Կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների տեղայնացումը համայնքներում․ քննարկում պետական մարմինների հետ «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների տեղայնացումը համայնքներում․ քննարկում պետական մարմինների հետ «ԷկոԼուր» մամուլի ակումբում

«ԷկոԼուր» մամուլի ակումբում ս․թ․ մարտի 12-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պետական մարմիններին ներկայացրեց Հայաստանի 4 խոշորացված համայնքներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են կլիմայական և էներգետիկ խնդիրներին ու հնարավորություններին։

Ուսումնասիրություններն անցկացվել են Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ համայնքներում։ Ուսումնասիրությունների հիման վրա պատրաստվել է «Համայնքային մակարդակում կլիմայական և էներգետիկայի քաղաքականությունների տեղայնացման վերլուծություն» հաշվետվության նախագիծը, որտեղ վեր են հանված համայնքային կլիմայական և էներգետիկ խնդիրները, ներկայացված են օրենսդրական առաջարկություններ։  

Փաստաթուղթը ներկայացրին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը։

Քննարկմանը մասնակցեցին ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագիր, հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը,  Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ՇՄՆ Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը,  ՇՄՆ Ջրային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լիանա Ալիխանյանը,  ՇՄՆ Մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Ավագյանը, ՇՄՆ Անտառային քաղաքականության վարչության աշխատակից Ալբերտ Բաղդասարյանը, ՇՄՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի մասնագետ Եղիազար Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների վարչության կանաչ տնտեսության բաժնի ավագ մասնագետ Լալիտա Հովսեփյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գյուղատնտեսական ռազմավարական գործընթացների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե Գևորգյանը, Ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության հետաղետային վերականգնման կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Բուդաղյանը, Ներքին գործերի նախարարության Հանրային հաղորդակցության և մոնիթորինգի վարչության աշխատակից Իդա Վարդանյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, փորձագետ Ռոզա  Ջուլհակյանը, վիդեոբլոգեր Քրիստինե Տեր-Մաթևոսյանը և լրագրող Մոնիկա Երիցյանը։

«Չորս համայնք ենք ընտրել, որոնք առանձնանում են կլիմայական տեսանկյունից։ Դիլիջանը՝ իր անտառով և կենսաբազմազանությամբ։ Թալինում զարգանում է արևային էներգետիկան և կառուցվում ամենամեծ արևային կայանը՝ «Այգ 1»-ը։ Փամբակը՝ որպես անտառամերձ համայնք: Եղեգիս համայնքը կրում է ՓՀԷԿ-երի ազդեցությունը․ 17 ՓՀԷԿ՝ Եղեգիս գետի վրա, որի ծանրաբեռնվածությունը խողովակներով 40 տոկոսից ավելի է։ Մենք այցելել ենք համայնքներ, կազմակերպել կլոր սեղաններ վարչական աշխատակազմի և բնակիչների հետ՝ բացահայտելու իրենց կարիքները և առաջարկելու լուծումներ», - ասաց Ինգա Զարաֆյանը։

«Հայաստանն ունի պարտավորություններ կլիմայի փոփոխության ներքո, մասնավորապես, Փարիզյան համաձայնագրով։ Կա հոդված, որով շատ կարևորվում է, որ երկրի պարտավորությունները կարող են իրականացվել անպայմանորեն համայնքների և ՏԻՄ-երի հետ միասին։ Մենք աշխատում ենք համայնքների հետ և տեսնում ենք, որ համայնքներում չեն կարողանում ճիշտ պաշտպանել իրենց շահերը և օգտվել այն հնարավորություններից, որոնք ներկայացնում է դոնոր համայնքը։ Այստեղ շատ կարևոր է, որ այն ծրագրերը, որոնք իրականացվում են որպես կլիմայական քաղաքականության բաղադրիչներ, կարողանան լիարժեք պաշտպանել համայնքների շահերը, իրավունքները և ապահովեն ներգրավվածություն։ Շատ կարևոր է, որ այն գիտելիքը, որը տարածվում է այս ծրագրով չորս համայնքներում, լինի շարունակական», - ասաց Դիանա Հարությունյանը։

Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկությունները փաստաթղթի վերաբերյալ։ Ինգա Զարաֆյանը նշեց, որ փաստաթուղթը կլրամշակվի, կներկայացվի թիրախ համայնքներում և վերջնարդյունքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

Նշենք, որ փաստաթուղթը քննարկվել էր նաև անկախ մասնագետների հետ։

«Համայնքային մակարդակում կլիմայական և էներգետիկայի քաղաքականությունների տեղայնացման վերլուծություն» հաշվետվության նախագիծը, օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները մշակվել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։

Մարտ 18, 2024 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր