ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ` ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ԳԵՏԱՌ ԳԵՏԻ ՋՐԱՀՈՍՔԻ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄԸ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՄԵՂԱՎՈՐ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ` ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ԳԵՏԱՌ ԳԵՏԻ ՋՐԱՀՈՍՔԻ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄԸ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՄԵՂԱՎՈՐ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

Արդյո՞ք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման եւ փոփոխության արդյունքում կօրինականացվեն անօրինական օբյեկտերը: «ԷկոԼուր»-ն այս հարցն ուղղեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին` ապրիլի 13-ի քննարկման ընթացքում:

Հասարակությունը Երեւանի գլխավոր հատակագծի փոփոխման բացասական փորձ արդեն ունի: Հիշեցնենք, որ 2005-2006թթ. նոր գլխավոր հատակագծում փոփոխություններ արվեցին, որոնց համաձայն` Նորքի անտառային գոտու անօրինական շինությունները եւ Հաղթանակի զբոսայգում կառուցված «Golden Palace» հյուրանոցային համալիրը ներառվեցին գլխավոր հատակագծի մեջ եւ, այդպիսով, օրինականացվեցին:  Իրականում օրինական լինելը խաբուսիկ է, քանի որ հենց սկզբից այդ օբյեկտների կառուցումը կատարվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, չէին ներկայացվել փաստաթղթեր, եւ չէր տրամադրվել պետական բնապահպանական փորձաքննության եզրակացություն:   Նմանատիպ իրավիճակ այժմ Գետառ գետի հետ է, որն ամփոփել է բետոնե խողովակի մեջ` նախորդ օբյեկտների նման առանց փաստաթղթերի տրամադրման, առանց եզրակացության ստացման:

Սամվել Դանիելյանի խոսքերով` գլխավոր հատակագիծը նման խնդիրներ չի քննարկում: «Պետության կողմից սահմանված կարգ գոյություն ունի, որով այս կամ այն օբյեկտները ենթական են այս կամ այն տիպի փորձաքննության: Ձեր թվարկած օբյեկտները` մասնավորապես Գետառը, էդպիսի քննարկումներն անցել է եւ համայնքների գոտիավորման նախագծի ժամանակ, եւ բացի դրանից մենք նույնիսկ ունեցել ենք դրա նախագծի ժամանակ բնապահպանության նախարարության տեսչության գրությունը, որ Գետառի այդ հատվածի (նկատի ունի բետոնապատված հատվածը) նախագիծը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության»,- ասաց Սամվել Դանիելյանը:

«ԷկոԼուր»-ի այն դիտողությանը, թե տեսչությունն իրավունք չունի նման եզրակացություն տալու, Դանիելյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, կարգ գոյություն ունի, այդ դեպքում պետք է համապատասխան կազմակերպություններն այդպիսի գրություններ եւ այդպիսի իրավունքներ չվերցնեն իրենց վրա»:

«ԷկոԼուր»-ի մյուս հարցին, որ եթե խոսվում է գլխավոր հատակագծում չնչին փոփոխությունների մասին, ապա ինչի վրա է ծախսվելու 100 միլիոն դրամը, որը ենթադրվում է պետական բյուջեից տրամադրել  այդ փոփոխությունների համար, Դանիելյանը պատասխանեց. «Չնչին աշխատանքը ծավալով չի որոշվում, կարելի է մի շատ փոքր խնդիր լինի, բայց մեծ ուսումնասիրությունների խնդիր առաջանա: Տրանսպորտային խնդիների հետ կապված հարցեր կան ուսումնասիրելու: Այդտեղ ամբողջ տրանսպորտային համակարգի ուսումնասիրության խնդիր կա` կապված տրանսպորտային հոսքերի հետ, հազար ու մի բաների հետ»:

Ապրիլ 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր