60-ԱՄՅԱ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ…

60-ԱՄՅԱ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ…

Արմեն Դավթյան, Հետք

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, որը սահմանամերձ է Իրանի Իսլամական Հանրապետությանը, օրերս նշեց իր հիմնադրման 60 ամյակը: Քաղաքապետ Մխիթար Զաքարյանը նշում է, որ քաղաքը ունի իր խնդիրները և դրանց լուծում է պետք տալ:

Ինչքան էլ զարմանալի է, բայց քաղաքն առայսօր չունի որևէ բանկի մասնաճյուղ ու սա այն դեպքում, երբ տարածաշրջանի ֆինանսական շրջանառության 80%-ը ձևավորվում է Ագարակում: Քաղաքապետի խոսքով`  համայնքի ավագանին խնդիր ունի 60-ամյա քաղաքում անհրաժշետ ենթակառուցվածքներ ստեղծել:

«Չունենք ՔԿԱ/ԶԱՍ/-ի, կադաստրի բաժանմունք, նոտարական գրասենյակ: Ագարկացին ստիպված հասնում է Մեղրի: Միայն սոցիալական ծառայություն հասնելու համար թոշակառուն, խոցելի խավերը ստիպված են 11 կմ կտրել: Նպաստ ստանալու համար անհրաժշետ է Մեղրի հասնել»,- ասում է զրուցակիցս:

Սակայն քաղաքապետը լավատես է, ու արդեն նախադրյալներ տեսնում է առաջընթացի համար: Նրա կարծիքով` Ագարակը երիտասարդների քաղաք է, ու պիտի ուշադրություն դարձնեն սպորտային կյանքին: Սակայն, նախկին ղեկավարները վաճառել կամ սեփականաշնորհել են մարզադահլիճներն ու մարզագույքը: Հիմնական աշխատատեղերն այստեղ ապահովում է Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատը, սակայն այլընտրանքային աշխատատեղեր են անհրաժեշտ:

«Վերջերս 550 մարդ կրճատվեց կոմբինատում ու զբաղվածության խնդիրը ավելի սրվեց»,- ասում է Մ. Զաքարյանը,- ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին 1 հա հող է հատկացվել` պահածոների գործարան կառուցելու համար: Մոտ 1 մլն դոլար ներդրում կարվի, որից հետո 70 աշխատեղ կստեղծվի: Արդեն եկող տարի գործարանը բերք է մթերելու»:

Ագարակի կոմբինատը տարեկան 6 մլն դրամ գույքահարկ պիտի վճարի, սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակից պարտքը կուտակվել է, ու դժվարություններ կան համայնքային բյուջեի կատարման հարցում: Բացի նշվածից, նախկին տարիներին կոմբինատը դրամական օգնություն էր տրամադրում քաղաքային բյուջեին, որը նույնպես կրճատվել է:

Կոմբինատի ֆինանսավորմամբ կառուցվել է փրկարար ծառայության շենքն ու արդեն մեկ ամիս է, ինչ Ագարակն ունի հրշեջ ծառայություն: Նախկինում արտակարգ պատահարների ժամանակ հրշեջները ժամանում  էին Մեղրիից: Առայժմ Մեղրի հրշեջ ջոկատի Ագարակի հենակետն ունի մեկ մեքենա, մեկ մարտական հաշվարկ, սակայն առաջիկայում կունենա 24 աշխատող, որտեղ հիմնականում աշխատելու են կոմբինատից կրճատված երիտասարդները: Ագարակի հենակետը կսպասարկի նաեւ շրջակա բնակավայրերը:

Ագարակում հոգսերը շատ են, ու համանքի ղեկավարի հավաստամամբ` տարիներ ընթացքում դրանք լուծում կստանան:

Նոյեմբեր 11, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր