ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ  ԲԱԺԱՆՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

ԷկոԼուր

Կառավարության աջակցությամբ Երեւանի քաղաքապետը շինարարության համար բաժանում է Հայաստանի մայրաքաղաքի տարածքները` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու: 

ՀՀ կառավարությունը 2010թ. սեպտեմբերի 9-ի 1166-Ն որոշմամբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին լիազորություն վերապահեց պետության անունից «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում գտնվող սեփականատերերին եւ պետությանը պատկանող հողամասերի ու դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր: Որոշման համար հիմք է հանդիսացել նույն օրն ընդունված կառավարության մեկ այլ որոշում` 2010թ. սեպտեմբերի 9-ի 1258-Ն որոշումը` այդ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին: Այս որոշման մեջ նշված է, որ տվյալ տարածքները տրվել են  «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` նշված տարածքից առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և խարխուլ շինությունները, տարերայնորեն տեղադրված մետաղյա եւ քարե ավտոտնակները վերացնելու, փոխարենը բազմաֆունկցիոնալ կառույց եւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար։ Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով եւ խաղահրապարակներով, ինչպես նաեւ պետք է հիմնովին նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:

Տվյալ որոշումը, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ հասարակական տարածքների օտարման մասին շատ այլ որոշումներ հասարակական քննարկումներ չեն անցել:

Նշենք, որ   «ԱՎԱԳ ՇԻՆ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ ստանում է կառավարության աջակցությունը: Սույն թվականի մարտի 18-ին կառավարության 316Ա  որոշման համաձայն` ընկերությանն օտարվեց ՀՀ ոստիկանությանը պատկանող «Երեխայի զարգացման կենտրոն»-ը, որը Երեւանի փոքր կենտրոնից տեղափոխվեց այլ տարածք, որը թե տարածքով փոքր է եւ գտնվում է 9 հարկանի շենքի առաջին հարկում:

Ստորեւ ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՍԿՍԵԼ Է ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՐԾՈՏԵԼ
Տաթեւ Մեսրոպյան, Zhamanak.com


Մեր նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը` էլիտար շենք կառուցելու նպատակով:

Սակայն նրա ախորժակը այդքանով չի սահմանափակվել, եւ ՀՀ կառավարությունը Երեւան քաղաքի Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքի նկատամբ որոշել է ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ, այդ տարածքները եւս Հովիկ Աբրահամյանին տրամադրելու համար:

Մեր հրապարակումից հետո վտանգի տակ գտնվող վերը նշված հասցեների բնակիչները հոդվածը բազմացրել եւ փակցրել են Նալբանդյան փողոցի թերթի կրպակի կանգառի եւ վտանգի տակ հայտնված փողոցներում գտնվող շենքերի պատերին, այդ մասին լուրն էլ անմիջապես հասել է Հովիկ Աբրահամյանին, եւ նա հրամայել է պատերն անհապաղ մաքրել, սակայն դրանով չի սահմանափակվել: Իր մարդկանց գործուղել է վերը նշված հասցեներ` նախազգուշացնելու համար, որ սրա-նրա մոտ բերանբացություն չանեն եւ նույնիսկ շատ իմանալու դեպքում քիչ խոսեն: «Մենք իրականում առանձնապես ինֆորմացված էլ չենք, պարզապես գիտենք, որ մեր տարածքների պոտենցիալ գնորդը համարվում է Հովիկ Աբրահամյանը: Սակայն մինչ օրս ոչ ոք մեզ անգամ չի հարցրել` արդյո՞ք պատրաստվում ենք վաճառել մեր տարածքները, թե՞ ոչ: ՀՀ կառավարության որոշմամբ մեր տարածքները գերակա հանրային շահ են ճանաչել` շենքեր ու ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով: Չենք հասկանում, թե այդ հիմնավորմամբ ում են ծաղրի ենթարկում: Եթե պատճառաբանեին, որ Հովիկ Աբրահամյանի գերակա շահերի համար է, մենք դա ավելի լուրջ կընդունեինք, քան ներկայիս պաշտոնական հիմնավորումը», - դժգոհեցին Նալբանդյան փողոցի բնակիչները եւ ավելացրին, որ իրենք նույնիսկ չեն կողմնորոշվում, թե ո՞ւմ բողոք ներկայացնեն, ի՞նչ քայլերի դիմեն, քանի որ հայտնվել են հենց ԱԺ նախագահի թիրախում:

Ներկա դրությամբ, սույն հասցեների բնակիչները, ինչպես նշեցին մեզ հետ զրույցում, նստել են թախտին, սպասում են բախտին: «Տեսնենք, Հովիկ Աբրահամյանը կբարեհաճի՞ մեզ մեր տարածքների դիմաց փոխհատուցում առաջարկել, թե՞ Ռոբերտ Քոչարյանի օրինակով մեզ կգցի Հյուսիսային պողոտայի բնակիչների օրը: Ամեն դեպքում տարեց բնակիչները հնարավոր է, որ շարունակեն ապրել Հայաստանում, բայց մյուսները վճռականորեն որոշել են հեռանալ Հայաստանից: Նույնիսկ պատրաստ են դեսպանատներից քաղաքական ապաստան խնդրել», - խոր հիասթափությամբ ասում են Ավագ Պետրոսյան փողոցի բնակիչները:

Ի դեպ, մենք Երեւանի քաղաքապետարան հարցում էինք ուղարկել` պարզելու համար, թե ո՞վ է նշված բարեփոխումների հեղինակը եւ ո՞վ է գնելու նշված տարածքները: Բայց, ինչպես եւ սպասվում էր, ստացանք մեր բուն հարցը շրջանցող պատասխան: «Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների` ՀՀ կառավարության որոշմամբ նշյալ տարածքի կառուցապատող է ճանաչվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն», - նման տեղեկատվությամբ է սահմանափակվել Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) պատասխանը, չէին մոռացել նշել նաեւ տարածքի ընդհանուր մակերեսը, որ կազմում է 9054 քառակուսի մետր: Իսկ հարցին, թե ինչքա՞ն է գնահատվելու մեկ քառակուսի մետրը եւ արդյո՞ք որոշումը ներկայիս սեփականատերերի հետ համաձայնեցված է` քաղաքապետարանը պատասխանել էր. «Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2012 թվականի հունվարի 1-ը: Մինչեւ նշյալ ժամկետը անկախ լիցենզավորված անշարժ գույքի գնահատման գործակալության միջոցով կիրականացվեն գույքերի գնահատման աշխատանքներ եւ բնակիչներին կարվեն գնային առաջարկներ: Իսկ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենքով որոշումը չի նախատեսում սեփականատերերի նախնական համաձայնություն»:

Ի դեպ, «Ավագ Շինի» սեփականատերն է սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանը, որը եւս երկու ընկերությունների սեփականատեր է, որոնք արդեն 6 տարի է Հայաստանում զբաղվում են էլիտար շենքերի կառուցմամբ եւ վաճառքով: Հենց նույն «Ավագ Շինն» է զբաղվել Աբովյան, Տերյան, Պուշկին, Արամի եւ Հյուսիսային պողոտայից վտարված բնակիչների նախկին սեփական տարածքների կառուցապատմամբ: Եվ չնայած այսօր այդ հասցեներում բազմահարկ շենքեր են վեր խոյացել, բայց նախկին սեփականատերերից շատերը համապատասխան փոխհատուցում չստանալու հետեւանքով հայտնվել են բաց երկնքի տակ:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ ԿՕՏԱՐՎԻ «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ԻՆ
Անի Ղազարյան, News.am


Հայաստանի կառավարությունն իր 2010-ի մարտի 18-ի որոշմամբ՝ «Ոստիկանության տնտեսական վարչության թիվ 1 մանկապարտեզը», որ 2006-ին անվանափոխվել է եւ կոչվում է «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ուղղակի վաճառքի ձեւով օտարում է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին: Հետաքրքրասերների համար նշենք որ այս տեղեկատվությունը զետեղված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում։ Տարածքը վաճառվում է «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` մանկապարտեզի տեղում էլիտար շենք կառուցելու նպատակով: Հատկանշական է, որ մանկապարտեզի տնօրենը դժգոհ չէ կառավարության այդ որոշումից եւ պատրաստ է Երեւանի փոքր կենտրոնից տեղափոխվել այլ տարածք, որը թե տարածքով փոքր `, թե գտնվում է 9 հարկանի շենքի առաջին հարկում:

