

ԷկոԼուր
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կարծիքով Ամուլսարի հանքավայրի շահագործումը չի խանգարի Ջերմուկի զարգացմանը: «Ես ժամանակին դեմ էի, որպեսզի այդ հանքը շահագործվեր, սակայն նախնական այս պահին դա չի խանգարում մեր քաղաքի զարգացմանը»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Ջերմուկի քաղաքապետը՝ ընդգծելով, որ եթե հանքավայրի շահագործման ընթացքում ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեն, այն չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը Ջերմուկ առողջարանային քաղաքից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Այն պատրաստվում է շահագործել «Lydian International» ընկերությունը ի դեմս իր դուստր ընկերության` «Գեոթիմի»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Գեոթիմ»-ը ներկայումս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում հիմնանորոգում է Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է: 26 միլիոն դրամ էլ ընկերությունը փոխանցել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:
Հոկտեմբեր 07, 2013 at 14:36
