Միջազգային փորձագետները պնդում են, որ Ամուլսարի ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է

Միջազգային փորձագետները պնդում են, որ Ամուլսարի ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է

ԷկոԼուր

Միջազգային փորձագետները ավարտել և հասարակության դատին են ներկայացնում Ամուսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հնարավոր հետևանքների, առաջարկությունների մասին վերջնական եզրակացությունը: Քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը ԷկոԼուրին է ուղարկել եզրակացության անգլերեն տարբերակը և համառոտագիրը:

Համառոտագրում գրված է.

«Ամուլսարի ոսկու հանքի նախագծի հետ կապված մտահոգությունների, հավանական հետևանքների և հանձնարարականների համառոտագիր. վերջնական փաթեթ
10.01.2018թ.

Ներկայացվում է «Lydian International»-ի, Լիդիան Արմենիայի, ՀՀ կառավարության և ԲՈԼՈՐ այլ շահագրգիռ անձանց ուշադրությանը

Ողջունում ենք ձեզ,
Մենք՝ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ խորհրդատվություն իրականացնողներս, վերջին ութ ամիսների ընթացքում անց ենք կացրել Ամուլսարի ոսկու նախագծի մի շարք ուսումնասիրություններ։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակն էր իրականացնել նախագծի անկախ, մանրակրկիտ, քննողական տեխնիկական գնահատում՝ ուղղված հանքի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո երկարատև հնարավոր հետևանքների բացահայտմանը։ Այս գրությանն ենք կցում մեր վերջին ու վերջնական ուսումնասիրությունը, որը նախագծի հնարավոր հետևանքների ամփոփագիրն է և պարունակում է Լիդիանին ուղղված հանձնարարականներ, որպեսզի այն ի վիճակի լինի բարելավել իր բնապահպանական ռազմավարության մշակումը։ Մեր գրությանը կից փաթեթը պարունակում է հետևյալը. առաջնահերթ մտահոգությունների ու հանձնարարականների ցանկ, այնուհետև՝ մեր ուսումնասիրություններից բխող բոլոր մտահոգությունների, հնարավոր հետևանքների ու հանձնարարականների ավելի մանրամասն ցանկ, աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ հանքերի ու դրանց բնապահպանական հետևանքների սահմանափակ ցանկ, մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկը և մինչ օրս մեր պատրաստած զեկույցներն ու հուշագրերը։ Մեր ընդհանուր եզրակացությունը շարունակում է մնալ այն, որ հանքարդյունաբերական այս նախագիծը բնական միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է ինչպես շահագործման, այնպես էլ՝ դրա դադարումից հետո երկար ժամանակահատվածում ՝ թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման առկա բարձր ռիսկի, երկրաքիմիական թերի գնահատման, ջրի որակի ոչ բավարար կանխատեսումների ու ռիսկերի մեղմացման ոչ բավարար միջոցառումների և Լիդիանի՝ ոլորտում փորձ չունենալու պատճառներով։

Մեզ նաև մտահոգում են Լիդիանի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ պաշարներն ամբողջությամբ օքսիդացված են, ինչը հանգեցնում է այն թյուր ենթադրությանը, թե թթվային ապարների դրենաժ (ԹԱԴ) չի առաջանա շահագործման ընթացքում կամ դրանից հետո։ Այս հայտարարություններն Ամուլսար լեռում գոյություն ունեցող իրականությանը չեն համապատասխանում, եթե այն պետք է շահագործվի ըստ նախագծի։ Լիդիանը պարտավոր է ճշմարտացի հայտարարություններ անել պաշարների դրենաժ առաջացնող բաղադրիչների մասին։
Լիդիանն արձագանքել է մեր ուսումնասիրություններին՝ շարունակ պնդելով, որ իրենք վստահ են, որ Ամուլսարի շահագործման համար մշակել են ազդեցության մեղմացման «գլոբալ լավագույն պրակտիկային» համապատասխանող միջոցառումներ։ Լիդիանի հայտարարություններն ու զեկույցները ցույց են տալիս, որ իրենք խստագույնս թերագնահատել են հանքի վատթար հետևանքները, հատկապես՝ դրա ազդեցությունը ջրերի որակի վրա, ինչը եղել է մեր ուշադրության կենտրոնում և որպես կանոն դա մետաղական հանքերի հետ կապված առավել լուրջ և երկարատև բնապահպանական ազդեցություն թողող մտահոգություններից է։ Կուզեինք ավելացնել, որ թեև Լիդիանի խորհրդատուներն առևերույթ ունեն հանքերի շահագործման ու փակման որոշակի ասպեկտների հետ կապված փորձառություն, մեզ չի ներկայացվել որևէ ապացույց, որ թթվային ապարների դրենաժի հարցում իրենց գլխավոր խորհրդատուն փորձառու է ԹԱԴ-ի գնահատման ու ըմբռնման, երկրաքիմիական բնութագրման և անալիզների մեկնաբանման, ԹԱԴ-ին ուղղված մեղմացման միջոցառումների ոլորտներում։ Մենք` ինքներս այս ոլորտներում խորը փորձառություն ունենք և մեր տեսանկյունը բացարձակապես անկախ է հանքը շահագործել ցանկացողի շահերից։

Հանքը նախատեսված է մի վայրում, որը խմելու ու գյուղատնտեսական նշանակության ջրեր է մատակարարում ողջ Հայաստանին։ Հաշվի առնելով հանքի շահագործման և դրա ազդեցության մեղմման ներկայիս պլանները՝ առկա է թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման բարձր ռիսկ, որը կաղտոտի ստորերկրյա ջրերը, աղբյուրները, Արփա, Դարբ և Որոտան գետերն ու Կեչուտի ջրամբարը (Ամուլսարի տեղագրական քարտեզն ու մակերևույթային ջրերի պատկերը կարելի է տեսնել այստեղ՝ https://goo.gl/l5pWkJ)։

Հույս ունենք, որ Հայաստանի Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրի մեր ներկայացրած վերջնական փաթեթն ու վերստին գնահատման կենթարկի Լիդիանի ներկայացրած բնապահպանական պլանը՝ հաշվի առնելով այս նախագծի երկարաժամկետ բացասական հետևանքները բնական միջավայրի վրա։

Ի հավելումն, հակառակ 2018թ. հունվարի 8-ին Լիդիանի կատարած պնդումներին՝ մենք չենք համաձայնվել մասնակցել 2018թ. հունվարին Երևանում Հայաստանի բնապահպանության նախարարության հետ նախատեսված հանդիպմանը և մերժումը հիմնավորել ենք 2017թ. դեկտեմբերի 24-ի մեր նամակում (կից ներկայացնում ենք այն անգլերեն և հայերեն)։ Պատրաստ ենք Հայաստանի բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի կառավարությանն ուղղակիորեն աջակցել և հանդիպել նրանց հետ Ամուլսարի նախագծի առնչությամբ։ Մենք ներկայացնում ենք մեր անկախ կարծիքները, սակայն դրանց կյանքի կոչման և ընդհանուր նախագծի համար պատասխանատու են Լիդիանը և Հայաստանի կառավարությունը»։

Հարգանքով՝
Հարութ Բրոնոզյան
Քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս
2947 Honolulu Avenue, Unit B
Glendale, California 91214
Tel. (818) 248-3529; (800) 219-8405
Fax. (818) 248-6343
e-mail: [email protected]

Անդրեա Գերսոն, դոկտոր
Ռոջեր Սմարթ, դոկտոր
Blue Minerals Consultancy
Wattle Grove, Tasmania 7109, Australia
[email protected]
[email protected]
www.bluemineralsconsultancy.com.au/
Tel: 0422112516 (Dr Gerson), or
Tel: 0400835603 (Dr Smart)

Էնն Մաեստ, դոկտոր
Buka Environmental
Boulder, CO, USA
[email protected]
Tel: 303.324.6948

Անդրե Սոբոլևսկի, դոկտոր
Clear Coast Consulting, Inc.
Gibsons, BC, Canada
[email protected]
www.clear-coast.com
Tel: 604-240-8845»:

Հայերեն թարգմանությունը` Հայկական բնապահպանական ճակատի

18:07 Հունվար 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news