

ԷկոԼուր
Կապանը թակարդում է: Քաղաքն ամեն կողմից շրջափակված է տարբեր դասի վտանգավորության օբյեկտներով: Առաջին հերթին դա Կապանի կոմբինատի ապարներն են, որոնք տեղաբաշխվում են քաղաքի տարածքում: (Տես լուսանկարները)
Երկրորդը Գեղանուշի պոչամբարն է: Նրա շահագործման ժամկետը նախատեսված է 15 տարվա համար` ընդ որում տարեկան մինչեւ 600 000 տոննա վերամշակվող հանքանյութի արտադրական ծավալով: Բաց շահագործման դեպքում ենթադրվում է 2-ից 25 անգամ մեծացնել արտադրական հզորությունը: Որտե՞ղ պետք է թափվեն պոչերը: Ոչ Կապանում, ոչ նրա շրջակայքում պոչերի համար տեղ չկա:
Երրորդը Արծվանիկի պոչամբարն է: Պոչամբարը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, սակայն գտնվում է Կապանի հարեւանությամբ: Պոչամբարում արդեն լցված է 150 միլիոն խորհանարդ մետր պոչ, եւ այն շարունակում է լցվել: Կապան-Քաջարան մայրուղու կողքին տեղակայված են Զանգեզուրի կոմբինատի եւս երկու փակ պոչամբարներ: Ռեկուլտիվացիոն շերտը շատ բարակ է, եւ պոչերը` ծանր մետաղների փնջերով, աստիճանաբար շրջակա միջավայր են դուրս գալիս:
Կապանի միջով անցնում է Ողջի գետը, որն իր ճանապարհին ընդունում է պոչերով եւ ապարներով խառնված ջրեր: Կապանի տարածքում այդ գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է:
Ամենուր, թվարկված բոլոր օբյեկտներում, կան եւ ծանր մետաղների, եւ տոքսիկ տարրերի փնջեր: Դրանք չեն վերանում, չեն լուծվում, չեն քայքայվում, այլ կուտակվում են հողում, տեղափոխվում են ջրի միջոցով, ապարների փոշու հետ նստում են: Վերջ ի վերջո, դրանք սնունդի եւ ջրի հետ հայտնվում են մարդու օրգանիզմում: Առաջացնում են գենետիկական մուտացիաներ, ախտահարում են իմունային եւ վերարտադրողական համակարգերը, ոսկրային հյուսվածքները:
Եւս մեկ վտանգ` ճառագայթում: Կապանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա արդեն սկսվել են ուրանի պաշարների հետախուզման, հորատման աշխատանքները: Բացի այդ, ինչպես հայտնի է, բազմամետաղային հանքավայրերը պարունակում են ոսկի եւ արծաթ, պարունակում են նաեւ ռադիոնուկլիդներ եւ ունեն ճառագայթման բարձր մակարդակ: Նման հանքավայրերի բաց շահագործումն անպայման կբերի ամբողջ Կապանում ռադիացիոն ֆոնի բարձրացման:
Իսկ մեզ մոտ բացակայում է վատ էկոլոգիայի պատճառով առաջացող վնասներից սոցիալական պաշտպանության համակարգը: Չկա վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության պրոֆիլակտիկա: Էլ ինչ խոսենք Կապանի ողջ բնակչության, մոտակա գյուղերի բնակիչների պաշտպանության մասին, երբ բաց շահագործման արդյունքում նրանց վրա կհասնի էկոլոգիական հարվածը:
Հունվար 21, 2011
