2024թ. մարտի 15-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Հնգամյա ծրագիրը կիրականացվի 2024-2028թթ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տրամադրած 3,598,631 ԱՄՆ դոլար դրամաշնորհային բյուջեով:
Ծրագրի շահառու են ընտրվել Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ թիրախային համայնքները: Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը, հասցեագրելով կենսաբազմազանության կորստի ուղղակի գործոնները, հողերի դեգրադացիայի նվազեցումը՝ կիրառելով կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման մեթոդներ։ Այս միջոցառումները կօգնեն Հայաստանին կատարել Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։
Ծրագրի շրջանակում կփորձարկվեն և ազգային գործընկերների մասնակցությամբ կներդրվեն ագրո-բնապահպանական վճարների նոր սխեմա և հողերի դեգրադացիայի չեզոքությանը հասնելու այլ միջոցառումներ: Ծրագիրը կենտրոնանալու է համայնքների վրա՝ շուրջ 68,000 մարդ կլինի ուղղակի շահառու, կխրախուսի կայուն գյուղատնտեսության վարումը, կնպաստի որսագողության նվազեցմանը, կաջակցի էկոհամակարգերի կապակցվածությանն ու էկոմիջանցքների պահպանմանը, կխթանի էկոտուրիզմի զարգացումը։ Ծրագրով նախատեսվում է հզորացնել «Սևան» ազգային պարկի կառավարման կարողություններն ու Անտառային պետական կոմիտեի հետ համակարգմամբ վերականգնել 2,200 հա դեգրադացված անտառային հողատարածք։
Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից: Առաջին բաղադրիչով կիրականացվի Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության (ՀԴՉ) խթանում՝ արտադրողականության և էկոլոգիական լանդշաֆտի դիմադրողականության ապահովման համար: Բաղադրիչը կաջակցի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին սահմանել ՀԴՉ թիրախներ, նպաստելով «Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի որոշմամբ սահմանված ազգային նպատակի իրականացմանը: Կենտրոնանալով Սևանա լճի ավազանի լանդշաֆտում ՀԴՉ և դրան նպաստող մոտեցումների խթանմանն ուղղված միջոցառումների վրա, հողօգտագործման ինտեգրված պլանավորման միջոցով կհամալրվի ՀԴՉ միտված ջանքերը, որը կնպաստի ՀԴՉ-ին և կբարելավի հիմնական կենսաբազմազանության ինտեգրումը՝ ներառելով շուրջ 165,800 հա լանդշաֆտ:
Երկրորդ բաղադրիչով կիրականացվի Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունների չվատթարացման նպատակով կենսաբազմազանության և դրա համար պահանջվող կարևոր կենսամիջավայրերի պահպանություն: Այս բաղադրիչը էապես կկենտրոնանա «Սևան» ազգային պարկի հիմնական տեսակների և արժեքավոր կենսամիջավայրերի էկոլոգիական ամբողջականության ապահովման վրա, պահպանվող տարածքը շրջապատող արտադրական լանդշաֆտի կենսաբազմազանության արժեքների վրա և կնպաստի դրանց ինտեգրմանը՝ աջակցելով էկոհամակարգային հիմնական ծառայություններին, որոնցից կախված է տեղաբնակների ապրուստը:
Երրորդ բաղադրիչով պահպանվող տարածքների, կարևոր կենսաբազմազանության և թռչնաբանական տարածքների շրջակայքում և Փոքր Կովկասի էկոմիջանցքին հարող տարածքներում Ծրագիրը կաջակցի բնապահպանական լուծումներին՝ առաջարկելով ֆինանսական խթաններ կենսաբազմազանության պահպանմամբ հողերի կայուն կառավարման մեթոդներով հասնելու ՀԴՉ-ի։
Չորրորդ բաղադրիչով կբարձրացվի իրազեկվածությունը, կիրականացվեն կրթական միջոցառումներ, որոնք միտված են մարդկանց վարքագծի փոփոխությանը, ՀԴՉ-ին նպաստող հողօգտագործման կայուն կառավարման միջոցառումների և կենսաբազմազանության արժեքների աջակցության վերաբերյալ գիտելիքի և առաջադեմ փորձի փոխանակմանը:
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Մարտ 21, 2024 at 17:53