

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը բաց նամակ-հարցում է ուղարկել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ փոքր ՀԷԿ-երի եւ հանքարդյունաբերության վերաբերյալ:
Նամակում ասված է.
«Ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկը «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող առևտրային բանկերի միջոցով վարկավորում է կատարում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործում: 2012թ. սկսվեց ծրագրի երրորդ փուլը, ինչի համար KfW բանկը 40 միլիոն դոլլարի վարկ հատկացրեց:
Խնդրում ենք Ձեզ նախատեսված ժամկետներում մեզ տեղեկատվություն տրամադրել`
* ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և համալիրին հարակից տարածքներում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կոնկրետ ո՞ր ընկերությունները և փոքր ՀԷԿ-երն են տվյալ ծրագրով ֆինանսավորում ստացել
* KfW բանկի կողմից Հայաստանին հատկացված գումարից 2004 թվականից սկսած որքա՞ն գումար է ծախսվել փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման և կառուցման համար
* Որքանո՞վ է փոքր ՀԷԿ-երի կառուցման մասին որոշումների ընդունման գործընթացը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և ընդունված միջազգային սոցիալ-էկոլոգիական չափանիշներին:
* Տրամադրեք մեզ KfW գերմանական բանկի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրված «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրին վերաբերվող փաստաթղթերը:
* Պահպանվող տարածքների ներսում և հարակից տարածքներում գտնվող հանքային և փոքր ՀԵԿ-երի լիցենզիաները ի՞նչ վավերապայմաններով են տրվել»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 09, 2015 at 14:17