Փաստի մանրամասները ճշտելու եւ մանկապարտեզի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Գալստյանի հետ։ Նա, նշեց, որ մանկապարտեզի շենքը ավելի քան 30 տարվա վաղեմություն ունի, եւ հավելեց, որ գործունեության ողջ ընթացքում շենքը ոչ մի անգամ չի հիմնանորոգվել: «Այս պայմաններում աշխատել շարունակելը սխալ է։ Հարցն այս կերպ լուծելը՝ այն է, շենքը մասնավոր ընկերությանն օտարելը, մեզ ոչնչով չի վնասում։ Մենք չենք լուծարվելու եւ շարունակելու ենք գործել այլ հասցեում՝ որոշ ժամանակ անց նույն այս հասցե վերադառնալու պայմանով»,- նշեց կենտրոնի տնօրենը՝ հավելով, որ իրենք ամենաուշը երկու տարի անց, այսինքն՝ մինչեւ նույն այդ տարածքում նորակառույց բնակելի համալիրի կառուցապատման ավարտը, վերադառնալու են Նալբանդյան 104 հասցե՝ զբաղեցնելով այդ նորակառույց շենքի առաջին հարկը։
«Նորակառույց համալիրի առաջին հարկն ամբողջությամբ տրամադրվելու է մեզ՝ լրիվ հիմնանորոգված եւ բարեկարգ վիճակում՝ անհրաժեշտ գույքով։ Ընդ որում, մեր մանկապարտեզը Սայաթ-Նովա փողոցի կողմից առանձին մուտք է ունենալու։ Այնպես, որ ավելորդ տագնապ բարձրացնելու կարիք չկա։ Մանկավարժական կոլեկտիվը շատ հանգիստ է ընդունել ժամանակավորապես տեղափոխվելու լուրը։ Մենք գիտենք՝ ուր ենք տեղափոխվելու. մեր կենտրոնը կրկին տեղակայված է լինելու Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 47 հասցեում»,- ասաց Լուսինե Գալստյանը՝ տեղեկացնելով, որ դա առանձին շինություն չէ եւ գտնվում է 9 հարկանի շենքի առաջին հարկում։ «Մենք անընդհատ հետեւում ենք այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Գեղեցիկ, լուսավոր ու բարեկարգ տարածք է՝ լրիվ բավարար ներկայացվող պահանջներին։ Այնտեղ կտեղափոխվենք հոկտեմբերին, քանի որ շինարարությունը կավարտվի միայն այդ ժամանակ»,- տեղեկացրեց «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրենը։ Դիտարկմանը, թե համարժե՞ք է, արդյոք, Խորենացի 47 հասցեում իրենց առաջարկվող հարկաբաժնի տարածքը կենտրոնի ներկայիս տարածքին, նա նշեց. «Տարածքները համարյա թե համարժեք են։ Ամբողջությամբ չէի ասի, սակայն մեր մանկապարտեզի ներկայիս տարածքի 100 տոկոսը չի էլ շահագործվում»։

Հարցին, թե տեղյա՞կ է, արդյոք, թե ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է տարածքի սեփականատերը կամ բնակելի համալիրի կառուցապատողը, Լուսինե Գալստյանն ընդգծեց, որ «նման մանրամասնություններով չի հետաքրքրվել, որովհետեւ ինքն ընդամենը մանկապարտեզի տնօրենն է եւ կատարում է իր մանակավարժական աշխատանքը»։ «Մնացած հարցերը կարգավորում են մեզանից բարձր ատյանները։ Սա գերատեսչական մանկապարտեզ է, հետեւաբար այս կարգի հարցերով զբաղվում է Ոստիկանությունը։ Նրանք համապատասխան իրավական վարչություն ունեն, եւ հենց այդ վարչության մասնագետներն էլ զբաղվում են տարածքը ձեռք բերող ընկերության հետ պայմանագիր կնքելու հարցերով։ Թե ո՞վ է ներկայացնում այդ ընկերությունը, ինձ չի հուզել. մենք այստեղ գործ ունենք արդեն պատրաստի որոշման հետ։ Իսկ ինչ վերաբերում է այն  խոսակցություններին, թե տարածքը ձեռք է բերել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բացարձակ անհիմն են։ Նրա անունն անհիմն է հոլովվել»,- ասաց Լուսինե Գասպարյանը։

Կենտրոնի տնօրենի խոսքով, բացի մանկապարտեզի շենքից, բնակելի նոր համալիրի կառուցապատման համար նախատեսվում է քանդել նաեւ շրջակա մի քանի շենքեր եւս։ «Իրականում դրա համար ուրախ են նաեւ այդ շենքերի բնակիչները։ Նրանք երկար տարիներ երազել են իրենց շենքերը քանդելու մասին, որովհետեւ անձրեւաջրերը տարիներով լցվում են նրանց տները։ Նրանք բոլորն անհամբեր սպասում են շենքի քանդմանը, այնինչ հարցի շուրջ անհարկի աժիոտաժ է սկսվել։ Ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է։ Այնպես որ մենք գոհ ենք մեր հետագա ճակատագրից»։
Վերջում «Երեխայի զարգացման կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Գալստյանը նշեց, որ մոտակա Կենտրոն վարչական շրջանի իրենց սաներին մանկապարտեզի նոր շենք կտեղափոխի հատուկ այդ նպատակով վարձակալված մեկ միկրոավտոբուս։

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մամուլում հերքել էր իր առնչությունն այդ տարածքի սեփականաշնորհմանը:

Հոկտեմբեր 21, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր