Ամուլսարի ծրագրին դեմ գնդեվազցիների դատական պայքարը պետական մարմինների դեմ շարունակվում է

Ամուլսարի ծրագրին դեմ գնդեվազցիների դատական պայքարը պետական մարմինների դեմ շարունակվում է

ԷկոԼուր

Արդեն չորրորդ տարին է՝ ՀՀ վարչական դատարանը քննում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչների հայցն ընդդեմ պետական մարմիների: Իննը գնդեվազցիների հայցով հերթական դատական նիստը նշանակված է ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում: Այս գործով պատասխանող կողմերն են ՀՀ բնապահպանության (ներկայում՝ շրջակա միջավայրի), էներգետիկայի և բնական պաշարների (ներկայում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարությունները և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը:

Գնդեվազցիները դատարանից պահանջում են անվավեր ճանաչել նշված մարմինների կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին տրված թույլտվությունները: Հայցվորները այս դատական գործի առնչությամբ հաղորդագրություն են տարածել, որում ասված է.

«Կառավարությունը փաստացի կայացրել է որոշումներ, որոնք ոտնահարում են ՀՀ քաղաքացիների շահերը և իրավունքները, ինչպես նաև լիովին ոտնատակ են անում բնապահպանական օրենսդրությունը։

Այս դատական գործով վիճարկվում են դրական թույլտվություն ստացած «փորձաքննությունները», որոնք տրվել են ՀՀ էներգետիկայի և բնապահապանության նախարարությունների կողմից: Ինչպես նաև բողոքարկվում է բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը, որտեղ բացարձակ անտեսված են և խախտված «Սևանա լճի մասին» օրենքը և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին օրենքը:

Այս երկու հոդվածներով առնվազն կա խախտում, որով արգելվում է Սևանի ջրահավաք ավազանում իրականացնել որևէ հանքարդյունաբերական գործունեություն, ինչպես նաև վատթարացնել Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ապրելավայրը, ինչն այս տարիների ընթացքում հետևողականորեն իրականացրել է «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը (նախկին «Գեոթիմ»):

Առանձին պահանջով վիճարկվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության իրավաչափությունը:

Մինչ այժմ ընթացած դատական գործընթացում բողոքարկված փաստաթղթերը ՀՀ վարչական դատարանը համարել է, որ չեն հանդիսանում վարչական ակտեր, հետևաբար դրանք չեն կարող բողոքարկվել: Նախորդ նիստերից մեկի ժամանակ էներգետիկայի նախարարության կողմից ներկայացվեց միջնորդություն շրջակա միջավայրի նախարարությանը դատավարության կողմ դարձնելու վերաբերյալ: Միջնորդությունն ընդունվեց: Դատարանում անգամ հանքադյունաբերողն է ընդունել, որ նախարարության կողմից տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը վարչական ակտ է, անգամ նախարարությունն է ընդունում, որ դա վարչական ակտ է և ենթակա է վիճարկման, սակայն վարչական դատարանը մնում է իր դիրքորոշմանը: Հարցով արտահայտվել է նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն։

Հանքարդյունաբերական ծրագրի հաստատման ողջ ընթացքում անտեսվել է Ջերմուկը, որը փաստացի ազդակիր համայնք է, սակայն կառավարության կամայական որոշումների արդյունքում որպես ազդակիր համայնք որոշումների կայացմանը չի մասնակցել։

Վերջին դատական նիստին որոշվեց, որ «Լիդիան Արմենիա»-ի փորձագետ դոկտոր Ռայկինը փորձագիտական կարծիք ներկայացնի դատարան: Հայցվոր կողմը տվել է իր կողմից ներկայացված փորձագետների կարծիքը»:

 

Նոյեմբեր 29, 2019 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր