և անկախ ուսումնասիրություն առ այն, թե տեղացիներն ինչանով են իրազեկված և ինչ կարծիք ունեն «Լիդիան»-ի (Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող կազմակերպություն) Ամուլսարում գործունեության մասին: Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության կենսաբանները անցկացրեցին «Լիդիան» ընկերության կողմից պատրաստված բնապահպանական ազդեցության գնահատման անկախ վերլուծություն, որն անհրաժեշտ նախապայման է Ամուլսարում հանքարդյունաբերական գործառնությունները սկսելու համար:

Ուսումնասիրության արդյունքները բացահայտեցին հանքարդյունաբերական ընկերության և տեղի համայնքների միջև առկա հակամարտությունը: Առաջարկում ենք առավել շատ աշխատանք իրականացնել հանքի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման ուղղությամբ, եթե «Լիդիան» ընկերությունը ցանկանում է ՀՀ նոր կառավարությունից ստանալ համաձայնություն հանքի շահագործման վերաբերյալ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Լիդիան»-ին տրամադրել է 10.5 միլիոն կանադական դոլար (7 միլիոն եվրո)` «ֆինանսավորում հատկացնելով բնապահպանական և սոցիալական մեղմացման միջոցառումների համար», ինչպես օրինակ՝ Ամուլսարի ծրագրից բխող կենսաբազմազանության կորուստները փոխհատուցելու նպատակով «Ջերմուկ» ազգային պարկի հիմնադրման համար:

Վայրի բնության բալկանյան միության կողմից ԲՍԱԳ-ի ուսումնասիրության արդյունքում արձանագրված մի շարք բացահայտումներ ՀՀ կառավարության կողմից պետք է դիտարկվեն որպես «Լիդիան»-ի հետ պայմանագրի վերանայման մի մաս: Մասնավորապես՝ Վայրի բնության բալկանյան միությունը պարզել է, որ ներկայիս գնահատումները հակասում են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիային: Օրինակ՝ հանքի մի մասը տեղակայված է բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքում, որը ստացել է այդ կարգավիճակն այս տարածաշրջանում գտնվող մի շարք եզակի տեսակների և բնակմիջավայրերի շնորհիվ, որոնք կարող են վտանգվել ծրագրի պատճառով. իրավիճակ, որին «Լիդիան»-ն ընդհանրապես չի անդրադարձել իր փաստաթղթերում:

Սոցիոլոգիական ուսումնասիրությունը պարզեց, որ հանքի սոցիալական հետևանքների մասին իրազեկվածության մակարդակը Գնդեվազում է ամենաբարձրը՝ այս բնակավայրում «Լիդիան»-ի ներկայության և իր նախագծերում մի շարք գյուղացիներին աշխատանքի ներգրավվածության շնորհիվ: Կեչուտի և Ջեմուկի բնակիչները կարծում են, որ իրենք ավելի քիչ են իրազեկված, և որ նրանց ընկալումները և գնահատումները ձևավորվել են դիտարկման միջոցով, ինչպես օրինակ՝ շինարարության փոշին և աղմուկը, և հանքարդյունաբերության դեմ պայքարող ակտիվիստները:
Համայնքային կարևորագույն ենթակառուցվածք համարվող հողագործական և անասնապահական նշանակության հողերի վրա հանքի այսօրվա բացասական ազդեցությունը տեսնում են հարցման մասնակիցների գրեթե երեք քարրորդը, որը ապագայում ունի աճման միտում մինչև 80.0%: Մարդիկ իրենց մտահոգությունները կապում են ծիրանի այգիների, արոտավայրերի մեծ մասի ոչնչացման, փոշով ծածկվելու հետ: Սեփական առողջության վրա բացասական ազդեցության մասին նշել է հարցվածների 85.7 %-ը:

Կենսաբազմազանության և սոցիոլոգիայի փորձագետները առաջարկում են, որ ՀՀ նոր կառավարությունը պահանջի «Լիդիան»-ից անցկացնելու բնապահպանական և սոցիալական ազդեցության նոր գնահատում, անցկացվեն խորհրդակցություններ տեղի համայնքների հետ հավանական ռիսկերի մասին` ուղղված իրենց շրջակա միջավայրին, կենցաղին և առողջությանը: Ինչպես հանքի դեմ ցուցարարներից մեկն ասաց. «Եթե ՀՀ կառավարությունը մեզ հետ վարվելու է այնպես, ինչպես վարվեց նախկին կառավարությունը, հեղափոխությունը կլինի անիմաստ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կլսի մեզ»:

Հիշեցնենք, որ այս մասին նշված է նաև 2018թ. դեկտեմբերին ԷկոԼուրի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակում, որին միացել են նաև «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը և Վայրի բնության բալկանյան միությունը:



Հունվար 16, 2019 at 07:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր