

ԷկոԼուր
Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հրաժարվեց «Lydian Internartional» ընկերության Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից, ինչի մասին IFC-ն նամակով հայտնեց IFC-ի պահանջների պահպանման գծով օմբուդսմեն Օսվալդու Գրատակոսուն: IFC-ի նամակը Ամուլասարի հանքավայրից ոսկու բաց եղանակով արդյունահանման և համաձուլվածքի ստացման ծրագրի ազդակիր համայնքների բնակիչների, հասարակական կազմակերպությունների բողոքի վերաբերյալ IFC-ի օմբուդսմենի հաշվետվության արձագանքն է:
Բողոքողները IFC-ից պահանջում էին հրաժարվել ծրագրից, քանի որ այն չի համապատասխանում IFC-ի ստանդարտներին և պահանջներին:
Բողոքի դիտարկման ընթացքում IFC-ի Օմբուդսմենի գրասենյակի (CAO) փորձագետները մի քանի անգամ եղան Հայաստանում, հանդիպեցին հասարակական կազմակերպությունների, Ջերմուկում ու Գնդեվազում տեղի բնակիչների հետ, ովքեր ստորագրել են բողոքի տակ, ինչպես նաև «Lydian Internartional» ընկերության ներկայացուցիչների հետ: Փորձագետներին ներկայացվեցին Ամուլսարի ծրագրի ռիսկերը ` կապված Ջերմուկ առողջարանի կորստի հետ, քանի որ առողջարանի անմիջական հարևանությամբ է գտնվելու հանքարդյունաբերական թափոնների համար նախատեսվող տեղադրավայրը և ոսկու հանքավայրից բաց արդյունահանման արդյունքում ծանր մետաղներով հարուստ փոշին: Ներկայացվել են Արփա և Որոտան գետավազանի աղտոտման, իսկ նրանց միջոցով 37 միլիոն խմ ծավալով խոշոր ջրային, պոտենցյալ խմելու ջրի պաշարի` Սևանա լճի աղտոտման վտանգները: Ներկայացվել են Գնդեվազ համայնքի բնակելի տների հարևանությամբ ցիանային արտադրության ռիսկերը, արոտավայրերի, մարգագետինների, օդի, առողջության համար ռիսկերը: Ներկայացվել են Ամուլսարի ծրագրի տարածքներում կենսաբազմազանության կորստի ռիսկերը:
Բողոքի դիտարկման մոտ 3 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագիրը փոխվեց, ավելացան ազդակիր համայնքները, հայտնվեցին Ամուլսարի ծրագրի սոցիալ-էկոլոգիական ազդեցության նոր անկախ փորձագիտական գնահատականներ:
Սակայն ընկերության կողմից ներկայացված Սոցիալ-էկոլոգիական գնահատականը չարտացոլեց այդ ռիսկերը` պնդելով, որ ռիսկերը կառավարելի են և հետևանքները կվերացվեն: CAO-ից 2017թ-ին ստանալով հաշվետվություն`բողոքողները չհամաձայնեցին հաշվետվության ձևակերպումների հետ, ինչի կապակցությամբ նամակ ուղարկեցին CAO/IFC (http://ecolur.org/en/news/amulsar/civil-society-doesnt-agree-with-ifc-ombudsmans-office-conclusions-on-complaint-of-incompliance-of-amulsar-project-with-ifc-standards/9341/):
Իր հերթին IFC-ն նույնպես հաշվետվությանն արձագանքեց նամակով, որում թեպետ ասված է, որ Ամուլսարի ծրագիրը առաջատար է, և որ նախագիծը կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի լավացմանը, բայց դրա հետ մեկտեղ նշված է. «IFC-ն մի շարք ներդրումներ է կատարել «Lydian»-ում 2007թ-ից 2015թ-ը: Ներդրումներն ուղղված են երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, իսկ 2010թ-ից ` «Ամուլսար» առաջատար ծրագրի ուսումնասիրությունների և տեխնիկատնտեսական հիմնավորման համար` ի աջակցություն սոցիալ-էկոլոգիական ոլորտի կառավարման մեթոդների բարելավման: Հաշվի առնելով, որ «Lydian»-ին հաջովել է ներգրավել ֆինանսական միջոցներ մասնավոր հատվածից, IFC-ն հետ է կանչել իր ներդրումները «Lydian»-ից, քանի որ մենք ձգտում ենք ներդրումներ անել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է դա` կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու համար»,-նշված է IFC-ի նամակում:
Սեպտեմբեր 14, 2017 at 16:57