4 նոր արևային կայան՝ Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում

4 նոր արևային կայան՝ Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում նախատեսվում է կառուցել 4 նոր արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

Դրանցից երկուսը՝ «Արմավիր 1» և «Արմավիր 2» կայանները, մտադիր է կառուցել «Ար-Սոլար» ՍՊԸ-ն։ Արևային կայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային երկրորդ քննարկումները նշանակված են սույն թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Լեռնագոգ բնակավայրի դպրոցում։ Կայանների կառուցման հայտերը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակված չեն։

Եվս 2 արևային կայան՝  «Լեռնագոգ 1» և «Լեռնագոգ 2», նախատեսում է կառուցել «Լեռ Սոլար» ՍՊԸ-ն։  Արևային կայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային երկրորդ քննարկումները նշանակված են սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին և 11։30-ին, Լեռնագոգ բնակավայրի դպրոցում։

6․6 ՄՎտ հզորությամբ «Լեռնագոգ 1» կայանի կառուցումն իրականացվելու է Լեռնագոգ բնակավայրի 2 հողամասում՝ 8․15472 հեկտար տարածքի վրա։ Շահագործումը նախատեսված է մինչև 2045 թվականի մայիսի 27-ը։ Կայանում կտեղադրվեն 12480 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներ։

6․6 ՄՎտ հզորությամբ «Լեռնագոգ 2» կայանի կառուցումը իրականացվելու է Լեռնագոգ բնակավայրի 8.04752 հեկտար տարածքի վրա։ Շահագործումը կրկին մինչև 2045 թվականի մայիսի 27-ը։ Այստեղ ևս կտեղադրվի 12480 հատ ֆոտովոլտային վահանակ։

Ըստ հայտերի՝ կայանների կառուցման համար նախատեսված հողերն ունեն էներգետիկ նշանակություն, համայնքի և բնակավայրի բնակիչների կողմից չեն օգտագործվել ոչ գյուղատնտեսական նպատակներով, ոչ էլ որպես արոտավայր։

Ըստ նախագծողների․ «Արևային մոդուլներով զբաղեցված տարածքում ստեղծվելու է նոր էկոհամակարգ, առաջանալու են ստվերային տարածքներ, առաջանալու է հողի խոնավության նոր ռեժիմ, նկատի ունենալով թվարկված փոփոխությունները, հնարավոր են հողի որակի առավել դրական փոփոխություններ»։

Շինարարության փուլում նախատեսված է յուրաքանչյուր կայանում ներգրավել 20-ական մարդ, իսկ շահագործման փուլում յուրաքանչյուր կայան կունենա 4-6 աշխատակից։

Նշված է, որ ընկերության կողմից արդեն կատարվել են ներդրումներ Լեռնագոգ համայնքային բյուջե՝ 165 միլիոն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր կայանի ծրագրի համար։ Ըստ հայտերի՝ այդ գումարներն ուղղվելու են համայնքի և Լեռնագոգ բնակավայրի ճանապարհների և ոռոգման համակարգերի վերազինմանը և վերանորոգմանը։

Իսկ արևային պանելներից առաջացող վտանգավոր թափոնների կառավարման հարցում մոտեցումը հետևյալն է՝ քանի դեռ ՀՀ-ում չկա հստակ լուծումներ և ռազմավարություն, արևային կայանների վահանակներն ընկերությունը նախատեսում է վերանորոգել կամ կրկնակի օգտագործել վթարված մասերը, վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների, հանձնել էլեկտրական սարքավորումներ հավաքող կազմակերպություններին, թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները։

Հիշեցնենք, որ բացի նշված 4 կայանների հայտերից, Լեռնագոգում արևային կայանների ևս 2 կայանի հայտ էր ներկայացրել «Սան Սոլար» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրը կրկին 6․6 ՄՎտ հզորությամբ։

Այսպիսով, հայտերի դրական եզրակացություն ստանալու դեպքում Արմավիրի մարզում կկառուցվի 6 նոր արևային կայան՝ ընդհանուր 39․6 Մվտ հզորությամբ։

Նոյեմբեր 02, 2023 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր