

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2017թ-ին ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը: Այս գործողությունը ներառված է կառավարության ծրագրի նախագծում, որը սույն թվականի հոկտեմբերի 20-ին կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:
2014թ-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եվ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» 1059-Ա որոշման համաձայն՝ «Ջերմուկ» ազգային պարկը պետք է 2017-2020 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ ԳԱԱ-ի և WWF-Հայաստանի համաձայնությամբ ՀՀ պետական բյուջեի և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների ֆինանսական միջոցներով:
2004-2005 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվել է ««Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու մասին միջնաժամկետ ծախսային ծրագիրը: ««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կընձեռի՝ ապահովելու էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը և աջակցելու ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանելու զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնելու բնակչության կենսամակարդակը»,- նշված է կառավարության հաստատած Բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության մեջ:
Նախատեսվող ազգային պարկի սահմանները մոտ են Ամուլսարի ոսկու հանքավայրին, որը պատրաստվում է շահագործել «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս իր «Lydian Armenia» դուստր ընկերության:
«Lydian International» ընկերությունն իր կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունները մեղմելու տարբերակ տեսնում է «Ջերմուկ» ազգային պարկը, որի ստեղծման համար նախատեսում է 3.7 միլիոն դոլլարի ներդրում:
«Ջերմուկ» ազգային պարկի պոտենցիալ տարածքում կա Կարմիր գրքում գրանցված մոտ 50 կենդանատեսակ և 40-50 բուսատեսակ: 22 վտանգված տեսակ կա Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Հիշեցնենք, որ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը վերջերս հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը հրաժարվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Lydian Armenia» ընկերության առաջարկից ֆինանսավորել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը: «Երբ մի կողմից քանդում ես բնությունը, մյուս կողմից փորձում ես ազգային պարկ ստեղծել, մեկը մյուսին չի համընկնում»,- հիմնավորել է Կարեն Մանվելյանը:
Հոկտեմբեր 19, 2016 at 17:25
