

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը` Վիշապների այգում բազմահարկ շենքի կառուցման օգտին ստորագրությունների կեղծման մասին, անհիմն է: Հաղորդագրության մեջ ասված է. «նախարարությունը դեկտեմբերի 8-ին և 18-ին նախաձեռնողի և ազդակիր համայնքի կողմից, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4 մասի, հրավիրված հասարակական լսումների կազմակերպմանը չի մասնակցել և եթե կեղծիքներ են եղել, դրա համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում»:
Միեւնույն ժամանակ նշենք, որ Aysor.am տեղեկատվական կայքի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գևորգյանը հաստատում է, որ փորձաքննության ներկայացուցիչները մասնակցել են 2010թ. դեկտեմբերի 8-ի լսումներին, բայց հերքում է ներկայացուցչի մասնակցությունը դեկտեմբերի 18-ի լսումներին: «ԷկոԼուր»-ի տվյալներով` նախարարության ներկայացուցիչը Վիշպների այգու հարեւանությամբ ապրող բնակիչների, հասարակական կազմակերպությունների, «Ժառանգություն» քաղաքական կուսակցության և Կանաչների կուսակցության հետ միասին մասնակցել է դեկտեմբերի 18-ի լսումներին:
Մարտ 14, 2011
