Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվել է ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ընթացքը։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից։

Հանդիպումը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի և Մարտունու համայնքապետարանների զարգացման ծրագրերի և ներդրումների բաժինների և ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչներ։

«Մեր առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները», - նշեց ծրագրի պատասխանատու Վահրամ Ջալալյանը։

Նա ասաց, որ ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը։

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը առաջնահերթություն է սահմանում մարզերում սուբվենցիաների բաշխման ժամանակ շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղվող ծախսերի համար: Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին՝ խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք ողջ Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Ծրագիրն աջակցում է նաև համայնքներում էներգետիկ կառավարման համակարգերի ներդրմանն ու էներգետիկ կառավարիչների ինստիտուտի կայացմանը։

Վահան Զարոյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և մարզի համայնքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապահովեն բավարար համագործակցություն ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հետ՝ ընդլայնելով նրա իրականացման ծավալներն ու շրջանակները մարզում։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Մարտ 05, 2024 at 11:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր