2024թ․ մարտի 21-ին՝ Անտառների միջազգային օրը, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Մենք ենք, մեր անտառները» խորագրով ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացումը: Նպատակն է խրախուսել հայալեզու ազդագրերի ստեղծումը և հնարավորություն ընձեռել արվեստագետներին անդրադառնալ համընդհանուր մարտահրավերներին, բարձրացնել անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին հանրության իրազեկվածության մակարդակը:
Ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանում և Սփյուռքում բնակվող ու ստեղծագործող 15 հայ արվեստագետի աշխատանք:
Ցուցահանդեսին ներկա ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը նշեց. «Գլոբալ տաքացմանը զուգահեռ պետք է իրականացնենք կարևոր գործառույթներ՝ փորձելով դիմագրավել մարտահրավերներին: Դրանց դիմագրավելու ամենից մեծ գործիքն անտառապատումն է: Այս իրազեկման միջոցառմամբ փորձում ենք բարձրացնել քաղաքացիների գիտակցությունը, բարձրաձայնել անտառների կարևորության մասին և անդրադառնալ առկա խնդիրներին»:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են հանրության ուշադրությունն անտառների խնդիրներին ուղղելու տեսանկյունից: «Անտառները կարևոր են մարդկանց առողջության համար օդի աղտոտվածության, ջրային ռեսուրսների կորուստները նվազեցնելու և հողի դեգրադացիայի իմաստով: ՀՀ կառավարությունը կարևորում է անտառների պահպանությունը: Տարբեր միջոցառումներ ենք իրականացնում անտառների պահպանության և նոր անտառածածկ տարածքների հիմնման համար»,- նշեց նա: Նախարարը նշեց, որ Հայաստանում անտառների տարածքների գույքագրում վերջին անգամ 1993թ. է իրականացվել՝ շեշտելով նոր գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը:
Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի 2021-2030թթ. ազգային մակարդակով սահմանված գործողություններով (Կառավարության 22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ որոշում) նախատեսվում է հանրապետության անտառածածկը հասցնել 12.9 %-ի, այն է՝ մինչև 2030 թվականը անտառածածկն ավելացնել 50,000 հա-ով։ ԷկոԼուրի հարցին, թե մինչ օրս իրականացված անտառապատումների ֆոնին, արդյոք հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին՝ Հակոբ Սիմիդյանն արձագանքեց. «2024թ. և հաջորդող տարիների համար պետական միջոցների հաշվին նոր անտառածածկ տարածքների հիմնման չափաբաժինը մեծացնում ենք: Բայց միայն պետական միջոցներով տեմպը չի բավարարի: Փորձում ենք տեմպը ոչ թե կրկնապատկել, այլ՝ քառապատկել: Դրա համար մենք հիմա համագործակցում ենք միջազգային գործընկերների ու տեղական ՀԿ-ների հետ: Նպատակ ունենք անտառածածկ տարածքների հիմնման աշխատանքներում ներգրավել նաև բիզնեսին»:
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը նշեց, որ անտառները ջրի և սննդի հայթայթման կարևորագույն աղբյուր են: «Խմելու ջրի 75%-ն անտառից է գալիս, մեր սնունդը բնությունից է գալիս, անտառը կլիմայի կարգավորման համար մեծ նշանակություն ունի: Մեր անտառները մեր ապագան են, առանց անտառների անկախություն չի կարող լինել, որովհետև չի լինի ջուր, սնունդ»,- ասաց նա:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը կարևորեց պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների միջև համագործակցությունը: «Մեզ համար առաջնահերթ է եղած անտառների պահպանությունը: Աշխատելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ՝ մենք նպաստում ենք հատուկ պահպանվող տարածքների զարգացմանն ու նորերի ստեղծմանը»,- ընդգծեց նա:
«Էյ-Թի-Փի» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը նշեց, որ նման հանրային իրազեկման արշավները շատ կարևոր են: Խոսելով հիմնադրամի առաքելության մասին՝ նա ասաց. «Մենք փորձում ենք դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա մեր անտառտնկումներով, կանաչապատման աշխատանքներով ու բնապահպանական դասընթացներով»:
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացված ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի երկու ամիս:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Մարտ 22, 2024 at 15:38