2023թ. կլիմայի փոփոխության ցուցանիշների նոր ռեկորդները՝ ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության

2023թ. կլիմայի փոփոխության ցուցանիշների նոր ռեկորդները՝ ըստ   Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի կլիմայի փոփոխության ցուցանիշների գրանցած նոր ռեկորդները, որոնք ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 Զեկույցը հաստատել է, որ 2023 թվականը եղել է ամենատաք տարին՝ գլոբալ միջին ջերմաստիճանը 1․45°C-ով բարձր է եղել նախաարդյունաբերական ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանից: Ինչպես նաև ունեցել ենք ամենատաք տասնամյակը:

 «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել, կլիմայի փոփոխության Փարիզի համաձայնագրի 1․5°C-ի աճի ոչ ցանկալի սահմանին», - ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

Գրանցվել են օվկիանոսի ջրի ջերմության և ծովի մակարդակի բարձրացման նոր ռեկորդներ, ինչպես նաև Անտարկտիդայի սառցադաշտերի և լեռնային սառցադաշտերի նահանջի նոր ռեկորդներ։ Էքստրեմալ եղանակը խաթարում է սոցիալ-տնտեսական զարգացումը։ Անցումը վերականգնվող էներգիային հույս է ներշնչում։ Կլիմայական անգործության արժեքն ավելի բարձր է, քան կլիմայական գործողությունների համար պահանջվող ծախսերը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցը ցույց է տալիս, որ ջերմոցային գազերի մակարդակի, օդի ջերմաստիճանի, օվկիանոսի ջրի ջերմության և թթվայնացման, ծովի մակարդակի բարձրացման, Անտարկտիդայի ծովի սառույցի և սառցադաշտերի նահանջի նախկին ռեկորդները գերազանցվել են 2023 թվականին:

Ջերմային ալիքները, ջրհեղեղները, երաշտները, անտառային հրդեհները և արագորեն ուժգնացող արևադարձային ցիկլոնները հսկայական ավերածություններ են առաջացրել՝ խարխլելով միլիոնավոր մարդկանց ամենօրյա կյանքը և պատճառելով միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստներ:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կարմիր ահազանգ է հնչեցնում աշխարհին:

«Կլիմայի փոփոխությունը շատ ավելին է, քան ջերմաստիճանը: Այն, ինչին մենք ականատես եղանք 2023 թվականին, հատկապես օվկիանոսի աննախադեպ ջերմացման, սառցադաշտերի նահանջի և Անտարկտիդայի ծովի սառույցի կորստի հետ կապված, առանձնահատուկ անհանգստության տեղիք է տալիս», - ասել է Սելեստե Սաուլոն:

2023 թվականին օվկիանոսի գրեթե մեկ երրորդը ազդեցություն է կրել ծովային ջերմային ալիքներից՝ հանգեցնելով կենսական էկոհամակարգերի և սննդի համակարգերի վնասի: Ըստ նախնական տվյալների, սառցադաշտերը կրել են սառույցի ամենամեծ կորուստը (1950 թվականից ի վեր), որը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում և Եվրոպայում դրանց ինտենսիվ հալքով։ Անտարկտիդայի ծովի սառույցի մակերեսը նվազագույնի է հասել պատմության ընթացքում։

«Կլիմայական ճգնաժամը որոշիչ մարտահրավեր է, որին բախվում է մարդկությունը և սերտորեն փոխկապակցված է տնտեսական անհավասարության ճգնաժամի հետ, ինչի վկայությունն է աճող պարենային անապահովությունը, բնակչության տեղահանումը և կենսաբազմազանության կորուստը», - Սելեստե Սաուլոնի խոսքերը մեջբերում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մարտ 21, 2024 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր