ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում հողատարածքի սեփականատեր, փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Բաղդասարյանը պնդում է, որ խախտվել է իր սեփականության իրավունքը և պահանջում է Ամուլսարի ծրագրի նոր փորձագիտական եզրակացություն:
«Բնապահպանութան նախարարության տված փորձագիտական եզրակացության մեջ չկան կոնկրետ դրույթներ Որոտան-Արփա թունելով ջրերի հոսքի վերաբերյալ. ինչքա՞ն ջուր է հասնում Կեչուտի ջրամբար, և արդյո՞ք այդ ջրերն աղտոտվելու են, թե` ոչ: Որոտան-Արփա թունելով եկող ջուրը հասնելու է Սևան, հետագայում` Հերհեր, որտեղ ես հողատարածք ունեմ: Հերհերում ծառերը ջրում են Կեչուտի ջրամբարի ջրով: Ես ունեմ մտավախություն, որ այդ ծանր մետաղները, թույները, որոնք հասնելու են Կեչուտի ջրամբար, կարող են հասնել Հերհերի իմ այգին և ոչնչացնել ծառերն ու ամբողջ բուսականությունը:
Ես դրել եմ սեփականության իրավունքի պաշտպանության հիմքը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է նոր եզրակացություն ներկայացնի, որում կլինի տեղեկատվություն Որոտան-Արփա թունելով հոսող ջրերի և թթվային ապարների դրենաժի գոյացման և ազդեցության վերաբերյալ: Ընկերությունը նման տեղեկություններ չի ներկայացրել, ասում է` ինձանից ինչ պահանջել են, դա եմ ներկայացրել, իսկ պահանջների կարգ, որպես այդպիսին, չկա: Իրենք որոշում են` ինչը կարելի է, ինչը` չի կարելի: Ես էլ ասում եմ, որ փորձագիտական եզրակացության մեջ պետք է լինի նաև այս տեղեկությունը», - էկոԼուրի հետ զրույցում ասաց Հարություն Բաղդասարյանը:
Մեկ դատական նիստ այս գործով արդեն անցկացվել է: Բաղդասարյանը նախ միջնորդություն է ներկայացրել ժամանակավոր կասեցնել «Լիդիան Արմենիա»-ի աշխատանքները` մինչ դատական գործի ավարտը: Միջնորդությունը մերժվել է: Այնուհետև Բաղդասարյանը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը` պահանջելով ինքնաբացարկ դատավոր Մելքումյանից: Սա ևս մերժվել է:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ս.թ. նոյեմբերի 29-ին` ժամը 14:10-ին: Իսկ նոյեմբերի 30-ին` ժամը 11:30-ին նշանակված է Ամուլսարի ծրագրին առնչվող մեկ այլ դատական նիստ: Սա արդեն ծրագրին ազդակիր Գնդեվազ համայնքի բնակիչների հայցն է վարչական դատարան` պահանջով չեղյալ համարել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը և նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:
Նոյեմբեր 27, 2017 at 18:34